Վստահության ճգնաժամ է․ Աստղիկ Ավետիսյան
Sat, 30 May 2026 20:15:41 +0400
«Հրապարակի» զրուցակիցն է Հայկական Փի Ար ասոցացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:
– Իշխանությունները ինչպիսի՞ ՓԻԱՐ տեխնոլոգիաներ են կիրառում և ի՞նչ ազդեցություն են թողնում դրանք հանրության վրա:
-ՓԻԱՐ տեխնոլոգիան հնարքն է, թե ինչ հնարք ենք կիրառում հասարակության ուշադրությունը կիրառելու համար, իսկ ՓԻԱՐ գործիքները դրանք այն միջոցներն են, որոնց միջոցով տարածվում է տեղեկատվությունը և ուղերձները հասնում են մեծ լսարաններին: Գործիքը դա միջոցն է, որը տեխնիկական է, իսկ ՓԻԱՐ տեխնոլոգիան դա հնարքն է, որը ուշադրություն հրավիրելու համար է արվում և շատ բովանդակային է, այսինքն, բովանդակության հիմք է հանդիսանում: Եվ այստեղ պետք է ասել, որ այս ընտրությունները շատ չեն տարբերվում նախորդ ընտրություններից, միակ բանն այն է, որ ավելի շատ ատելության խոսքն է տարածվում, ավելի շատ միմյանց նկատմամբ ցեխ շպրտելու գործընթացն է շարունակվում և իշխող կուսակցությունն էլ բոլոր դերային դերակատարումների մեջ ներգրավված է: Բոլոր կուսակցությունները, քաղաքական ուժերն, ըստ էության, օգտագործում են տարբեր ՓԻԱՐ գործիքներ՝ զանգվածային լրատվության միջոցներ, հավաքներ, հանդիպումներ, թվային միջոցներ են շատ լավ օգտագործվում և տարածվում:
– Իսկ կիրառվող տեխնոլոգիաների մասով նորություններ կա՞ն:
– Նոր տեխնոլոգիաների տեսանկյունից շատ նորություն չունենք, ըստ էության տարբերվում է «Բոլորին դեմ եմ»-ի մի քիչ ստանդարտից դուրս մոտեցումները, որտեղ ավելի շատ ստեղծագործական մոտեցում կա, բայց քաղաքական պրոցեսներն անլրջացնելու միտում ունեն, իրենք ևս դա են ուզում, այդ անլուրջ պրոցեսները ներկայացնելու միտում ունեն: Բայց այստեղ ՓԻԱՐ տեխնոլոգիաների տեսանկյունից պիտի ասեմ, որ բավականին հետաքրքիր են ու մարդկանց ուշադրությունը հրավիրում են, հատկապես եթե հաշվի առնենք, որ երիտասարդությունը ընտրողների այն հատվածն է, որն ավելի քիչ մասնակցություն է ունենում ընտրություններին, երիտասարդների ուշադրությունը իրենք կարողանում են հրավիրել: Իսկ մյուս բոլոր առումներով պետք է ասել, որ դասական քաղաքական ուժերը, որոնք իրենց կայուն ընտրազանգվածն ունեն, նրանք իրենց ընտրազանգվածից առավել էլեկտորատ դեռ չեն կարողացել հավաքել, իսկ իշխող կուսակցությունն էլ իր ունեցած էլեկտորատը կորցրել է և բնականաբար արդեն իշխանության ղեկին գտնվող մարդը և կուսակցությունը ղեկավարող մարդը օգտագործում է այն բոլոր հնարավոր միջոցները, որ կարողանա իր ընտրողին պահել: Ըստ իմ ուսումնասիրությունների և դիտարկումների, այս ամբողջ քաոսը, խառնաշփոթը, բարձր խոսելը, հայհոյանքները, նվաստացնելը, այս ամեն ինչը, պարզապես միտված են այն բանին, որ չկորցնեն իրենց ընտրողներին, այսինքն, նրանց վրա որոշակի հոգեբանական և զգացմունքային ազդեցություն են առաջացնում, և դրանով փորձում են պահել իրենց լսարանին: Այլապես, որևէ ձև այս աղմուկը որևէ բանի չի օգնում, այս ընտրությունները նաև դրանով են տարբերվում, չնայած նախորդ ընտրություններն էլ էին այդպիսին` ոչ թե բովանդակային, ծրագրային բանավեճ է տեղի ունենում քաղաքական ուժերի միջև, այլ արհեստական աղմուկ է ձևավորվում և այդ աղմուկն անհասկանալի է դառնում ընտրողի համար, և մարդը գնալու է ընտրի այն քաղաքական ուժին կամ այն կերպարին, ում ինչ-որ չափով վստահում է: Որևէ ձև այս ընտրությունները չեն նպաստում, որ մարդը կողմնորոշվի, հասկանա, օրինակ, մի անգամ եթե սխալվել է, երկրորդ անգամ ինչպես կատարել ընտրությունը: Այս ընտրությունները շատ բևեռացված են, շատ է վախի մթնոլորտը, ճնշման մթնոլորտը, մարդկանց վախի մթնոլորտում փորձում են ավելի կառավարելի դարձնել, անընդհատ ինչ-որ անվտանգային խնդիրներ են առաջ գալիս, մարդն իրեն պաշտպանված չի զգում, անորոշ է զգում և այս ընտրությունների միակ բանը, որ բոլոր քաղաքական ուժերը հասկանան, դա այն է, որ մարդիկ պետք է իմանան, որ իրենց ընտրությունը շատ կարևոր է, որ այդ օրը տնից դուրս գան և գնան ընտրատեղամաս: Այսինքն, շատ կարևոր է, որ բոլորի կողմից հնչի այդ կոչը, որ մասնակցությունն ավելանա, որովհետև նախորդ ընտրություններին հստակ երևաց, որ հանրության ուղիղ կեսին չի հետաքրքրում երկրում տեղի ունեցող պրոցեսները:
– Նաև մամուլն է գրում, որ մարդկանց սպառնալով է իշխանությունը փորձում ձայներ ստանալ, կամ էլ հորդորում են չմասնակցել ընտրություններին, կամ անլրջանցում են գործընթացը, որպեսզի մարդիկ պարզապես չուզենան լսել ոչ ընտրությունների, ոչ քաղաքականության մասին: Որքանո՞վ է ստացվում այս գործիքը:
– Այո, դա շատ ձեռնտու տարբերակ է դառնում բոլոր ժամանակներում իշխող վերնախավի համար, որովհետև ինչքան քիչ մարդ է գնում ընտրություններին մասնակցելու, մի քիչ շատ ձայներ ունեցողը դառնում է առավելություն ունեցող ու դրա համար գուցե դա ձեռնտու է շատերին և այդ ներքին քարոզարշավն է տեղի ունենում: Բայց այս օրերին արձձանագրում ենք, որ բազմաթիվ վարչական ընտրախախտումներ են տեղի ունենում և պաշտոնյաներն իրենց բոլոր լծակներն օգտագործում են, որպեսզի կարողանան մասնակցել քարոզարշավին ու սրա հետ կապված լիքը փաստացի դեպքեր կան, որոնք արձանագրվել են, իսկ ընդհանրապես քաղաքական հաղորդակցության համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մեկի կարծիքը կարևորվի և յուրաքանչյուր մեկին հնարավորություն տրվի իր ընտրությունը կատարելու: Եվ դրա համար մեր քաղաքական կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պետք է այնպիսի քաղաքականություն որդեգրեն, որ առաջին հերթին կոչ անեն բոլոր մարդկանց մասնակցել ընտրություններին, թույլ չտալ, որ փոքր խումբը որոշի մեծ խմբի ակնկալիքներն ու սպասելիքները, և իր կառավարման ձևը, դրանով ևս պետք է կոչ անենք: Ինչո՞ւ է քիչ մասնակցությունը, որովհետև քաղաքական գործընթացներն այնքան են անլրջացել, որ հասարակությունն իր հույսը կորցրել է և այս անտարբերությունն առաջացել է այն բանից, որ մարդիկ ուղղակի չեն վստահում և այդ վստահության ճգնաժամի հաղթահարման խնդիրը կա ու դրա համար քաղաքական ուժերը չեն կարող հաջողել մի տեղ, եթե անընդհատ կա այդ աղմուկը, անընդհատ կա իրար նկատմամբ այդ ցեխ շպրտելու գործընթացը, ոչ բովանդակային քննարկումը: Լիքը խելացի մարդիկ փորձում են այս ամեն ինչին չմասնակցել, չարատավորել իրենց անունը և դա ևս շատ վատ բանի է բերում: Մարդկանց անտարբերությունը նպաստում է որոշակի քաղաքական ուժերի կայացմանը, կարևորմանը և առաջընթացին, բայց ընդհանուր հասարակության բարեփոխման այդ միջավայրում լուրջ հաղորդակցական խնդիրներ կան: Դրա համար քաղաքական կուսակցությունները պետք է մտածեն բովանդակային քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու, հենց դրա վրա ուշադրություն դարձնելու, որ փոխեն նաև իրավիճակը: