«Հրապարակ»․ Նիկոլ ջան, եթե չեք ուզում, դուք մի եկեք Արցախ, բայց մերոնք պիտի գան Հայաստան՝ ապրելու
Tue, 26 May 2026 08:45:51 +0400
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը երեկ թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իշխանության գալուց անմիջապես հետո՝ ընդամենը մեկ շաբաթում, ընդունելու են «Սաֆարովի կանխարգելման օրենք»։
«Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որեւիցե ֆիզիկական կամ իրավաբանական անձ` որպես իրական շահառու, ՀՀ-ում գործունեություն ծավալող, չի կարողանալու ձեռք բերել մեր երկրում որեւէ անշարժ գույք։ Մեր Սահմանադրությամբ կա մեխանիզմ՝ հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման, բայց մենք խոսում ենք ոչ միայն հողի, խոսում ենք նաեւ անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին»,- մանրամասնեց «Ուժեղ Հայաստան» ընտրացուցակի երկրորդ համար, իրավաբան Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ այդ օրենքն այլ կերպ կոչվելու է ատելության կանխարգելման փաթեթ։
Կուսակցության անդամ, ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանն էլ իր հերթին հավելեց․ «Չնայած ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ենթադրում էին, որ պետք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը երաշխավորվի, ինչը բացառում է այլ պետության զինված ներկայություն, ոչ միայն ադրբեջանական զորքերը չեն հեռացվել այդ տարածքներից, այլեւ օդում կախված է մնացել, այսպես կոչված, անկլավների հարցը»։ Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կրկին պնդեց, որ Հայաստանի համար առաջնային խնդիր է՝ կանգնեցնել «Փաշինյանի եւ Ալիեւի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան»։ Նա կարծում է, որ այս դեպքում իր թիմի «տնտեսական ծրագրերն անիրագործելի» կլինեն, քանի որ «հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին»։
Արձանագրենք, որ 300 հազար ադրբեջանցիների հարցը դարձել է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի «աքիլեսյան գարշապարը»։ «Ուժեղ»-ների՝ այդ թեմայով հայտարարություններից հետո ՔՊ-ականները վերեւից ստացած հրահանգով, պատեհ-անպատեհ, անդրադառնում են այդ լուրին ու հերքում այն, խոսում այդ թեմայից անգամ այն ժամանակ, երբ այդ մասին իրենց հարց չեն ուղղել։ Բայց իրենք հերքում են, Ադրբեջանն ամեն օր հաստատում է, առաջիկայում էլ Նախիջեւանում «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձին նվիրված մեծ համաժողով է լինելու:
Նիկոլ Փաշինյանն էլ օրեր առաջ հերքեց շրջանառվող պնդումները, թե «գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրելու»։ «Ադրբեջանի հետ հարաբերությունների մեր օրակարգում եւ ընդհանրապես մեր միջազգային օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Այդ մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ այդ օրակարգը ստեղծեն եւ ներմուծեն Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանք։ Այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները»,- հայտարարել էր ՔՊ առաջնորդը։
Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանն առաջիններից էր, որ մեկ տարի առաջ բարձրաձայնել էր 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցվելու մասին: Երեկ նա չցանկացավ ուղիղ ասել՝ նախկինում Փաշինյանն իրենց հետ փակ նիստերում նման հարց քննարկե՞լ է, թե՝ ոչ, բայց պնդեց, որ կա նման օրակարգ, եւ այդ հարցն օրակարգային է դարձրել անձամբ Փաշինյանը՝ անցած տարվա աշնանը։ «Ընդհանրապես կապ չունի՝ այդ հարցը քննարկել ենք մենք, թե ոչ, կամ քննարկել են Փաշինյանն ու Ալիեւը, թե ոչ, այլ կապ ունի այն, որ Ալիեւն անընդհատ ասել է, իսկ ինքը ոչ մի անգամ Ալիեւին չի ասել՝ այ տղա, էս ի՞նչ ես ասում։ Իսկ անցած տարեվերջին Փաշինյանը Եվրոպայից դիմեց Ալիեւին` առաջարկով, որ մենք մոռանանք արցախցիների վերադարձը, իրենք էլ, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի գաղափարից հրաժարվեն։ Այդ առաջարկին Ալիեւը դեռ չի պատասխանել, Աստված չանի՝ եթե ընտրվի, հունիսի 8-ին կզանգի կասի՝ Նիկոլ ջան, էդ ի՞նչ էիր ասում, արի քննարկենք, Նիկոլն էլ կասի՝ դե մենք էլ Արցախ չգնանք, դուք էլ չգաք Հայաստան, բայց նա կասի՝ Նիկոլ ջան, դե գիտես՝ ես քո նման ուժեղ չեմ, չեմ կարող իմ քաղաքացիների դեմն առնել, եթե չեք ուզում, դուք մի եկեք Արցախ, բայց մերոնք պիտի գան Հայաստան եւ ապրեն»,- ասաց Աղազարյանը՝ հավելելով․ «Հունիսի 18-19-ին կարծեմ Ալիեւը Նախիջեւանում մեծ միջոցառում է կազմակերպել այն ՀԿ-ների մասնակցությամբ, որոնց ֆինանսավորում է Ադրբեջանի կառավարությունը, «Արեւմտյան Ադրբեջան» ծրագրի հետ կապված քննարկում է լինելու, սա էլ է նշանակում, որ այդ հարցն օրակարգում է»։
Աղազարյանը տեղին համարեց Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը, մի վերապահում ունի՝ ոչ թե Սաֆարովի, այլ՝ «Սաֆարովների կանխարգելման օրենք» է պետք․ «Շատ լավ նախագիծ է, շատ տեղին, որով պետք է ցույց տալ աշխարհին, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջվա վայրենիները, ցեղասպանները չեն, իրենք նոր՝ ժամանակակից մեթոդներով են ուզում լուծել հայոց պետականության չգոյության հարցը»։