Իսկ «պարտությունը» շա՞տ վատ բան է

Իսկ «պարտությունը» շա՞տ վատ բան է

Mon, 01 Jun 2026 14:45:35 +0400


Ներկա իշխանությունը, որ փոխում է մեր կյանքը՝ գլխիվայր, մեր արժեքներն ու համոզմունքները դարձնում առոչինչ ու բերում նոր անորակ որակներ, փոխում է այբբենարանից սկսած մինչև Սահմանադրություն ու պատմություն, շուտով գուցե կփոխեն անգամ մեր բառարանները։

Այսպես, պատկերացնենք․ նոր իրական Հայաստան, բացատրական բառարան․

«Պարտություն» — մի հրաշալի բան, որի արդյունքում պետությունը դառնում է ինքնիշխան, հզորանում է և ինքնորոշվում, ճտից հանում է թոկը և ապրում խաղաղ, հարուստ ու երջանիկ։ Խաղաղություն հաստատելու միակ հնարավոր և երաշխավորված տարբերակն է, երբ երաշխավոր դառնում է հենց պարտության ենթարկող կողմը կամ նախկինում «թշնամի» կոչվածը (դիտիր «թշնամի» բառի նոր բացատրությունը)։ «Պարտությունը» նախկինում ունեցել է բացասական իմիջ, բայց հիմա, արդարև, այն ստացել է իրական Հայաստանի իրական վերաբերմունքը։

«Թշնամի» — կիրթ և գրագետ մարդկանց խումբ՝ մեկ պետության շրջանակներում ապրող, որոնք տարիներ շարունակ համբերատար դիմացել են հարևանի ագրեսիային, տուժել են հարևանի պատճառով և մի գեղեցիկ օր արտահայտել են իրենց արդար վրեժը՝ բնաջնջելով ու իրենց պապերի հողից վռնդելով հարևանին։ Նրանց մեղադրելու չէ, այդ հողերը իրենց պետք էին օբյեկտիվորեն, իսկ հարևանին պե՞տք էին, ո՛չ, մեզ պետք չէին, որովհետև հարևանը ոչ մի մանկապարտեզ տեղում չի կառուցել։ «Թշնամու» կերպարի շուրջ դարեր շարունակ հյուսվել են բացասական միֆեր, բայց իրականությունն այն է, որ թշնամին, սպանելուց, բռնազավթելուց և էթնիկ զտումներից հետո, ավտոմատ դառնում է խաղաղության երաշխավոր և ապահովում պարտված հարևանի երջանիկ կյանքն ու դրա հեղինակ ղեկավարների մշտական վերարտադրությունը ընտրություններում։

Հնարավոր է այսպիսի բան, իսկ ինչո՞ւ՝ ոչ, իհարկե հնարավոր է։ Բառերն ընդհանրապես իրենց զարգացման ընթացքում կարող են իմաստափոխվել, կարող են անգամ ճիշտ հակառակ իմաստն ընդունել, ու դա սպառնում է հատկապես «պարտություն», «խաղաղություն», «երաշխավոր», «հայրենիք» բառերին։ Ներկա իշխանությունները հիմա արդեն «պարտություն» երևույթը ներկայացնում են որպես հրաշալի մի բան, որի շնորհիվ մեզ հաջողվել է վերջապես ապահովել մեր պետության գոյությունն ու գտնել մեր կյանքի լավագույն տարբերակը։ Այպես որ՝ հաստատ հնարավոր է։ Շարունակենք ծանոթանալ արդեն իսկ իմաստափոխման ուղին բռնած բառերի հետ։

«Հայրենասիրություն» — հնբ. (անախրոնիզմ)։ Բացատրական նոր բառարանի էջերում այս բառը կունենա շատ նվաստ նկարագրություն։ Մի երևույթ, որը դարեր շարունակ մեզ պարտադրել են իմպերիաները, չկա նման բան բնության մեջ, այն նկարագրված է միայն Հայաստանի սխալ (կեղծ) պատմության և գրականության մեջ, այն բնորոշ է «ռաբիս» մարդկանց և «ռաբիս» պոեզիային, հնաոճ է և դուրս է եկել (գուցե՝ արգելվել է) արդի հայերենի բառապաշարից։

«Արցախ» — հնբ. (հնաբանություն)։ Չգործածվող միֆական տեղանուն, որը երբեք գոյություն չի ունեցել, ի սպառ երբևէ չի եղել մերը, այլ պետության՝ հարևան, բարեկամ Ադրբեջան ջանի տարածքի մի հատվածում թալանչի ագրեսորների կողմից գործածվող բառ (արգելված է պաշտոնական խոսույթում, իսկ կենցաղային մակարդակում՝ հետապնդվում է)։ «Արցախ» բառը գործածող և այն կարոտող բոլոր թալանչի ագրեսորները ենթակա են կզզացման։

«Արարատ» — հարևան բարեկամ Թուրքիա ջանի տարածքում գտնվող մի սար, որը միֆական պատումներում հայերի կողմից ընկալվել է որպես սուրբ լեռ, բայց նման բան իրականում գոյություն չունի։ Պիղծ կղերականների պնդմամբ, այդ լեռան վրա խարսխվել է Նոյյան տապանը, բայց դա միֆ է և չի համապատասխանում իրականությանը։ Արարատ լեռանը վերագրվող պաշտամունքը Նոր Հայաստանի կողմից պաշտոնապես փոխանցված է և վերաձևակերպված Արագածի վրա։ Վերջինս երկու գագաթի փոխարեն ունի 4 գագաթ, ուստի սիրո և հիացմունքի համար՝ կրկնակի պատճառներ, և մի մեծ առավելություն՝ այդ սարի նկատմամբ հետաքրքրություն հարևանները դեռևս չեն ցուցաբերել։

Այս աբսուրդը, որ զավեշտալի և, միաժամանակ, սարսափելի, կարելի է շարունակել։ Բայց այն երբեք իրականություն չի լինելու, քանի որ արժանապատիվ հայը դեռ հնաբանություն չէ, բառարանային բացատրության կարիք զգացող վերացած մի բան չէ։ Արժանապատիվ հայը այս բառերի իմաստափոխությունը թույլ չի տալու։

Պարտություն կրել, դժբախտաբար, հնարավոր է՝ հիմնականում վատ կառավարման, թերի հայրենասիրական ոգու և անպատասխանատվության պատճառով, և դա հենց տեղի է ունեցել մեզ հետ։ Բայց հնարավոր է նաև այդ աղետն ընդունել արժանապատվորեն՝ չփոխելով դրա բուն բնույթն ու դրան հարմարվելով՝ աղետը չընկալել ու չներկայացնել որպես բարիք։ Ոչ մի կերպ արժանապատիվ հայը թույլ չի տալու, որ մեր կյանքում «պարտությունը» դարձնեն լավ բան։ Իսկ պարտությունն իրականում շատ վատ բան է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Լսելով ընկերոջ տնային կալանքի մասին, հաջորդ օրը մահացել է»

«Լսելով ընկերոջ տնային կալանքի մասին, հաջորդ օրը մահացել է» Fri, 19 Jun 2026 16:51:21 +0400…

13 րոպե ago

Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Fri, 19 Jun 2026 16:45:09 +0400 Հունիսի 19-ին՝ ժամը 11:56-ին,…

19 րոպե ago

8-ամյա երեխա է մահացել Մոսկվայի վրա հարձակման հետևանքով

8-ամյա երեխա է մահացել Մոսկվայի վրա հարձակման հետևանքով Fri, 19 Jun 2026 16:30:59 +0400 Նախօրեին…

34 րոպե ago

Որքան է կազմել ԱՄՆ ծախսը՝ Իրանի դեմ ռազմարշավում

Որքան է կազմել ԱՄՆ ծախսը՝ Իրանի դեմ ռազմարշավում Fri, 19 Jun 2026 16:30:48 +0400 Միացյալ…

34 րոպե ago

Երբ Նիկոլ անունը դառնում է որակում․․․

Երբ Նիկոլ անունը դառնում է որակում․․․ Fri, 19 Jun 2026 16:15:49 +0400 Հիշում եք, երևի,…

49 րոպե ago

Մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը. Արմեն Գալստյան

Մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը. Արմեն Գալստյան Fri, 19 Jun 2026 16:14:50…

50 րոպե ago