Categories: Սփյուռք

Գլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին

Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգներում հայկական համայնքային կյանքը մշտապես աչքի է ընկել մշակութային, ազգային ու հասարակական նշանակության միջոցառումներով, սակայն, մայիսի 17-ին Բըրբանկ քաղաքում, Armenian Business Corner սրահում  տեղի ունեցած նախաձեռնությունը կարողացավ առանձնանալ գաղափարական խոսքով ու հզոր ուղերձով: 

Հասարակական-քաղաքական գործիչ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոն՝ նվիրված նրա հոր՝ գիտնական Սարգիս Էնֆիաջյանի պայծառ հիշատակին (նշվում էր նրա 81-ամյակը), վերածվեց տոհմական հիշողության, ժառանգության պահպանման յուրօրինակ միջոցառման։

Երեկոյի առանցքում Էնֆիաջյանների տոհմածառին նվիրված 32 րոպեանոց փաստավավերագրական ֆիլմի՝ «Մի տոհմի պատմության» ցուցադրությունն էր, որի ստեղծման համար արվել էր հսկայածավալ արխիվային աշխատանք:
Վահե Էնֆիաջյանի ու նրա քրոջ՝ Լիանա Էնֆիաջյանի գործուն ջանքերի արդյունքում հնարավոր էր դարձել հավաքել տարբեր աղբյուրներում պահպանված արխիվային լուսանկարներ, կենսագրական դրվագներ և պատմական մանրամասներ: Դրանք վերածվել էին ոչ միայն ընտանեկան մասնավոր պատմության, այլև հայկական ազգային ինքնության պահպանման կարևոր վկայության։
Ֆիլմը մի ամբողջ արժեքային համակարգի մասին էր, որտեղ նախնիների հիշատակը նշանակում է պարտավորություն, իսկ սերունդներին փոխանցվող ժառանգությունը՝ ազգային դիմագծի պահպանման միջոց։

Լեփ-լեցուն դահլիճում գտնվողների համար միջոցառումը դարձավ յուրատեսակ ազդակ՝ ևս մեկ անգամ վերադառնալու իրենց ընտանիքների պատմությանը, ուսումնասիրելու սեփական տոհմածառը, պահպանելու սերունդների հիշողությունը: Եվ, թերևս, հենց սա էր Վահե Էնֆիաջյանի նախաձեռնության ամենամեծ հաջողությունը։ Նա կարծես ինքնատիպ մարտահրավեր նետեց սփյուռքահայ իրականությանը՝ ապացուցելով, որ ազգային ինքնությունը պահպանվում է առաջին հերթին ընտանիքի, հիշողության և արմատների հանդեպ ակնածանքի միջոցով։

Երեկոյի ընթացքում հնչեցին բազմաթիվ գնահատանքի խոսքեր։ Մասնավորապես՝ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությունն ու պատգամը փոխանցեց Տեր Մանուկ Մարգարյանը՝ միջոցառմանը հաղորդելով առանձնահատուկ հոգևոր խորհուրդ։ Ուղերձում, մասնավորապես, նշվում էր, որ տոհմերի պատմությունների մեջ պահպանվում է հայ ժողովրդի հավաքական հիշողությունը, անցյալի փորձառությունն ու այն հոգևոր ու ազգային արժեքները, որոնք սերնդե-սերունդ փոխանցվում են՝ հակառակ ժամանակից իրողություններին ու մարտահրավերիներին:
Խոսքով հանդես եկավ նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ ընդգծելով հիշողության, ընտանիքի և ազգային դիմագծի պահպանման կարևորությունը, ինչպես նաև նկատելով, որ Էնֆիաջյանների տոհմը հայոց տոհմածառում ունի իր ուրույն տեղն ու դերը՝ շնորհիվ այն օրինակելի հետագծի, որ հասցրել է թողնել հայոց կյանքում։

Ելույթով հանդես եկավ նաև Էդուարդ Էնֆիաջյանը՝ լեգենդար Կոմանդոսի այն զինվորներից մեկը, ով ազատագրել է Շուշին: Նա իր ելույթում հակիրճ ներկայացրեց Էնֆիաջյանների տոհմի պատմությունը, որից պարզ դարձավ, որ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած պատմական մասշտաբի իրադարձությունների էպիկենտրոնում հաճախ եղել են նաև այդ տոհմի ներկայացուցիչները՝ հանդիսանալով նաև հաջողակ գործարարներ ու գիտնականներ: Հատկապես նշանակալից է նրանց ներդրումը ծխախոտագործության մեջ:

