«Հրապարակ». Մեզ մոտ բացառապես հայկական գործեր են բեմադրվում

«Հրապարակ». Մեզ մոտ բացառապես հայկական գործեր են բեմադրվում

Sat, 16 May 2026 12:15:39 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Բյուրականի ՀանդԱրտ այգի թատրոնի հիմնադիր, ռեժիսոր, դերասան Տիգրան Գյուլումյանն է:

– Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի երբ եկավ ՀանդԱրտ` «Ցանկապատ» ներկայացումը դիտելու, բավականին մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա լեզվակռվի մեջ մտավ դերասանների հետ, սկսեց բացատրել, որ սխալ է բեմադրված Ստեփան Զորյանի այդ գործը, ու նկարագրում էր, թե ինչպես պետք է բեմադրվեր: Դրանից հետո ներկայացումն ի՞նչ ճակատագրի արժանացավ: Բեմադրվո՞ւմ է մինչ օրս:

– Այո, այն մինչ օրս բեմադրվում է: Ինչպես որ չորս տարի առաջ բեմադրվեց ներկայացումը, այնպես էլ մինչ այս պահը նույն ինտենսիվությամբ շարունակվում է: Մեզ մոտ՝ ՀանդԱրտ-ում, բացառապես հայկական գործեր են բեմադրվում: Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին», Հովհաննես Թումանյանի պատմվածքները ու էլի տարբեր դասականների ստեղծագործություններ: Մեր ուղղվածությունն այդպիսինն է: Մեզ մոտ չի կարող ոչ հայկական ստեղծագործություն բեմադրվել: Հայ ժամանակակիցների գործերը եւս մեր թատրոնում բեմադրվում են: ՀանդԱրտ-ում բոլոր ներկայացումները պետք է լինեն հայի, հայի հոգեվիճակի, ապրումների, սիրո, կորուստների, վախերի ու ձեռքբերումների մասին:

– Ինչո՞ւ որոշեցիք, որ պարտադիր միայն հայկական գործեր պետք է բեմադրվեն:

– Մենք ապրում ենք Հայաստանում, իսկ թատրոնը հանդիսատեսի հետ երկխոսություն է: Իմ կարծիքով` թատրոնը պետք է իր երկրի քաղաքացիներին հարցադրումներ անի: Մենք` հայերս, ունենք մեր խնդիրները, մեր տխրության պահերը: Մեր թատրոնի ձեւաչափը` սարեր, գյուղ, դժվար թե գերմանական կամ ամերիկյան պիեսներ ենթադրի:

– Պետական թատրոնների դերասանները, ռեժիսորները մշտապես դժգոհում են, որ մարդիկ թատրոն չեն գնում, հետաքրքրված չեն արվեստով, սակայն որոշ մասնավոր թատրոններ, այդ թվում` Ձեր թատրոնը, կոտրում է այդ կարծրատիպը, քանի որ տոմսերը բավականին արագ են վաճառվում։ Կարելի է ենթադրել, որ ուղղակի պետական թատրոններն ինչ-որ բան ճիշտ չեն անում եւ հանդիսատեսին վանում են: Օրինակ` մարդիկ 2 հազար դրամով Սունդուկյան թատրոնի տոմս չեն գնում, սակայն 7 հազար դրամ են վճարում եւ գնում են ինչ-որ մասնավոր թատրոն: Սա չի՞ նշանակում, որ մարդիկ իրապես սիրում են թատրոն, պարզապես` հոգեհարազատ թատրոններ:

– Փառք Աստծո, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է: Մեր թատրոնն իր ձեւաչափով տարբերվում է: Երեւանից 35 կմ հեռավորության վրա է` սարերի գրկում: 2025 թվականին 55 հազար հանդիսատես ենք ունեցել: Ըստ վիճակագրության` հանդիսատեսի թվով առաջատարն է եղել:

– Ինչո՞վ եք գրավել հանդիսատեսին:

– Կա մի քանի գործոն: Առաջին հերթին մեր հաջողությունը կապված է դրամատուրգիայի հետ: Ամենակարեւոր բանն այն է, թե ներկայացումը որքանով է ակտուալ եւ որքանով է հետաքրքրում ժամանակակից մարդուն: Մեզ մոտ չկան պայմանականություններ, ամեն բան ռեալ է: Եթե պետք է՝ մեզ մոտ հաճախում են ձիերով, եթե պետք է՝ հաճախում են ավտոմեքենաներով: Մեր թատրոնը թատրոնի եւ կինոյի միքս է: Օրինակ, Թումանյանի «Լոռեցի Սաքոն» բեմադրում ենք գիշերային ժամերին, որպեսզի բնական մթություն լինի, իսկ Սաքոյի գիշերային տեսիլքներն ու վախերը ճիշտ արտացոլվեն:

