«Հրապարակ». Փաշինյանը զգում է, որ հողը փախչում է ոտքերի տակից
Fri, 22 May 2026 08:45:09 +0400
Հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի երկրորդ շաբաթն է լրանում, բայց պետությունն 8 տարի ղեկավարած եւ եւս 5 տարի ղեկավարելու հայտ ներկայացրած անձը իրենց ստեղծած մղձավանջից դուրս գալու ելքերի մասին խոսելու փոխարեն սպառնում է ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլեւ՝ շարքային քաղաքացիներին։ Կալանավորում է իրեն քննադատողներին, մատ է թափ տալիս, մուննաթ գալիս, հաշիվ պահանջում, թե ինչու չեն մարդիկ զոհվել պատերազմում, ինչու են կենդանի մնացել։
Սկզբում թվում էր, թե իր կռիվը միայն ընդդիմադիր թեկնածուների, գլխավոր մրցակից Սամվել Կարապետյանի դեմ է, որին սպառնում էր բոմժ դարձնել, սակայն հետո պարզվեց, որ Փաշինյանի թիրախում բոլորն են, որոնց սպառնում է «կզզըցնել», «սատկացնել», խոսում է «Գագիկ Ծառուկյանի լակոտին փակելու» մասին, ուզում է խլել «Արարատցեմենտը», Ռոբերտ Քոչարյանին կրկին բանտարկել` Մարտի 1-ի գործով: Արցախցի մարդուն, որն ընդամենը հարցեր էր տալիս նրան, կալանավորեցին։ Նրան քննադատող բժշկուհուն ուզում էին ազատել աշխատանքից: Վանաձորում հանրահավաքի ժամանակ էլ հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանի դեմ, հայրենիքի դավաճանության մեղադրանքով։ Թեւանյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշեց. «Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին ծառայող ու պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, փրփուրներից է կախվում»: «Փաստացի, ինքը հրահանգներ է տալիս իրավապահներին ու ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, ում դեմ գործ հարուցեն: Այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով»,- ասաց Թեւանյանը: ԲՀԿ-ն էլ հայտարարեց. «Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է եւ նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլեւ խախտելով իրավական պրակտիկայի եւ միջազգային փորձի տրամաբանությունը»: Փաշինյանը Վանաձորում անդրադարձավ նաեւ Մարտի 1-ի գործին. «Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով պետք է երկար տարիներով բանտ նստի»: Բայց գործն արդեն ավարտված է, վաղեմությունն էլ անցել է․ եթե անգամ Փաշինյանը շատ ցանկանա, դա հնարավոր չէ:
«Սամվել Կարապետյանը, որպես փողեր լվացող, որպես մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող, պետք է երկար տարիներ բանտ նստի Հայաստանի Հանրապետությունում»,- մի հայտարարություն էլ Կարապետյանի մասին արեց, մինչդեռ արդեն մոտ մեկ տարի է՝ խլել են ՀԷՑ-ը, բայց ոչ մի քրեական գործ ընթացք չի ստացել, որովհետեւ հանցակազմ չեն գտնում: Սա էլ է սուտ ու կեղծիք:
Սուրեն Պապիկյանն էլ, ոչ ավել ոչ պակաս, հայտարարեց, թե ինչու Կարապետյանների գերդաստանի 6 տղաներից ոչ մեկը չի զոհվել 44-օրյա պատերազմում։ Ի՞նչ բացատրություն տալ Փաշինյանի եւ իր խմբակի այս մերժելի պահվածքին, սպառնալից հայտարարություններին: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որի անունն էլ էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ, մեզ ասաց, թե առաջիկա օրերին վարչության նիստ կանեն ու իրենց գնահատականը կտան։ Հավելեց միայն, որ այսպիսի խայտառակ նախընտրական շրջան ինքը չի հիշում․ «Բայց բացատրել դա, նշանակում է կրկնել այն ամենը, ինչի մասին վերջին 5 տարում ես մշտապես խոսել եմ»։
Փաշինյանի երբեմնի գաղափարակից, նրա «Հայկական ժամանակում» 10 տոկոսի փայատեր Պետրոս Մակեյանը եւս վկայեց. ինքը 1995-2021 թթ․ բոլոր ընտրական գործընթացներին մասնակցել է, բայց նման խայտառակ քարոզարշավ չի տեսել․ «Իշխանությունը սովորաբար պետք է լինի զուսպ, հավասարակշռված, ցանկացած ակտիվ գործընթացի համար պատասխանատուն իշխանությունն է, բայց այսօր Նիկոլն ինքն է նախաձեռնում այս անկայուն իրավիճակը, գուցե այն պատճառով, որ ինֆորմացիա ունի՝ իր տակից հողը փախչում է, եւ ուզում է արտակարգ իրավիճակ ստեղծել` չեղարկել ընտրությունները, կամ էլ իր արտաքին տերերն են նման հրահանգ տվել՝ երկրում քաոս ստեղծել, որ կարողանան կառավարել։ Ես չեմ կարծում, թե այս ամենն արվում է սեփական ընտրազանգվածի, տատանվողների համար, ինքն իր ընտրազանգվածի հետ հաշվի չի նստում, ընտրազանգվածն իր գործիքն է, ինքը խոշոր խաղերի մեջ է, եւ տերերի հետ է իր հարցուպատասխանը, կամ-կամ-ի վրա է դրված։ Մայիսի 28-ից հետո հստակություն կլինի՝ Նիկոլին պահելո՞ւ են, թե՞ փոխելու։ Այդ օրը զորահանդես է անելու, բայց ներսի լսարանին է դա ուղղված, հիշում եք, չէ՞, Ալիեւի առջեւ արդեն արդարացել է, որ շքերթն ուժի ցուցադրություն չէ` հաշվետվություն է տալիս: Նախապես արդարացավ, որ Ալիեւը չմեղադրի, բայց իրականում այդ օրվանից հետո պարզ կդառնա՝ իրեն կպահեն, թե՝ ոչ»։ Մակեյանի խոսքով, Փաշինյանը Հայաստանը դարձրել է Հյուսիսային Կորեա, եւ քաղաքացիների հետ նրա շփումներն էլ դրա մասին են վկայում։