Միջոցառմանը ներկա ֆիլմի ռեժիսորը՝ Հայկ Ղուկասյանը,ներկայացրեց այն հսկայական աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր էր դարձել կյանքի կոչել ֆիլմի նախագիծը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց ֆիլմի սցենարիստ ու մոնտաժող Տիգրան Պապերցյանին:

Միջոցառման ընթացքում Լիանա Էնֆիաջյանը՝ Վահե Էնֆիաջյանի քույրը, իր ելույթում նշեց, որ Էնֆիաջյանների տոհմի թողած ժառանգությունը մեծ օրհնություն է ու Աստծո պարգև իր համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց իր մայրիկին՝ Անահիտ Կարապետյանին, նկատելով, որ անգնահատելի է նրա ավանդը երեխաների կայացման գործում: Մայրը եղել ընտանիքի սիրտն ու երեխաներին միավորողը:

7-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ, տնտեսագիտության դոկտոր և հասարակական-քաղաքական գործիչ Վահե Էնֆիաջյանն իր ելույթում ասաց. « … ձեզանից շատերը նույնպես ունեցել են նույն զգացողությունը, երբ կյանքի մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ՝ նոր միջավայր տեղափոխվելիս։ Կյանքը հաճախ ընթանում է իր սովորական ուղղությամբ, և թվում է՝ ամեն ինչ կանխատեսելի է, սակայն գալիս է մի պահ, երբ որոշակի իրադարձությունների կամ իրավիճակների ազդեցությամբ մենք սկսում ենք փոխել այդ ուղղությունը։ Այդ փոփոխությունը երբեմն հեշտ չէ, այն կարող է մեզ դուրս բերել մեր սովորական շրջանակներից և դնել անորոշության առաջ։ Սկզբում կարող է թվալ, թե հնարավորությունները սահմանափակ են և դժվար է նոր պայմաններում ինքնադրսևորվել, սակայն ԱՄՆ տեղափոխվելիս, նույնիսկ օդանավակայանից սկսած, ես արժանացել եմ շատ ջերմ ընդունելության, որի համար շնորհակալ եմ համայնքում հարգված Սամվել Կրբոյանին»:
Վահե Էնֆիաջյանը նաև առանձնացրեց և հատուկ շնորհակալություն հայտնեց գործարար Արտյոմ Աբրահամյանին, Տիգրան Ավագյանին և այլոց:

Միջոցառման կարևորագույն և խորհրդանշական դրվագներից մեկը դարձավ Վահե Էնֆիաջյան-ին Գլենդել քաղաքի խորհրդանշական բանալու հանձնումը՝ Գլենդելի սիրված ու հարգված քաղաքապետ՝ Արտաշես Արդի Քասախյանի կողմից։ Սույն քայլը հանդիսացավ բարձր գնահատական՝ տարիների ընթացքում իրականացված հանրային գործունեության, համայնքային ներգրավվածության և ազգային արժեքների պահպանմանն ուղղված հետևողական աշխատանքի համար։

Իր խոսքում քաղաքապետ Քասախյանը համառոտ անդրադարձավ Էնֆիաջյանների ընտանիքի հետ ծանոթության պատմությանը՝ ընդգծելով, որ մեծապես գնահատում է նրանց գործունեությունն ու ներդրումը։
Հանձնված խորհրդանշական բանալին ընդգծում էր ոչ միայն Գլենդել քաղաքի հանդեպ հարգանքի և վստահության արտահայտությունը, այլև խորհրդանշում էր սերունդների միջև արժեքային և հիշողության կապի շարունակականությունը։

Նշենք, որ երեկոյի գեղարվեստական հատվածն առանձնացավ բարձրաճաշակ և ընդգծված ազգային շնչով։ Հաղորդավար Վարդան Թադևոսյանի պրոֆեսիոնալ և ջերմ վարումը միջոցառմանը հաղորդեց հանդիսավոր և կազմակերպված ընթացք։

Ժողովրդական երգչուհի Անահիտ Սահակյանի կատարումը դահլիճը լցրեց հայկական մեղեդիների ջերմությամբ, իսկ Ռազմիկ Մանսուրյանի հզոր և առանձնահատուկ ձայնը հանդիսատեսին տեղափոխեց ազգային հիշողության և կարոտի աշխարհ։
Իր առանձնահատուկ կատարումով հուզական մթնոլորտ ստեղծեց նաև Մարատ Հայրապետյանը, որի երաժշտական ելույթը դահլիճում ձևավորեց առանձնահատուկ զգացական միջավայր։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև Արթուր Հակոբյանը՝ (Միստր X-ը) իր յուրօրինակ կատարողական արվեստով հաղորդելով երեկոյին լրացուցիչ գեղարվեստական արժեք։
Ելույթ ունեցավ նաև Ջիվան Գասպարյան կրտսերը՝ հայկական դուդուկի հնչյուններով միջոցառմանը հաղորդելով խորապես ազգային և խորհրդանշական շունչ։
Ֆիլմի մոնտաժային և ստեղծագործական լուծումները ևս արժանացան բարձր գնահատանքի։ Ակնհայտ էր, որ աշխատանքը կատարվել էր մեծ նվիրումով ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ ֆիլմը վերածելով ոչ միայն ընտանեկան հուշապատումի, այլև յուրատեսակ մշակութային արժեքի։
Միջոցառման պաշտոնական հատվածը եզրափակվեց՝ ընդգծելով ինչպես տեղական, այնպես էլ նահանգային մակարդակի ներկայացուցիչների կողմից Էնֆիաջյան ընտանիքին ցուցաբերված բարձր գնահատականն ու ուշադրությունը։

Ջեմմա Պողոսյանը շնորհակալական հավաստագրեր հանձնեց Էնֆիաջյան ընտանիքի անդամներին, Կալիֆոռնիա նահանգի 43-րդ շրջանի ներկայացուցիչ Ջոն Հայրապետյանի կողմից, իսկ Գլենդել քաղաքի արվեստների և մշակույթի կոմիսար, արվեստագիտության դոկտոր Մարկ Մարատ Հայրապետյանը, փոխանցեց Բըրբենք քաղաքի քաղաքապետ Tamala Takahashi-ի, Կալիֆոռնիայի Նահանգային Ժողովի 44-րդ ընտրատարածքի անդամ Nick Schultz-ի, ինչպես նաև Կալիֆոռնիա նահանգի գանձապետ Fiona Ma-ի անունից փոխանցված շնորհակալական ուղերձներն ու հավաստագրերը։

Ամփոփելով արձանագրենք, որ միջոցառումը հիշողության, արժեհամակարգի և հայկական արմատներին վերադառնալու մասին կարևոր ուղերձ դարձավ։ Մեր հարափոփոխ ժամանակներում, երբ արագ են ջնջվում հիշողություններն ու թերագնահատվում դրանց նշանակությունը, Վահե Էնֆիաջյանի այս բացառիկ նախաձեռնությունը դարձավ ապացույց, որ կան մարդիկ, որոնք շարունակում են կամրջել անցյալն ու ապագան՝ ընտանիքի պատմությունը վերածելով ազգային արժանապատվության ու արժեքների պահպանման ինքնատիպ ձևի, և գուցե հենց այդ պատճառով Գլենդելի խորհրդանշական բանալին այդ երեկո ստացավ շատ ավելի խորքային իմաստ՝ դառնալով ոչ միայն քաղաքի, այլ նաև հայի հիշողության, ինքնության և սերունդների շարունակականության յուրատեսակ սիմվոլ։
Գայանե Մանուկյան
Լոս Անջելես

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ընդդիմադիր կուսակցության նախկին ղեկավարը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

Ընդդիմադիր կուսակցության նախկին ղեկավարը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման Fri, 22 May 2026 21:30:07 +0400…

19 րոպե ago

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Fri, 22 May 2026 21:26:09 +0400 Քրեական…

23 րոպե ago

Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ գործ ունի դասական կեղծավոր ու անամոթ մեկի հետ

Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ գործ ունի դասական կեղծավոր ու անամոթ մեկի հետ Fri,…

33 րոպե ago

Լրտեսական ֆիլմեր․ երբ եւ ինչպես է ստեղծվել այս ժանրը

Լրտեսական ֆիլմեր․ երբ եւ ինչպես է ստեղծվել այս ժանրը Fri, 22 May 2026 21:00:44 +0400…

48 րոպե ago

«Ժողբաստիոնային» աննորմալ նոու-հաուները

«Ժողբաստիոնային» աննորմալ նոու-հաուները Fri, 22 May 2026 20:45:01 +0400 8 տարի առաջ Հայաստանի վարչապետ կարգված…

1 ժամ ago

Փաշինյանը Կրեմլում բոլորին հունից հանել է իր ստերով ու ստորությամբ․ Գաբրիելյանով

Փաշինյանը Կրեմլում բոլորին հունից հանել է իր ստերով ու ստորությամբ․ Գաբրիելյանով Fri, 22 May 2026…

1 ժամ ago