– Վերջերս հումորիստներ Անդոն եւ Ռաֆոն սուր քննադատության արժանացան, քանի որ հայտնվել էին իշխանական քարոզարշավում: Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ դերասանները փորձում են իշխանություններին բացահայտ աջակցություն ցուցաբերել:

– Ես իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել: Ես քաղաքականությամբ հետաքրքրված չեմ, եւ քաղաքական հարցերն ինձ չեն հուզում: Բայց, որպես քաղաքացի, ինձ հուզում է, թե որտեղ եմ ապրում ու ինչ պայմաններում: Դրանք առանձին իմ մտորումներն են, սակայն ես անձամբ քաղաքականության մեջ անելիք չունեմ: Եթե ես չեմ կարող ինչ-որ բան փոխել, դա նշանակում է, որ ես այդտեղ խառնվելու առիթ չունեմ: Իսկ թե ինչու են իմ ընկերները երբեմն խառնվում քաղաքականությանը, դա էլ իրենց խնդիրն է: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ոչ էլ արդարացնում եմ:

– Դուք նշեցիք, որ Ձեր ղեկավարած թատրոնն առանձնակի կարեւորություն է տալիս հայկականությանը, սակայն այժմ հենց հայկականությունն է վտանգի տակ: Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղը երբեք չի եղել հայկական տարածք, որ Ղարաբաղյան շարժումը սխալ է եղել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն իր համար առաջնահերթություն չէ, խոստանում է, որ վերընտրվելուն պես Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր պայքար է սկսելու: Արդյո՞ք այս հարցերի մասին մտածելը նշանակում է քաղաքականությամբ զբաղվել: Մի՞թե այս հարցերը Ձեզ չեն մտահոգում:

– Որպես ստեղծագործող, մեր ստեղծագործական թիմով բոլոր մեզ հուզող հարցադրումները ստեղծագործությունների միջոցով բարձրաձայնում ենք:

– Իսկ Դուք Ղարաբաղը հայկական համարո՞ւմ եք:

– Այո, համարում եմ միանշանակ, բայց աշխարհաքաղաքական այս իրավիճակում թե ինչու այն որպես առանձին պետական միավոր չընկալվեց, դա բոլորիս համար պարզ է: Չեմ ուզում խորանալ եւ մտնել այդ նրբությունների մեջ:

– Իսկ Ղարաբաղյան շարժումը ճի՞շտ էր, թե՞ սխալ:

– Այս հարցադրումները քաղաքական են: Շատ բաներ սխալ էին, շատ բաներ ճիշտ էին, բայց մեր ժողովուրդը շատ զգայուն է նման հարցերում, հեշտ հավատացող ժողովուրդ է, եւ որոշ մարդիկ, օգտվելով դրանից, փորձեցին պատրանքներ ստեղծել: Իսկ իրականում այդ շարժումները թե որտեղ տարան մեզ` իրավական առումով, դրանք էլ արդեն կնճռոտ հարցեր են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայք Թայսոնը Հայաստանու՞մ է

Մայք Թայսոնը Հայաստանու՞մ է Mon, 15 Jun 2026 14:45:51 +0400 Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ներկայում…

31 րոպե ago

Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան

Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան Mon, 15 Jun 2026 14:32:29…

44 րոպե ago

Սա ուղղակի նախազգուշացում չէ, սա ահազանգ է բոլորիս

Սա ուղղակի նախազգուշացում չէ, սա ահազանգ է բոլորիս Mon, 15 Jun 2026 14:22:09 +0400 Մարդուն՝…

54 րոպե ago

Սա ստեղծում է լուրջ բնապահպանական վտանգ

Սա ստեղծում է լուրջ բնապահպանական վտանգ Mon, 15 Jun 2026 14:15:40 +0400 Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը,…

1 ժամ ago

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Mon, 15…

1 ժամ ago

Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունեցել

Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունեցել Mon, 15 Jun 2026 13:45:26…

2 ժամ ago