Մեծ քաղաքականության արվեստը փոքր երկրի համար

Մեծ քաղաքականության արվեստը փոքր երկրի համար

Sat, 30 May 2026 17:15:24 +0400


ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
Հանրային հեռուստաընկերությունը սկսել է ընտրապայքարին ներգավված քաղաքական ուժերի առաջնորդների հետ հարցազրույցները և այդ շարքում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն առանձնահատուկ տեղ ունի։ Որպես նախկին նախագահ՝ նա ունի ակնհայտ առավելություն՝ պետության, իշխանական համակարգի և արտաքին քաղաքական մեխանիզմների խորքային իմացություն։ Սակայն նույն հանգամանքը նրան դարձնում է նաեւ առավել խոցելի․ նրանից սպասում են ոչ միայն երկրի ապագայի տեսլական, այլև իր կառավարման արդյուքների վերաբերյալ պարզաբանումներ։

Մինչդեռ, միայն իրեն հայտնի պատճառներով, Հ1-ի հաղորդավարը եթերաժամանակի 2/3-ը նվիրեց անցյալի վերաբերյալ «սուր» հարցերին, իսկ մնացած ժամանակը տրամադրեց հայ-ռուսական հարաբերությունների քննարկմանը, նախկին նախագահին փաստացի զրկելով իր ղեկավարած ուժի ծրագրային դրույթները ներկայացնելու հնարավորությունից։ Այդ պատճառով հարցազրույցը հետաքրքիր էր ոչ այնքան հարցերի բովանդակությամբ, որքան դրանց հիմքում ընկած տրամաբանությամբ եւ այն ձեւով, որով պարոն Քոչարյանը պատասխանում էր դրանց։
Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններից խոսելիս հաղորդավարը մանիպուլացնում էր գայթակղիչ, բայց վտանգավոր չափով պարզունակ բանաձևը․ եթե «դա» կարելի է Ռուսաստանին, ինչո՞ւ «դա» չի կարելի մեզ։ Ռ. Քոչարյանին հաջողվեց հանգիստ, արժանապատիվ և համոզիչ կերպով հասցնել հեռուստադիտողին արտաքուստ անհաճո, բայց աքսիոմատիկ միտք․ միջազգային քաղաքականության մեջ տարբեր պետությունների կողմից արված նույն գործողությունները կարող են ունենալ բոլորովին տարբեր հետեւանքներ։ Այն, ինչ իրեն կարող է թույլ տալ մեծ տերությունը, չպետք է իրեն թույլ տալ փոքր և խոցելի երկիրը։

Վարչապետի պաշտոնի ամենափորձառու հավակնորդի պատասխանների համոզչությունը պայմանավորված էր ոչ միայն փաստարկմամբ։ Կարեւորն այլ բան էր․ նա խոսում էր ոչ թե որպես քաղաքական դաշինքի առաջնորդ, որն իր դիրքորոշումը հարմարեցնում է ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային, այլ որպես պետական գործիչ, որն այդ տրամաբանությամբ առաջնորդվել է Հայաստանը 10 տարի կառավարելիս։ Այս առումով հատկապես խոսուն է հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերություններ կառուցելու նրա փորձը։ Արցախից համազգային քաղաքականություն հրավիրվելով՝ Ռ. Քոչարյանն արտաքին քաղաքականությունը չսկսեց «զրոյական կետից»։ Ընդհակառակը, զարգացնելով իր նախորդի ժառանգությունը՝ նա ձեւավորեց փոխլրացման (կոմպլեմենտար) արտաքին քաղաքականության դոկտրինը, ինչը Հայաստանին հնարավորություն տվեց միաժամանակ վստահելի հարաբերություններ պահպանել Մոսկվայի և Բրյուսելի, Վաշինգտոնի և Թեհրանի հետ։

Դրանում էր նրա դիվանագիտության իմաստնությունը. ի տարբերություն հետխորհրդային մի շարք երկրների՝ նա չփորձեց խաղալ մեծ տերությունների հակասությունների վրա, թեեւ նման գայթակղություններ, իհարկե, կային։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չվերածվեց մեկ ուժային կենտրոնի ցուցադրական ընտրության՝ մյուսի դեմ կամ նրա հաշվին։ Դա հնարավորություն տվեց ապահովել օտարերկրյա ներդրումների ներհոսք, ենթակառուցվածքների աննախադեպ զարգացում, պաշտպանել Արցախի շահերը և ամրապնդել հարաբերությունները Սփյուռքի հետ։

Իհարկե, շատերը կարող են առարկել, որ ժամանակները փոխվել են, եւ երբեմնի արդարացված քաղաքականությունն այսօր այլեւս պահանջված չէ՝ հատկապես 2022 թվականից հետո Ռուսաստանի և Արեւմուտքի հարաբերությունների աղետալի վատթարացման ֆոնին։ Անվիճելի է․ ռուս-ուկրաինական պատերազմն արմատապես փոխել է քաղաքական կոորդինատների համակարգը, որում այսօր ստիպված են գործել փոքր եւ միջին պետությունները, այդ թվում՝ Հայաստանը։ Մինչդեռ, հենց այդ հանգամանքը, նեղացնելով քաղաքական մանեւրի լուսանցքը, կտրուկ բարձրացրել է արտաքին քաղաքական սխալների գինը։

Նման պայմաններում սահմանափակ հնարավորություններով եւ բարձր խոցելիությամբ երկրի ղեկավարից պահանջվում են ոչ թե քաղաքական լարախաղացություն եւ ժամանակավրեպ՝ առանց պատշաճ պատրաստության խոչընդոտներով լի երկար վազքուղի նետվելու թեթեւամտություն, այլ զուսպ և կշռադատված որոշումներ կայացնելու ունակություն։ Վտանգավոր է արտաքին քաղաքականությունը վերածել բարոյական ինքնամաքրման գործիք կամ ռուս-ուկրաինական պատերազմի մեղավորների որոնման հարթակ դարձնելը, ինչին այդքան ձգտում էր հասնել Հայաստանի քաղաքական թոք-շոուների հնաբնակ հաղորդավարը։

Խոցելի երկրի քաղաքական պատասխանատուների խնդիրն է ՝ չփչացնել ռազմաքաղաքական դաշնակցի հետ հարաբերությունները, քանի որ դրանից է կախված քո երկրի անվտանգությունը, էներգետիկ և առևտրային հաշվեկշիռը, ֆինանսական կայունությունը, աշխատանքային միգրանտների արտոնյալ կարգավիճակը և այլ կարևորագույն պարամետրերը։

Սա գիտակցում էր Հայաստանի երկրորդ նախագահը։ Իր ժամանակին նրան հաջողվեց գնահատել հնարավորի սահմանները, կառուցել վստահելի երկխոսություն բոլոր նշանակալի ուժային կենտրոնների հետ եւ ռազմավարական հաշվարկը չփոխարինել գեոպոլիտիկ դրախտում ապրելու պատիր երազանքով, որի գինը անհամաչափ էր հայկական պետականության իրական հնարավորություններին։

Սա հասկանում են այսօր մեր դաշնակից Ղազախստանում։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ այդ երկրի փոխգործակցության մակարդակը անհամեմատ ավելի մեծ է, քան Հայաստանի դեպքում։ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործում է CEPA-ն՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ Ղազախստանի եւ ԵՄ-ի միջեւ՝ EPCA-ն՝ Ընդլայնված գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը։ Իրենց իրավա-քաղաքական բնույթով դրանք ԵՄ-ի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալացման համադրելի շրջանակներ են։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ապա Աստանան Վաշինգտոնի հետ ունի շատ ավելի մեծ բովանդակություն, բայց ավելի քիչ ցուցադրականություն։ Երևանը Վաշինգտոնի հետ ունի ավելի քիչ նյութական բազա, բայց ավելի շատ քաղաքական աղմուկ։Սակայն Աստանան, ի տարբերություն Երեւանի, իր աշխարհատնտեսական նշանակության և ավանդաբար բարձր միջազգային հեղինակության պայմաններում էլ չի օգտագործում Արեւմուտքի հետ կառուցած բարձր մակարդակի հարաբերությունները որպես ցուցադրական աշխարհաքաղաքական լծակ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ընդհակառակը՝ նա Ռուսաստանի եւ նրա առաջնորդի նկատմամբ ցուցաբերում է ընդգծված հարգանք եւ չի անտեսում Մոսկվայի կենսական շահերը։

