Գիշեր․ մաֆիան բացել է աչքերը եւ փնտրում է միամիտ ընտրողների

Գիշեր․ մաֆիան բացել է աչքերը եւ փնտրում է միամիտ ընտրողների

Wed, 27 May 2026 17:15:43 +0400


Քարոզարշավի վերջին տասնօրյակում 3 խոշոր ընդդիմադիր ուժերը միասին արդեն լուրջ հակակշիռ են դառնում հեղափոխական իշխանությանը՝ դառնալով նրանց ելույթների միակ թեման եւ ատելության թիրախը։ Մենք երբեք չենք տեսել այսպիսի քարոզարշավ, երբ թեկնածուները՝ ամբողջ թիմով, միաբերան խոսեն այլ թեկնածուների մասին։ Ուժեղ մրցակիցներին հերթով սպառնում են, զրպարտում, տեղում հրապարակում դատավճիռներ եւ անգամ իրականացնում են երեւակայական մահապատիժներ՝ անմիջապես քարոզարշավային ելույթների մեջ։ Ընդ որում, 18 մրցակիցներից միայն 3-ն են իշխանության թիրախը, մնացած 15-ն անուշադրության են մատնված, քանի որ նրանցից, փաստորեն, իշխանության համար վտանգ չկա, իսկ օգուտ, հավանաբար, կարող է լինել։
Նկատենք, որ սրա համար չէր մտածված այս մեկամսյա նախընտրական արշավը։ Օրենսդիրը ժամանակին մտածել է, որ մեկ ամիսը լիովին բավարար է լինելու, որպեսզի յուրաքանչյուր թեկնածու կարողանա հանգամանորեն ներկայացնել իր անելիքներն առաջիկա տարիներին եւ հասցնել լինել այնքան համոզիչ, որ հանրությունը որոշի վստահել երկրի ղեկը՝ այս կամ այն հարցը լուծելու, ավելի որակյալ կյանք ու ավելի ապահով հայրենիք կառուցելու պատվիրակմամբ։ Ի՞նչ ենք այսօր տեսնում։ Իշխանությունն իր հիմնական մրցակիցներին ներկայացնում է որպես հանցագործներ, որոնց արածները, թալանածն ու հնարավոր վտանգները թվարկելու համար լավ է, որ ունենք 30 օր, այլապես դեռ ինչ-ինչեր էինք լսելու։

Հիմա, երբ բոլոր պատմությունները պատմել են ու կրկնել, անցել են քարոզարշավի կեսից ավելին, արդեն ապահովության համար կոնկրետ ուղղորդում են ընտրողին ոչ թե դեպի իրենց, ինչը կլիներ տրամաբանական, այլ դեպի մնացած 15 թեկնածուները՝ բացառությամբ հիմնական ընդդիմադիր 3-ի։

Հնարամիտն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որը շատ հաճախ պետության ղեկավարումը շփոթում է հանրահայտ «Մաֆիա» խաղի հետ ու գործադրում է հետաքրքիր բլեֆը՝ սեւ խաղացող չերեւալու համար։ Ասում է՝ լավ, եթե չեք ուզում ընտրել մեզ՝ թիվ 16-ին, ապա գնացեք եւ ընտրեք մեկ ուրիշին, բայց ոչ հիմնական ընդդիմադիրներին, այլ նրանցից բացի՝ որեւէ այլ թեկնածուի։ Նա, այսպիսով, ուղղակիորեն ուղղորդում է իրեն չսիրող ու չսատարող ընտրողին, ասում է․ գնա ընտրիր՝ ում ուզում ես, բացի այդ երեքից, որոնք ի վիճակի են ինձ հաղթել։ Պետք է լինել արթուն եւ զգոն, հատկապես որ մաֆիան աչքերը բացել է եւ փնտրում է միամիտ ընտրողների։
Սա իրոք քաղաքագիտական նոնսենս է, որը կարող էր ծագել միայն կյանքի ու մահի այս ամեհի աղջամուղջում հայտնված խելագարների գլուխներում։ Դիմել իրենց չընտրողներին, չսիրողներին ու չվստահողներին եւ խնդրել՝ ձեր ձայնը տվեք այս 15-ին ու մի տվեք այն երեքին, որպեսզի մենք հաղթենք։

