CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների խախտմանը

CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների խախտմանը

Wed, 07 Oct 2026 17:43:21 +0400


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE):

Պալատի խորհրդի մտահոգությունները, մասնավորապես, վերաբերել էին փաստաբան Երեմ Սարգսյանին առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի վարույթին մասնակցելուց ազատելուն, նույն վարույթով որպես վկա հարցաքննության հրավիրելուն, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելուն:

Քննարկելով փաստաբան Երեմ Սարգսյանի դիմումը և նրա կողմից բարձրացված հարցերի առնչությամբ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել էր փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները (տե՛ս ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը )։

Փաստաբանների պալատի դիմումին ի պատասխան՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) իրավասու մարմիններին ուղղված ուղերձով ընդգծել է փաստաբանի անկախության, մասնագիտական գործունեության ազատ իրականացման, փաստաբանական գաղտնիքի և պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովման հիմնարար նշանակությունը։

CCBE-ն իր պատասխանում հիշեցրել է, որ փաստաբանների դերն արդարադատության իրականացման և օրենքի գերակայության պաշտպանության գործում առանցքային նշանակություն ունի: Մասնավորապես, CCBE-ն նշել է, որ փաստաբանները պետք է կարողանան իրավաբանական օգնություն տրամադրել՝ գործելով անկախ և առանց անհարկի միջամտության՝ անկախ վարույթի բնույթից, վստահորդի ինքնությունից կամ գործի առանձնահատկություններից։

CCBE-ն հատուկ ընդգծել է, որ այս սկզբունքը առավել կարևոր նշանակություն ունի քրեական վարույթներում, քանի որ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումն արդար դատաքննության իրավունքի էական բաղադրիչներից է։

CCBE-ն փաստացի վերահաստատել է այն միջազգային սկզբունքը, ըստ որի՝ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշման, խոչընդոտման կամ անպատշաճ միջամտության, իսկ նրա մասնագիտական գործունեության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները պետք է պահպանվեն որպես փաստաբանական գաղտնիք։

CCBE-ն իրավասու մարմիններին կոչ է անում ապահովել, որպեսզի այս հիմնարար սկզբունքները գործնականում լիարժեքորեն պահպանվեն, և փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել անկախ, ազատ և առանց անպատշաճ միջամտության՝ միաժամանակ երաշխավորելով քրեական վարույթի շրջանակում գտնվող անձանց իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը։

Հատկանշական է նաև, որ CCBE-ն իր պատասխանում Հայաստանին կրկին կոչ է արել առաջնահերթ կերպով ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան։

ՀՀ փաստաբանների պալատը կարևորում է CCBE-ի այս արձագանքը՝ որպես փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և անձանց պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հիմնարար երաշխիքների վերահաստատում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

2 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

2 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

2 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

2 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

2 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

2 ժամ ago