«Հրապարակ»․ Ես դեռ 2021-ին գրավոր դիմել էի Հայաստանի հոգեբույժների ասոցիացիային
Thu, 21 May 2026 10:45:41 +0400
«Հրապարակի» զրուցակիցը նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ Զարուհի Մուրադյանն է:
– Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի մեկնարկին սրտիկներ էր ցույց տալիս, ամեն առավոտ սեր էր բացատրում ժողովրդին, փորձում էր տպավորություն ստեղծել, թե իր քարոզարշավը բարի նոտայի վրա է: Սկզբում խոսում էր դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելու մասին, խաղաղություն բերելու մասին, սակայն վերջին օրերին մոռացել է այդ ամենը․ սեր եւ հանդուրժողականություն խոստացող վարչապետն անցել է խիստ ագրեսիվ քարոզչության, իր ընդդիմախոսների ու մրցակիցների հասցեին վիրավորանքներ է տեղում, սպառնալիքներ, անեծքներ, չարություն: Ոչ մի խոսք գերիների մասին, ոչ մի արձագանք Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, առհասարակ՝ այն օրակարգային թեմաներին, որոնք իրապես հուզում են ՀՀ քաղաքացուն: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսներին:
– Արցախցի Արտուր Օսիպյանին հարցնում է․ «Ինչո՞ւ ես կենդանի»: Նախ՝ այդ «կենդանի» բառի կիրառումն է սխալ: Մարդուն չպետք է ասես` «ինչո՞ւ ես կենդանի», այլ` «ինչո՞ւ չես մահացել» եւ այլն: Ինչ վերաբերում է բուն այդ արտահայտությանը, ապա դա քրեական հանցագործություն է: Չի կարելի նման հայտարարություններ անել: Փաշինյանը հերթական անգամ փորձում է արցախցիների հանդեպ ատելություն գրգռել: Ես Արտուրին անձամբ ճանաչում եմ, մարդը մոտեցել էր, ընդամենը խնդիրների մասին էր խոսում, թվարկում էր դրանք: Նա մշտապես պայքարել է տեղի օլիգարխիայի եւ այլ այլանդակ դրսեւորումների դեմ: Նա Արցախում բանտարկված է եղել, սակայն մասնակցել է բոլոր պատերազմներին: Նման մարդկանց հետ այդպես խոսելը՝ ես չգիտեմ, թե ինչ ժանրից է: Կա՛մ այս մարդը ներկայանում է որպես հոգեխանգարված, կա՛մ իսկապես հոգեխանգարված է: Նրան պետք է գնահատական տան հոգեբույժները եւ հոգեբանները: 2021 թվականին, երբ այս մարդը, հոգեխանգարվածի նման, մուրճը ձեռքին՝ փողոցներն էր ընկել, ես գրավոր դիմեցի Հայաստանի հոգեբույժների ասոցիացիային: Այս մարդն արդեն որերորդ անգամ հավակնում է երկրի ղեկավար դառնալ: Նրան անպայման պետք է հետազոտության ենթարկել եւ պարզել, թե ինչ հոգեկան խնդիրներ ունի: Ասոցիացիան որեւէ ձեւով չարձագանքեց իմ նամակին, սակայն այսօր առավել, քան երբեւէ, իրավիճակը լուրջ է: Նա այս պահվածքով քրեական հոդվածներ է շալակում միայն: Խտրականություն, ֆաշիստական ելույթներ, խուլիգանություն` կանանց ձեռքերից քաշքշել, եւ այսպես շարունակ: Մի արցախցի երեխա օրեր առաջ, արցունքն աչքերին, խոսում էր իր հայրենիքի` Շուշիի կորստի մասին․ նորմալ մարդը առնվազն այդ երեխային կգրկեր, կշոյեր նրա գլուխը, բայց ես խոսում եմ նորմալ մարդու մասին, իսկ այս աննորմալն ասաց. «Լավ, լավ, լավ», եւ գնաց մի կիսախելագար կնոջ հետ նկարվելու: Ես այդ երեխայի արցունքները տեսնելիս ուղղակի սկսեցի լաց լինել: Այդ աղջնակի ձայնը մինչեւ հիմա ականջներիս մեջ է: Նիկոլի նման անհավասարակշիռ մարդուն պետք է իզոլացնել հասարակությունից:
– Երբ բժիշկ Վահե Ավետյանը «Հարսնաքար» ռեստորանում սպանվեց, քաղհասարակության ներկայացուցիչները փողոցում էին քնում` «Հարսնաքար» տանող ճանապարհին: Այժմ պաստառ պոկելու համար մարդ է ինքնասպան լինում, եւ զրո արձագանք։ Ինչո՞ւ:
– Քաղհասարակության մեջ հիմա ովքե՞ր են մտնում, Բաքու գնացողները մտնո՞ւմ են: Վահե Ավետյանի համար ես էլ էի պայքարում, իմ կողքին էին Տիգրան Խզմալյանը, Արեգ Գեւորգյանը, Զառա Հովհաննիսյանը: Այն ժամանակ պայքարող մարդկանց մի մասն այժմ դարձել է կառավարության անդամ, իրենց ձեռնտու չէ այս ամենի մասին լսել եւ տեսնել, իսկ մյուսները կա՛մ նիկոլական են այսօր, կա՛մ երեւի գրանտներ չեն ստանում: Ի՞նչ էր արել այդ մարդը․ պաստառ էր պոկել, այն էլ` այդ անշնորհք մեծ չափերի պաստառը: Ես էլ եմ դուրս գալու՝ պաստառներ պոկեմ, ու ի՞նչ: Ինձ է՞լ են տանելու հոգեբուժարան: 100 մետրանոց այդ պաստառն ո՞վ է թույլ տվել, որ կպցնեն այս ու այն կողմ ու թուրքերի սիրած նշանն էլ որպես սիմվոլ օգտագործեն: Ավանեսյան Անահիտի մասնակցությամբ կադրերն եմ նայում եւ զարմանում՝ ինչպե՞ս կարող է կին նախարարն այդպիսին լինել: Իր աչքի առաջ անհետ կորածի քրոջն են քաշքշում, ինքը, փոխանակ կանխի այդ ամենը, գլուխն է թափահարում: Գայանե Աբրահամյանին օրեր առաջ գրեցի` հավաքվեք ձեր թիմով, որ ամեն ամիս գնում եք Եվրոպա սեմինարների, իբր թե Եվրոպա եք մտնում, գոնե գնացեք կանգնեք դրա կողքին, որ նման բաներ է անում, գոնե զսպեք դրան: Իմ գրածը լրիվ շրջեց հակառակ ուղղությամբ: Դե իհարկե, Գայանե Աբրահամյանի դուստրը դարձել է Համահայկական հիմնադրամի տնօրենը, նա կաշկանդված է, չի կարող քննադատել Նիկոլին, բայց ցավում եմ, որ Գայանեի ամուսինն իմ լավ կոլեգան է, որին շատ հարգում եմ: Գուցե հարց առաջանա, թե ինչու եմ հենց Գայանեին անդրադառնում․ որովհետեւ նա հանրային մարդ է, պատգամավոր է եղել, հիմա էլ իրեն հանրային դեմք է համարում եւ անդադար խոսում է իր «խիստ զբաղվածության» մասին, որ ինքը գնաց Ֆրանսիա, գնաց Իտալիա, գնաց չգիտեմ ուր: Անպտուղ գործուղումների թող չգնան, գումարներ չմսխեն: Մենք ո՛չ Եվրոպա ենք գնում, ո՛չ էլ այժմ ճանապարհին ենք: Իսկ Եվրոպան լռում է, որովհետեւ այս խամաճիկը նաեւ ձեռնտու է իրենց: Նիկոլը Ռոբերտ Քոչարյանից շատ է այցելել Ռուսաստան: Թող փորփրեն տեսնեն՝ իրենց Նիկոլը քանի երկրի գործակալ է: