«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին
Mon, 01 Jun 2026 20:15:04 +0400
Մամուլում բազմիցս գրվել է այն մասին, որ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը` Շուշան Ղազարյանը համացանցում արցախցիների դեմ ատելության քարոզ է անում, վիրավորում ու անիծում, պիտակներ կպցնում, չարախնդում է մարդկանց դժբախտության վրա:
«Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարո՞ղ եք»,- այսպես էր բնորոշել արցախցիներին տիկինն անցած տարվա ապրիլին: Բարձրացած աղմուկից հետո նա մի պաթետիկ գրառումով ներողություն խնդրեց արցախցիներից՝ նշելով, որ Արցախի համար ինքը ոչինչ չի խնայել, պայքարել է, սակայն ատում է բոլոր նրանց, ովքեր թալանել են Արցախը եւ այլն: Բայց, չգիտես ինչու, չէր բացատրել, թե ինչպես է շարունակում երկրպագել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ այս կինը 2018-ից հետո հետեւողականորեն արցախցիների, ընդդիմության, Փաշինյանին քննադատողների հասցեին վիրավորական գրառումներ է արել, նաեւ ինչի արդյունքում իր տարեց ամուսինը դարձավ Հանրային ռադիոյի տնօրեն:
Տևական լռությունից հետո` ընտրություններին ընդառաջ ողջ կյանքը Պրահայում ապրած «հայրենասեր» տիկինը նորից որոշել է արցախցիների դեմ ատելության քարոզ անել: Նա իր ֆեյսբուքյան գրառումները փակել է ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար եւ իրեն գաղափարակից ընկերների հետ վատաբանում է տուն ու տեղից զրկված մեր հայրենակիցներին, մեկնաբանություններ գրում արցախցիների դեմ, երբեմն նրա ընկերները կիսվում են այդ չարություն ժայթքող գրառումներով, որոնք էլ պատահաբար հայտնվում են մեր տեսադաշտում: Օրինակ վերջերս մի նիկոլական տիկնոջ էջում նա մեկնաբանություն է թողել. «Գողերի գերդաստան արտադրող»:
Մեկ այլ արցախցու մասին, ով վերջերս քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու քննադատել, գրել է. «Խուլիգան, թալանչի»:
Թե ում են թալանել շարքային արցախցիները և ինչ թալանչիներ են արտադրել, հայտնի է միայն Քոլոյանի կնոջը:
Ժամեր առաջ էլ նա անդրադարձել է կիրակի օրը Հանրայինի մեծ բանավեճի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ արցախցի Արգեա Հովսեփյանին, գրելով. «Երեկվա լրբին երբ տեսա Պետրոսի տաղավարում, էդ օրերը հիշեցի։ Հիմա ահավոր գլուխս ցավում է, սա էլ մեջբերելուց հետո, լրիվ շշմած վիճակում եմ։ Հետո էլ ասում ենք առողջություն չմնաց․․․որտեղից մնար․․․ամեն հիշելիս, մահս բերանս է գալիս։ Էս ինչ օրի գցեցին երկիրը․․․»:
Հետո նորից անդրադառնալով Արեգա Հովսեփյանին գրել է. «Էդ արցախցի կնոջ վրա եմ զարմացել։ Մատը մտցնում էր Վահագի աչքը, երակները կանգնած, գիշատիչ կենդանի։ Էդպես իր երկրի համար թող կռվեր։ Շունչս կտրվում է։ Քանի հաբ կուլ տամ, որ չմեռնեմ։ Մեր տան մեջ մեզ քրքրում են։ Ախ, Նիկոլ…»:
Իբրեւ թե ինքը Արցախի համար ցավում է, արցախցիների հասցեին լուտանքներ տեղալով եւ Արցախը հանձնողին դիմելով: