Վենսը սկսել է «չտեղավորվել» Թրամփի ուղեծրում
Tue, 26 May 2026 17:30:55 +0400
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հնարավոր է հրաժարվի 2028 թ. նախագահական ընտրություններին մասնակցելուց։ Նա այդ տարբերակը սկսել է դիտարկել այն բանից հետո, երբ Ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը հրաժարական է տվել՝ հայտնում է The Daily Mail պարբերականը։ Համաձայն հոդվածի, Գաբարդը Վենսի փոքրաթիվ դաշնակիցներից էր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական հավակնությունների զսպման հարցում։ Վենսը «փափուկ արտաքին քաղաքականության» կողմնակից է ու դրանով հակասություն ունի ներկայիս նախագահ Թրամփի հետ։ Գաբարդի հեռանալով՝ Վենսի դիրքերը թուլացել են, եւ առիթից օգտվելով՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է դարձել նախագահ Թրամփի թիմում արտաքին քաղաքական հարցերով հիմնական դերակատարը։ Նախագահ Թրամփի համար Ռուբիոյի հեղինակությունն ավելին է, քան Վենսինը, եւ նա լսում է Ռուբիոյին։ «Վենսն այդ ամենին չի ինտեգրվում, եւ դա վաղուց էր հասկանալի»,- ասված է հոդվածում։
Նաեւ ասվում է, որ եթե Վենսը հրաժարվի առաջիկա նախագահական ընտրություններից, ապա դա կհամարվի տակտիկական քայլ, որով նա չի վերցնի այն ամենի պատասխանատվությունը, որը վերջին երկու տարում է արվել՝ որպես Թրամփի «քաղաքական ժառանգության» հնարավոր իրավահաջորդ։ Միաժամանակ, եթե, ամեն դեպքում, Վենսն ուզենա մի օր առաջադրվել որպես ԱՄՆ նախագահ, ապա, օրինակ, 2032 եւ 36 թվականների նախագահական ընտրությունների տեսլականում պետք է կարողանա առնվազն 10 տարի պահպանել իր քաղաքական կշիռը։