Մեկ այլ խոսուն օրինակ է Ֆինլանդիան։ Դեռեւս 1970-ականների վերջից այդ երկիրը քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման մակարդակով մեծապես համապատասխանում էր այն չափանիշներին, որոնք հետագայում ամրագրվեցին որպես Կոպենհագենյան չափանիշներ։ Սակայն ԵՄ անդամակցության ճանապարհով շարժվելու քաղաքական որոշումը ֆինները կայացրին միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ֆիննական իմաստնությունը հենց նրանում էր, որ նրանք կարողացան չշփոթել պատրաստվածությունն ու ճիշտ պահը։
Այստեղից հարց․ ինչո՞ւ էր Հայաստանի Ազգային ժողովը ընդունում ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ մի ակնհայտ վաղաժամ և քաղաքականապես զգայուն օրենք-որոշում, որն ինքնին, նախաձեռնության հեղինակների իսկ խոստովանությամբ, ունի բացառապես դեկլարատիվ բնույթ, այն էլ այն պահին, երբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները մտել են խորագույն ճգնաժամի փուլ։

Մի՞թե մեր ապրած աղետներից, ինչպես նաեւ Ուկրաինայի դառը փորձից հետո դժվար էր հասկանալ մի պարզ բան․ արտաքին քաղաքականության մեջ գործողության ֆորմալ իրավունքը ոչ միշտ է համընկնում այդ գործողության քաղաքական նպատակահարմարության հետ։ Ուկրաինան, անշուշտ, իրավունք ունի ընտրելու իր աշխարհաքաղաքական ապագան, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Բայց խոցելի պետության արտաքին քաղաքականությունը պայմանավորված չէ միայն ֆորմալ իրավունքով։ Այն պահանջում է հնարավոր, առավել եւս՝ ամենավատ հետևանքների սթափ գնահատում, հատպապես երբ դրանց մասին բազմիցս նախազգուշացնում են։
Ուստի խնդիրն այն չէ, թե «ինչո՞ւ նրանց կարելի է, իսկ մեզ՝ ոչ»։ Հարցն այլ է․ ի՞նչ գին կվճարենք յուրաքանչյուր ընդունված որոշման համար։ Քաղաքականությունը վիրավորանքներ հիշեցնելու, հուզական գրկախառնությունների կամ կրակոտ հավաստիացումների դաշտ չէ։ Քաղաքականությունը կարողությունների, ռիսկերի և բոլոր հնարավոր հետեւանքների սթափ գնահատման արվեստ է։

Քոչարյանը ճիշտ է՝ հիշեցնելով հին ճշմարտությունը․ այն, ինչ թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ ցուլին։ Կամ, եթե խոսենք ոչ աֆորիստիկ լեզվով, ռազմական պարտությունից և Արցախի հանձնումից հետո խեղված Հայաստանը պետք է իր արտաքին քաղաքականությունը կառուցի բացառապես սեփական անվտանգության, տնտեսական կայունության եւ պետության կենսական շահերի պահանջներից ելնելով՝ չառհամարելով իր ռազմավարական դաշնակցի կենսական շահերը։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գեղամ Նազարյանը ՔՊ-ականների հետ ֆուտբոլ է խաղում

Գեղամ Նազարյանը ՔՊ-ականների հետ ֆուտբոլ է խաղում Sat, 30 May 2026 17:27:18 +0400 Latest news…

7 րոպե ago

Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի

Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի Sat, 30 May 2026 17:01:23 +0400…

33 րոպե ago

Կանադան և Ուկրաինան ԱԹՍ-ների համատեղ արտադրություն են սկսում

Կանադան և Ուկրաինան ԱԹՍ-ների համատեղ արտադրություն են սկսում Sat, 30 May 2026 17:00:16 +0400 Ուկրաինան…

34 րոպե ago

Մեր բոլոր դժբախտությունների և նվաստացումների անունը Նիկոլ Փաշինյան է

Մեր բոլոր դժբախտությունների և նվաստացումների անունը Նիկոլ Փաշինյան է Sat, 30 May 2026 16:45:06 +0400…

50 րոպե ago

Նարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին

Նարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին…

1 ժամ ago

Տուրիստական նավ է խորտակվել․ բարեբախտաբար զոհեր չկան

Տուրիստական նավ է խորտակվել․ բարեբախտաբար զոհեր չկան Sat, 30 May 2026 16:30:18 +0400 Թուրքիայի Մուղլայի…

1 ժամ ago