Եկեղեցին կոչ է անում ընտրություններում դրսևորել պատասխանատու վերաբերմունք

Եկեղեցին կոչ է անում ընտրություններում դրսևորել պատասխանատու վերաբերմունք

Tue, 26 May 2026 19:27:32 +0400


Քահանայից ժողովի հայտարարությունը
————
Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գոհություն և փառք ենք վերառաքում Ամենակալ Աստծուն՝ համատեղ աղոթքի և եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության շուրջ մտորելու առիթի համար։

Առաքելական քարոզչությամբ հաստատված Հայոց Եկեղեցին Աստծո բարեխնամ հայացքի ներքո շարունակում է անշեղորեն ծառայել հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս՝ զորացնելու բարեպաշտ մեր ժողովրդի հավատքը, նախանձախնդրությամբ հետամուտ լինելու ազգային ինքնության պահպանությանը, նպաստելու հայեցի կրթությանն ու դաստիարակությանը և Տիրավանդ իր առաքելությամբ լինելու ճշմարտության ու արդարության ձայնը մեր հասարակության մեջ։

Հայոց Եկեղեցու համար դժվարին այս օրերին, երբ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում վերատեսության ենթարկել եկեղեցական դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Եկեղեցին, ըստ էության, ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, վճռականորեն հայտարարում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի։ Հակաօրինական և հակասահմանադրական այս արշավն ուղղակիորեն վտանգում է համազգային մեր համերաշխությունն ու հասարակական կայունությունը, լրջորեն հարվածում նաև հայոց պետականության հիմքերին։

Միաժամանակ, խիստ դատապարտելի ենք համարում կարգալույծ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչությամբ հականոնական ու սրբապիղծ գործողությունները, վանքերի ու եկեղեցիների, եկեղեցական կառույցների ու միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը։ Սա ոչ միայն կանոնական կարգի կոպիտ խախտում է, այլև միտումնավոր փորձ՝ ներսից խարխլելու եկեղեցական միաբանությունը։ Ցավով ենք արձանագրում նաև, որ որոշ քահանա հայրեր ներգրավվում են այս պառակտիչ գործընթացներում՝ դառնալով հակաեկեղեցական ձեռնարկների կամա թե ակամա գործակիցներ։ Նման ընթացքը խորթ է քահանայական ուխտին և չունի հոգևոր, բարոյական ու կանոնական, այլև մարդկային որևէ արդարացում։ Կոչ ենք ուղղում մեր եղբայրներին՝ վերատեսության ենթարկելու իրենց խոտորյալ ընթացքը և բացառել կանոնազանց գործողությունները։

Գոհություն ենք հայտնում առ Աստված, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը հաստատակամ է իր հավատարմության մեջ առ Սուրբ Էջմիածինը և վճռական՝ պաշտպանելու Հայոց Եկեղեցու իրավունքներն ու արժանապատվությունը։ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, ոտնահարելու եկեղեցական կարգը կամ նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելու է համայն հավատավոր ժողովրդի և ուխտապահ ողջ եկեղեցականության հաստատուն ու անսասան դիմադրությանը։
Հայաստանում առաջիկա ընտրությունների և քաղաքական իրադարձությունների համատեքստում կոչ ենք ուղղում մեր հավատավոր ժողովրդին՝ դրսևորել պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ ապօրինությունից, ատելության խոսքից ու ապատեղեկատվության տարածումից և նպաստել հասարակական համերաշխության կայացմանը։
Հավատարիմ լինելով մեր ուխտին և մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ որդիական մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։

Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերն Իր ամենախնամ Աջը տարածի մեր ժողովրդի, մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու վրա՝ պահելով Հայաստանը խաղաղ, Հայոց Եկեղեցին՝ անսասան, և մեր հավատքը՝ անխախտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը

Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը Tue, 22 Sep 2026 16:49:01 +0400 Latest…

12 րոպե ago

Ոսկեգույն ականջօղով ոհմակները կամ ստերիլիզացված ահաբեկչություն

Ոսկեգույն ականջօղով ոհմակները կամ ստերիլիզացված ահաբեկչություն Tue, 22 Sep 2026 16:45:43 +0400 Գյումրիի Չարենցի փողոցում…

15 րոպե ago

Կոբախիձեն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Կոբախիձեն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը Tue, 22 Sep 2026…

31 րոպե ago

Փաշինյանը բռնապետ է՝ արտաքին սցենարով

Փաշինյանը բռնապետ է՝ արտաքին սցենարով Tue, 22 Sep 2026 16:15:55 +0400 Գրում են, որ Նիկոլ…

45 րոպե ago

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Tue, 22 Sep…

48 րոպե ago

Շարունակում է զառանցագին մեղադրանքները հայերի հասցեին

Շարունակում է զառանցագին մեղադրանքները հայերի հասցեին Tue, 22 Sep 2026 16:00:06 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ…

1 ժամ ago