Այս կոչից ի՞նչ հետեւություններ պետք է անեն ընտրողները․
ա) եթե ես ՔՊ-ի ընտրողը չեմ, հետեւաբար, ես ՔՊ-ի խորհուրդները կատարողը չեմ
բ) եթե ես չեմ ընտրելու ՔՊ-ին, ուրեմն չեմ հավատում եւ վստահում նրա խոսքին, հետեւաբար, պիտի անեմ ճիշտ հակառակը, ինչ ասում է Ալեն Սիմոնյանը
գ) տրամաբանորեն՝ ՔՊ-ն պետք է քարոզի ընտրել իրեն, բայց եթե առաջարկում է ընտրել այն 15-ին, ուրեմն դրանք եւս իրեն են ձեռնտու, եւ նույնն է, թե ընտրել հենց իրեն,
դ) իշխանությունն առաջարկում եւ խնդրում է փոշիանալ, անէանալ, կորցնել անվստահելի իշխանությունը փոխելու բացառիկ շանսը։
Եվ, ուրեմն, ՔՊ-ին չվստահող մարդը ոչ մի կերպ չպետք է վստահի կարկառուն քպականների խոսքին ու, կատարելով ճիշտ հակառակը, պետք է գնա ու իր ձայնը հանգիստ խղճով տա մեկին հենց այն երեքից, որոնց բացառում է ԱԺ նախագահը։
Ի՞նչ պետք է մտածեն այն 15-ը, որոնց համար սիրահոժար քարոզում է գործող իշխանավորը․ յուրաքանչյուրը նրանցից պետք է հասկանա․
ա) վիրավորական է եւ ամոթալի, որ իրենք ոչ մի կերպ մրցակից չեն դիտարկվում գործող ուժի կողմից, եւ վերջինս իրեն չսիրողներին ուղղորդում է այդ ձայների փոսը՝ փոշիանալու
բ) իրենք դատարկ վագոններով անցնելու են այս ընտրապայքարը ու իրենց գնացքում միամտաբար հայտնված մի քանի քվեները տեղափոխելու են ՔՊ։ Իրենք միայն կարող են հանդիսանալ քվեներ տեղափոխողներ, ընդ որում՝ դա լավ ծառայություն չէ, քանի որ այդ ուղեւորները տոմս չեն գնել՝ այդ ուղղությամբ սլանալու համար։

Եվ, ուրեմն, հարգելի 15 առանձին ուժեր, ընտրել ձեզ՝ նույնն է, թե փոշիացնել ընդդիմադիր մի քվե եւ ավելին՝ դրանով իսկ օգուտ տալ ու հաճույք պատճառել իշխանությանը։ Սա է ամբողջ պատկերը, որը լույսի պես պարզ է։ Այս գիտակցությունը կօգնի, որպեսզի մինչեւ մայիսի 28-ը այդ 15-ից առավել պատվախնդիրները, որոնք ունեն արժանապատվություն եւ ցանկություն չունեն լինել ընդդիմության ձայները ՔՊ տեղափոխող դատարկ վագոն, դուրս գան ընտրապայքարից, քանի դեռ դրա հնարավորությունը կա՝ իրենց սուրը հարաբերականորեն պատվով դնելով պատյան, քանի որ պատյանից հանել էին, փաստորեն, անօգուտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

5 դոլարի փոխարեն կատարիր քո ներդրումները մեկ դոլար միջնորդավճարով Ամերիայի միջոցով

5 դոլարի փոխարեն կատարիր քո ներդրումները մեկ դոլար միջնորդավճարով Ամերիայի միջոցով Tue, 04 Aug 2026…

9 րոպե ago

ՀԷՑ-ը չի ձգում, կրկին ներողամտություն են հայցում

ՀԷՑ-ը չի ձգում, կրկին ներողամտություն են հայցում Tue, 04 Aug 2026 20:35:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

13 րոպե ago

Ֆուտբոլային խաղի տոմսերը վաճառվել են մեկ օրում

Ֆուտբոլային խաղի տոմսերը վաճառվել են մեկ օրում Tue, 04 Aug 2026 20:30:38 +0400 Զինեդին Զիդանի…

18 րոպե ago

Ռուբինյանը փրկեց Վահագնին՝ մինչև լրիվ վառվելը

Ռուբինյանը փրկեց Վահագնին՝ մինչև լրիվ վառվելը Tue, 04 Aug 2026 20:15:11 +0400 Ռուբեն Ռուբինյանը վատ…

34 րոպե ago

Հիասթափված են Թրամփից

Հիասթափված են Թրամփից Tue, 04 Aug 2026 20:00:32 +0400 Պարսից ծոցի երկրները կուլիսային քննարկումներում հայտարարել…

48 րոպե ago

Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը

Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Tue, 04 Aug 2026 19:43:20 +0400 Կյանքից հեռացել է…

1 ժամ ago