Պատերազմում հաղթում է զորքի, հետախուզության եւ հրամանատարության սինխրոն աշխատանքը

Պատերազմում հաղթում է զորքի, հետախուզության եւ հրամանատարության սինխրոն աշխատանքը

Fri, 29 May 2026 19:15:03 +0400


Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը իշխանությունները ներկայացնում են որպես «խաղաղության գործոն» և ՀՀ ԶՈՒ մարտունակության յուրօրինակ հաշվետվություն։ Հանրային ու քաղաքական շրջանակների կողմից այն բուռն քննադատության է արժանանում՝ կապված օրվա ընտրության և զինտեխնիկայի վիճակի, եւ այլնի հետ: Արդյո՞ք զինտեխնիկան, որն անցավ Հանրապետության Հրապարակով, համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին եւ որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ դրանցից կարող են օգտվել մեր զինվորականները, եթե ինչպես գիտենք, չեն եղել զորավարժություններ:

«Հրապարակի» հարցերին պատասխանելով, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշեց, որ առաջին հայացքից զորահանդեսը կարող էր դրական տպավորություն թողնել, սակայն խնդիրը միայն այն չէ, թե ինչ զինատեսակներ են ցուցադրվում հրապարակում, այլ այն, թե որքանով են դրանք ինտեգրված միասնական մարտավարական համակարգի մեջ։

«Ժամանակակից պատերազմներում հաղթում է ոչ թե առանձին վերցրած տեխնիկան, այլ տարբեր զորատեսակների, հետախուզության, կապի, հրամանատարության և տեխնոլոգիական համակարգերի միջև սինխրոն համագործակցությունը։ Իսկ նման համագործակցությունը հնարավոր չէ ձևավորել միայն հանդիսավոր ցուցադրություններով։ Այն ձևավորվում է մշտական, բարդ և իրականությանը մոտ զորավարժությունների ընթացքում, որտեղ փորձարկվում են թե՛ տեխնիկան, թե՛ հրամանատարական համակարգը, և թե՛ անձնակազմի հոգեբանական պատրաստվածությունը»։

Այսինքն՝ բերել են, տեխնիկան լցրել, բայց չե՞ն աշխատացրել միասին: «Ցավալի է արձանագրել, որ ամիսներ առաջ պաշտպանության նախարարը, պատասխանելով զորավարժությունների պլանավորման և անցկացման վերաբերյալ հարցին, նշել էր, որ պաշտպանական գերատեսչությունը լայնածավալ զորավարժություններ չի պլանավորում։ Եվ այստեղ առաջանում է միանգամայն տրամաբանական հարց․ այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու տարբեր զինտեխնիկայի, զորատեսակների և անձնակազմի միջև համագործակցության բարձրացման խնդիրը։ Ինչպե՞ս պետք է ձևավորվի արագ արձագանքման, ճգնաժամային որոշումների կայացման և ժամանակակից մարտական պայմաններում համատեղ աշխատանքի մշակույթը, եթե դրա համար անհրաժեշտ միջավայրը գործնականում բացակայում է», – հարցնում է փորձագետը։

Այս ամենին զուգահեռ, ըստ նրա, կա բարոյահոգեբանական բաղադրիչի նշանակությունը։ «Զինվորի վստահությունը սեփական ուժերի, հրամանատարի և կողքին կանգնած ստորաբաժանման նկատմամբ ձևավորվում է ոչ թե գեղեցիկ ելույթներով, այլ համատեղ փորձություններով, ծանր վարժանքներով և մարտական իրավիճակներին մոտ պայմաններում ձևավորված փորձառությամբ։ Երբ բանակը երկար ժամանակ չի անցկացնում լայնածավալ զորավարժություններ, աստիճանաբար թուլանում է ոչ միայն գործնական պատրաստվածությունը, այլ նաև այն ներքին վստահությունը, որն իրական պատերազմի ժամանակ որոշիչ նշանակություն է ունենում։ Աշխարհում չկա որևէ երկիր, որն իր զինված ուժերի կարողությունների մեծացման խնդիրը փորձում է լուծել միայն զորահանդեսների վրա հիմնվելով։ Իսկ եթե փորձենք գնահատել այս ուղղությամբ մեր իրական ակտիվությունը, ապա ստիպված ենք ցավով արձանագրել, որ լայնածավալ և համակարգված զորավարժությունների քանակը այս պահին դեռևս զրոյական մակարդակի է», – նշեց Վիտալի Մանգասարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան Thu, 08 Oct 2026 02:00:39 +0400 Իսպանացի ֆուտբոլիստ…

5 րոպե ago

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային Thu, 08 Oct 2026 01:30:42 +0400 Ուկրաինան ստացել է…

35 րոպե ago

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ Thu, 08 Oct 2026 01:00:24 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել…

1 ժամ ago

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է Thu, 08 Oct 2026 00:30:22 +0400 Նորվեգական կառավարությունը ժամանակավորապես…

2 ժամ ago

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա Thu, 08 Oct 2026 00:26:53…

2 ժամ ago

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին Wed, 07 Oct 2026 23:56:22 +0400 Ես վստահ…

2 ժամ ago