«Հրապարակ». Ինձ համար ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը սպառել է իրեն
Wed, 03 Jun 2026 13:45:25 +0400
«Հրապարակի» զրուցակիցն է մանկավարժ Արամ Խաչատրյանը:
– Դուք երկար տարիներ ապրել եք Ռուսաստանում։ Թերեւս, շատերից լավ կարող եք բացատրել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս լարվածությունը։
– Դուք ասացիք՝ լարվածություն։ Ես ավելի կոնկրետ կասեմ՝ անհարկի եւ անհեռատես դիմակայություն։ Հարց է ծագում՝ ո՞ւմ է պետք այդ դիմակայությունը, եւ ի՞նչ շահ է դրանից ստանում մեր երկիրը։ Այսօր արդեն հասարակության տարբեր շերտեր իրենց վրա զգում են այդ քաղաքականության բացասական հետեւանքները։ Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ, արտահանողները, ծաղկագործները, բանջարաբույծները, միրգ արտադրողները կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Սակայն իշխանություններին, կարծես, դա չի հուզում։ Մինչդեռ նրանք որեւէ նոր արդյունաբերական «հեղափոխություն» չեն իրականացրել, չեն ստեղծել այնպիսի տնտեսական միջավայր, որը կարող էր փոխհատուցել հնարավոր կորուստները։ Փոխարենը՝ շարունակում ենք լսել ինքնագովազդ եւ տեսնել պետական միջոցների անխնա վատնում։ Ռուսաստանից օրեցօր ավելի կոշտ հայտարարություններ են հնչում։ Եթե այս հարաբերությունները շարունակեն զարգանալ նույն տրամաբանությամբ, մի օր կարող ենք արթնանալ եւ շոկի մեջ ընկնել գազի կտրուկ թանկացման լուրից։ Այդ դեպքում դժվար կլինի մեղադրել ռուսներին։ Որքա՞ն կարող է որեւէ պետություն հանդուրժել իր նկատմամբ ցուցաբերվող բացահայտ անտեսումն ու արհամարհանքը։
– Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով գազի հնարավոր թանկացման մասին զգուշացումներին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վճարել միջազգային գներով, որ մենք աննախադեպ հարստանալու ենք եւ այլն: Հաշվարկ կա՞ այդ մոտեցման տակ։
– Իմ կարծիքով՝ ոչ։ Դա ավելի շատ քաղաքական հայտարարություն է, քան տնտեսական հաշվարկ։ Եթե Հայաստանի համար գազի գինը հավասարեցվի միջազգային շուկայական գներին, ապա խոսք կգնա ներկայիս գների համեմատ մի քանի անգամ թանկացման մասին։ Որոշ հաշվարկներով՝ մինչեւ 600 դոլար։ Սա պարզապես հերթական սակագնի փոփոխություն չի լինի, այլ ծանր հարված կհասցնի բնակչությանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, փոքր եւ միջին բիզնեսին։ Գազի թանկացումը եւ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրները կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մեր ժողովրդի կյանքը դժոխքի վերածվի։ Տնտեսությունը կփլուզվի, հանրապետության գոյատեւումն ապահովող հուսատու բոլոր «լույսերը» կհանգչեն։ Այդ խավարի մեջ հայտնվելու է ժողովուրդը, ոչ թե իշխանության ներկայացուցիչները, որոնք շարունակում են ապրել պետական միջոցներով ապահովված իրականության մեջ։
– Իշխանությունները հակադարձում են՝ «մեզ ոչինչ չի խանգարի, մենք հզոր ենք, մեր բանակը վերազինվում է»: Ապացույցն էլ վերջին զորահանդեսն են համարում։
– Զորահանդեսն ինքնին վատ երեւույթ չէ։ Ամբողջ աշխարհում դրանք անցկացվում են պետության ռազմական ներուժը ցուցադրելու, հասարակության մարտական ոգին բարձրացնելու եւ հակառակորդին զսպելու նպատակով։ Սակայն ի՞նչ էր իրական նպատակը մեր դեպքում։ Իմ տպավորությամբ՝ իշխանությունները փորձեցին ստեղծել արտաքին փայլի պատկեր, որը պետք է ծածկի առկա խնդիրները։ Իսկ խնդիրները քիչ չեն։ Թշնամին շատ լավ գիտի, որ վերջին տարիներին Հայաստանում լայնածավալ ռազմական զորավարժություններ գրեթե չեն անցկացվել։ Գիտի նաեւ, որ զինված ուժերի թիվը նվազել է։ Այդ մասին տարբեր առիթներով խոսել են նաեւ իշխանության ներկայացուցիչները։ Բանակից հեռացել կամ հեռացվել են բազմաթիվ փորձառու սպաներ։ Բանակի եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող բնական կապը թուլացել է, իսկ ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում ակնհայտ բացեր կան։ Ցուցադրված ռազմական տեխնիկան կարող է արդյունավետ ծառայել պաշտպանական խնդիրների լուծմանը, եթե ապահովված լինի համապատասխան զինամթերքով եւ լիարժեք յուրացված լինի անձնակազմի կողմից։ Սակայն ժամանակակից բանակը պետք է ունենա նաեւ զսպման լուրջ միջոցներ, որոնք հակառակորդին կստիպեն հաշվի նստել Հայաստանի հետ։ Ուստի չեմ կարծում, թե այդ զորահանդեսը կարող էր որեւէ առանձնահատուկ տպավորություն թողնել մեր թշնամիների վրա։
– Ոմանք ասում են, որ Հայաստանի գլխավոր խնդիրն արտաքին քաղաքականությունը չէ միայն, այլ նաեւ՝ ժողովրդագրական վիճակը։
– Այո։ Եթե շարունակվեն արտագաղթը, ծնելիության նվազումը, հասարակության հիասթափությունը, վաղ թե ուշ կհասնենք շատ վտանգավոր սահմանագծի։ Ուժեղ պետություն կառուցելու համար անհրաժեշտ են ոչ միայն զենք եւ դաշնակիցներ, այլեւ՝ մարդիկ։ Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ երիտասարդ ընտանիքները ցանկանան ապրել, աշխատել եւ երեխաներ մեծացնել Հայաստանում։ Ցավոք, այսօր հազարավոր մարդիկ մտածում են ոչ թե հայրենիքում ապագա կառուցելու, այլ այն լքելու մասին։ Սա ազգային անվտանգության խնդիր է ոչ պակաս, քան սահմանների պաշտպանությունը։
– Դուք քննադատում եք գործող իշխանություններին։ Ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը։
– Ժողովուրդն է իր ճակատագրի տերը։ Ինչպես ասում են՝ խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքում է։ Սակայն ես չեմ կարծում, թե մեր ժողովուրդն այսօր անօգնական վիճակում է։ Նա պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարի` քաղաքացիները պետք է պատասխանեն մի պարզ հարցի․ շարունակե՞լ այն ճանապարհը, որով վերջին տարիներին շարժվել է երկիրը, թե՞ ընտրել այլընտրանք։ Ես՝ անձամբ, վաղուց եմ կատարել իմ ընտրությունը եւ չեմ թաքցնում դա։ Համոզված եմ, որ Հայաստանը քաղաքական նոր թիմավորման եւ ազգային համախմբման կարիք ունի։ Այդ պատճառով աջակցելու եմ Սամվել Կարապետյանին եւ հավատում եմ, որ նա կարող է դառնալ այն գործիչը, որի շուրջ կհամախմբվեն առողջ քաղաքական ուժերը։ Կարծում եմ՝ արժե ուշադրություն դարձնել նաեւ այն քաղաքական դերակատարներին, որոնք տարիներ շարունակ մասնակցել են պետական կառավարմանը եւ ունեն անհրաժեշտ փորձ։ Ժողովուրդն ինքն է որոշելու իր ընտրությունը, սակայն ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը սպառել է իրեն։ Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է հաղթահարել այս դժվար շրջանը։ Հավատում եմ, որ միասնական աշխատանքի, ազգային արժանապատվության վերականգնման եւ պետական մտածողության շնորհիվ մենք կարող ենք երկիրը վերադարձնել զարգացման եւ շենացման ճանապարհ։