Բեսարաբիայի հայության թանգարան-սրահը
Thu, 21 May 2026 20:15:56 +0400
Սկիզբը այստեղ
Ռաֆայել Խաչատուրյան՝ Մոլդովայի գինեգործության լեգենդը․ երկու տասնամյակ գլխավորել է «Յալովենի» գիտա-արդյունաբերական միավորումը եւ հասել է նրան, որ մոլդովական խերեսը սկսել է համեմատվել ու մրցել իսպանականի հետ։ Աղասի Համբարձումյան՝ ճարտարապետ, նախագծել եւ կառուցել է բազմաթիվ շինություններ Մոլդովայում, այդ թվում Ազգային գրադարանի շենքը, որտեղ իր պատվին տեղադրված է հուշատախտակ։ Վերջին աշխատանքներից մեկը եղել է հայոց Սբ․ Աստվածածին եկեղեցու վերականգնումը։
Եվ այդպես շարունակ։ Հիշողությանս մեջ մնաց նաեւ պրն․ Ալխազովի կազմած՝ հայկական Բալիոզ գերդաստանի տոհմածառը։ Դա շատ ազդեցիկ եւ հարուստ ընտանիք է եղել։ Կարապետ Բալիոզի անձնական կալվածքում է գտնվել Մոլդովայի ամենահին պուրակներից մեկը եւ նրա ապարանքում տեղակայված է Մոլդովայի Էթնոգրաֆիայի եւ բնության պատմության թանգարանի մասնաճյուղը։ Բալիոզ գերդաստանի շառավիղները այսօր ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում ազդեցիկ անձինք են։ Տարիներ առաջ, երբ Քիշնեւի իշխանությունները փորձել են Քիշնեւի Հայ-լեհական կաթոլիկ գերեզմանատանը Կարապետ Բալիոզի շիրիմը տեղաշարժել, հայերը սպառնացել են, որ Բալիոզների շառավիղներին կհրավիրեն Քիշնեւ, եւ տեսնենք իշխանությունները նրանց ինչ են պատասխանելու։ Իշխանությունները ետ են ընկրկել։ Ի դեպ այդ կաթոլիկ գերեզմանատան ամենից նշանավոր շինությունն էլ հայազգի Օհանովիչ-Դեմյանովիչների ընտանեկան մատուռն է։
Թանգարան-սրահում, իհարկե, նաեւ Բեսարաբիայի հայության կյանքում ամենանշանակլից անձանց՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Բեսարաբիայի թեմի առաջնորդների մասին տեղեկություններ կային։ 1812-1895թթ․ թեմը կոչվել է Բեսարաբիայի եւ Նոր Նախիջեւանի թեմ, այնուհետ մինչեւ 1917թ․ Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմ․ միավորել է գերազանցապես Բեսարաբիայի, Ղրիմի եւ Ռուսական կայսրության՝ հարավային տարածքների հայությանը։ Շարքը սկսվում էր Գերաշ․ Տեր Հովսեփ արք․ Արղությանի (1743-1801) կենսագրությամբ, ով Աստարախանի ռուսահայոց թեմի առաջնորդն է եղել, սակայն ըստ էության ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների արդյունքում հայության վերաբնակեցմամբ Բեսարաբիայի եւ Նոր Նախիջեւանի հայկական համայնքներն է կազմավորել։ Հաջորդիվ, Գերաշ․ Տեր Գրիգոր արք․ Զաքարյան (1765-1827), Մոլդովային, Վալախիայի, Բեսարաբիայի հայության հոգեւոր առաջնորդը, ով 1812-ին առաջնորդարանը Յասսիից տեղափոխել է Քիշնեւ եւ ձեռք է բերել Քիշնեւի մեկ քառորդից ավելին զբաղեցրած Армянское подворе-ն։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ներսես Ե Աշտարակեցի (1770-1857), մինչեւ 1843-ին Ամենայն հայոց կաթողիկոս օծվելը նա առաջնորդել է 1830-ին պաշտոնապես կազմավորված Բեսարաբիայի եւ Նոր-նախիջեւանի թեմը, որի իշխանությունը տարածվում էր Նոր Nախիջեւանի (Դոնի Ռոստովի), Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ղրիմի հայության վրա։ Գերաշ․ Տեր Գաբրիել արք․ Այվազյան (1812-1880) աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը, ով 1858-1867թթ․ առաջնորդել է Բեսարաբիայի եւ Նոր-նախիջեւանի թեմը։ Ն․Ս․Օ․Տ․Տ Մակար Ա Տեր-Պետրոսյան (1813-1891), մինչեւ 1885-ին Ամենայն հայոց կաթողիկոս օծվելը 1876-1885-ին Քիշնեւից առաջնորդել է Բեսարաբիայի եւ Նոր-Նախիջեւանի թեմը։ Գերաշ․ Տեր Ներսես արք․ Խուդավերդյան (1843-1917), առաջնորդել է անվանումներով փոխատեղված եւ Նոր-Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմ վերանվանված նախկին Բեսարաբիայի եւ Նոր-Նախիջեւանի թեմը 1899-ից մինչեւ 1917-ի բոլշեւիկյան հեղափոխություն։ Իհարկե, սրահում կար նաեւ Ռուսաստանի եւ Նոր-Նախիջեւանի ներկայիս թեմակալ առաջնորդի՝ Գերաշ․ տեր Եզրաս արք․ Ներսիսյանի կենսագրությունը եւ լուսանկարը։
Հոդվածի ծավալը ինձ թույլ չի տալիս որեւէ անձի մասին մեկ նախադասությունից ավելին գրել։ Բայց թանգարան-սրահում պրն․ Ալխազովի երկարամյա ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ ծավալուն, էջ կամ էջեր կազմող կենսագրական տեղեկություններն էին ներկայացված, ինչը նշանակում է մեր Բեսրաբիայի հայության փառահեղ անցյալն ու ժառանգությունը փրկել մոռացումից, հետեւաբար նաեւ՝ ապագայում հնարավոր կեղծումներից։
Եվ որքա՜ ն տեղեկություններ էլ Ռումինիայի եւ Մոլդովայի հայության մասին (մոլդովացիները էթնիկ պատկանելությամբ ռումիններ են) պրն․ Ալխազովից բանավոր իմացա։ Առաջին անգամ իրենից լսեցի Տրանսիլվանիայում գոյություն ունեցած Armenopolis քաղաքի մասին, որն այլ կերպ կոչվել է Gerla։ Հետո արդեն հետաքրքրվեցի՝ պարզվեց Գերլան հիմնադրվել է 1700-ականների կեսերին՝ Ավստրիական արքունիքի կողմից հայերին շնորհված հողերի վրա։ Այն հաերի կողմից կառուցված, հայերով բնակեցված, հայկական քաղաք է եղել, եւ երկու հարյուր տարի կոչվել է Armenopolis, զինանշանի վրա սկզբում պատկերված է եղել երկգլուխ արծիվը, հետո՝ Արարատ լեռը։ Այդքա՜ն հայկական… (ի գիտություն որոշ ձախողակների, որոնք այնքան ողորմելի են, որ Հայաստանի Հանրապետության դրոշմակնիքների վրայից են փորձում Արարատ լեռան պատկեր հանել)։
Նաեւ Նիկոլաե Յորգայի անունը առաջին անգամ լսեցի պրն․ Ալխազովից։ Հետո արդեն տեղեկացա, որ Յորգան Ռումինիայի մեծագույն պատմաբանն է, նաեւ էնցիկլոպեդիստ, փիլիսոփա։ Նա է ասել, թե հայ վաճառականները իրենց գործունեությամբ այնքան են նպաստել ռումինական քաղաքների զարգացմանն ու բարգավաճմանը, որ «հայերին կարելի է համարել ռումինական իշխանապետությունների համահիմնադիրներ»։ Հայությանը տրված բարձրագույն գնահատական Ռումինիայի մեծագույն պատմաբանի կողմից…
Ահա այդպես, Քիշնեւի կենտրոնում, Մայր տաճարի այգու հարեւանությամբ, Ալեքսանդր Պուշկին եւ Grigore Vieru պողոտաների միջեւ բարձրացող հայոց Սբ․ Աստվածածին եկեղեցին, նախկին առաջնորդարանի շենքում տեղակայված թանգարան-սրահը եւ մի հայի՝ պրոֆեսոր Էդուարդ Ալխազովի նվիրումը հայությանն ու հայկական ինքնությանը հանրային մոռացությունից փրկել են Բեսարաբիայի հայության փառահեղ անցյալը ու մեզ թույլ են տալիս վերգտնել հայոց պատմության՝ Մոլդովայում, Վալլախիայում, Տրանսիլվանիայում գրված էջերը։ Իսկ օտարներին՝ պրն․ Ալխազովի ստեղծած թանգարան-սրահը հնարավորություն է հաղորդակցվելու իրենց հողում գրված հայոց պատմությանը եւ այն կերտած 4500-ամյա պատմությամբ ու աստվածների երկրից սերող հայ ժողովրդին։