«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Sat, 31 Oct 2026 08:45:23 +0400


Նախօրեին խորհրդարանական խառը մարտերի գլխավոր մեղավորը, շատերի արձանագրմամբ` ԱԺ նախագահն էր, որը քայլեր չձեռնարկեց՝ իրավիճակը կարգավորելու համար, եւ չթաքցրեց, որ դա անում է գիտակցված։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահին է վերապահված բնականոն գործունեության ապահովումը, մինչդեռ նա հրապարակավ հրաժարվեց կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները։ «Հարգելի գործընկերներ, ես հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, նիստն էսպես շարունակվելու է։ Դուք կողմնորոշվեք՝ լինելո՞ւ է ծեծկռտուք, թե՞ չի լինելու»,- ասել էր նա, երբ կռիվը նոր-նոր էր մեկնարկում: Մինչդեռ անգամ ընդդիմադիր պատգամավորին խոսքի իրավունքից զրկելու դեպքում սովորաբար անվտանգության աշխատողներ է հրավիրում դահլիճ։ Կռվի օրը նա ակնհայտ անգործություն ցուցաբերեց` անհրաժեշտ քայլեր չձեռնարկելով։
Այս փաստն արձանագրեցին շատերը, առաջիններից մեկը` Էդգար Ղազարյանը, որը գրառում էր արել. «Երկրագնդի 8 մլրդ մարդուց միայն մեկ հոգի է պատասխանատու Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, եւ այդ մարդն Ազգային ժողովի նախագահն է։ Այսօրվա խայտառակ ձախողումից հետո Ռուբեն Ռուբինյանը դեռ երեսը պնդել ու մինչ այս պահը հրաժարական չի ներկայացրել»։ Ապա հարցազրույցներում Ղազարյանը Ռուբինյանին հորդորեց հրաժարական տալ։

Թվում էր, թե ընդդիմադիրները միջադեպից հետո Ռուբեն Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացնեին` իր պարտականությունները գիտակցված չկատարելու համար, սակայն «Ուժեղ Հայաստանում» երեկ հարցն անգամ չէին քննարկել։ Բանն այն է, որ ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու իրավասություն ունի խմբակցությունը եւ նախագիծ էլ կարող է ներկայացնել խմբակցությունը, ոչ թե անհատ պատգամավորները։
Էդգար Ղազարյանը երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց` Ռուբինյանին թիվ մեկ մեղավորը եւ պատասխանատուն է համարում։ Ասաց նաեւ, որ խմբակցությունում անվստահություն հայտնելու հարց չեն քննարկել։ Իսկ դա տարօրինակ չէ՞, երբ խմբակցության պատգամավորներից առնվազն մեկը դիրքորոշում է հայտնել, Ղազարյանն արձագանքեց․ «Դուք մեզ հանձնարարությո՞ւն եք տալիս», ապա հավելեց․ «Երբ մենք որոշումներ ենք կայացնում, հայտնում ենք այդ մասին»։

Նշենք, որ ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու օրինագիծը քննարկվում է այնպես, ինչպես շարքային նախագծերը` նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 14 օրում գլխադասային հանձնաժողովում է քննարկվում: Եթե անգամ ՔՊ-ական մեծամասնությունը մերժի այն, խմբակցությունը նախագիծը կարող է մտցնել լիագումար նիստի օրակարգ: Սակայն օրակարգում ընդգրկվելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկի, ուստի հարցը գուցե չհասնի օրակարգ, սակայն այդ քայլով արդեն գնահատական կտրվի օրենսդիր մարմնի ղեկավարի պահվածքին, աղմուկ կբարձրանա, եւ գուցե սթափեցնի Ռուբինյանին։ Իսկ եթե ընդդիմությունն առաջնորդվում է այն կանխավարկածով, որ բավարար ձայներ չունի՝ նախագիծն օրակարգ մտցնելու համար, եւ չարժե ժամանակ վատնել, ուրեմն չարժեր նաեւ մանդատները վերցնելը, քանի որ իրենք խորհրդարանական մեծամասնություն չունեն եւ ոչինչ միայնակ չեն կարող անցկացնել։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2021-ին «Հայաստան» դաշինքն Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախագիծ շրջանառեց, այն անգամ ԱԺ մշտական հանձնաժողովում չքննարկվեց, սակայն ընդդիմադիրներն աղմուկ բարձրացրին հարցի շուրջ։ Նկատենք, որ պաշտոնյաներն իրավասու են անել միայն այն, ինչ իրենց վերապահված է օրենքով, այդ շրջանակից դուրս քայլեր ձեռնարկելը, ինչպես նաեւ պարտականությունները չկատարելն արդեն հանցագործություն է ու գնահատվում է որպես դիրքի չարաշահում: ԱԺ նախագահի կողմից իր պարտականությունները կատարելուց կամովին հրաժարվելը նույնպես դիրքի չարաշահում է, եւ դատախազությունը պարտավոր է քրեաիրավական գնահատական տալ: Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ գուցե ինքը դատախազություն դիմո՞ւմ ներկայացնի: Ասաց, որ մինչեւ դրան հասնելը մի շարք դիմումներ է պատրաստում` Հայկ Կոնջորյանի եւ Ռուբեն Ռուբինյանի գործողությունների վերաբերյալ: «Հերթով կգնամ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ հերթը նաեւ այս միջադեպին կհասնի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք Sat, 31 Oct 2026 09:45:44 +0400…

9 րոպե ago

Ուժի մեջ են մտնում նոր կարգավորումները

Ուժի մեջ են մտնում նոր կարգավորումները Sat, 31 Oct 2026 09:30:43 +0400 Նոյեմբերի 1-ից փոխվում…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ

«Հրապարակ»․ Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ Sat, 31 Oct 2026 09:25:03 +0400…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Նորմալ պետությունում այդ տեսակը չէր կարող պատգամավոր լինել

«Հրապարակ»․ Նորմալ պետությունում այդ տեսակը չէր կարող պատգամավոր լինել Sat, 31 Oct 2026 09:15:20 +0400…

39 րոպե ago

Պինգ-պոնգի մասնագետը

Պինգ-պոնգի մասնագետը Sat, 31 Oct 2026 09:00:55 +0400 Հակասությունների ու զավեշտի մեջ ենք ապրում: Մեկ…

53 րոպե ago

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է Sat, 31 Oct 2026 08:30:58 +0400 Դեռեւս ամռանը մի…

1 ժամ ago