Շնորհավորանք, չէ` ծաղր
Wed, 03 Jun 2026 18:15:02 +0400
Հունիսի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առիթով, եւ նույն օրը նրա հետ հեռախոսազրույց ունեցել մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների թեմայով: ՔՊ-ականներն ակտիվորեն տարածում են այս երկու տեղեկությունն էլ՝ փորձելով ցույց տալ, որ Ռուսաստանի եւ այդ երկրի նախագահի հետ հարաբերությունները վերջնականապես եւ անդառնալիորեն կորսված չեն, որ հունիսի 7-ից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին եղել էին մինչեւ մայիսի սկիզբը, մինչեւ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որից հետո Ռուսաստանը Հայաստանի առաջ կողմնորոշվելու կտրուկ պահանջ դրեց՝ ընտրություն կատարել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Բայց նույն պահին, երբ Վլադիմիր Պուտինը շնորհավորում էր Նիկոլ Փաշինյանին, «Ռոսսելխոզնադզորը» հայտնեց, որ Հայաստանից ձկան արտահանման հավաստագրումը դադարեցվում է, որ միայն երկու ընկերություն կկարողանա ձուկ արտահանել Ռուսաստան։ Նույն օրը նույն կազմակերպությունն արգելք սահմանեց Հայաստանի մրգերի եւ հատապտուղների արտահանման վրա: Ի՞նչ է ստացվում․ Ռուսաստանը՝ հանձին նախագահի, ջերմ ընկերական հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, բայց թշնամություն է անում հայ արտադրողների եւ ներմուծողների նկատմամբ, մինչդեռ իրականում հայտարարում են, որ ճիշտ հակառակն է՝ հայ ժողովուրդն է իրենց բարեկամը, իսկ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում: Ո՞րն է հիմա ճիշտը, ինչո՞ւ է Պուտինը շնորհավորում Փաշինյանին, բայց պատժում հայ գյուղացիներին, արտադրողներին եւ արտահանողներին:
Նախ սկսենք նրանից, որ, շատերի կարծիքով, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ներկա թշնամությունը խաղ է, բեմականացում, որի իմաստն այն է, որ ընտրություններում Փաշինյանը ստանա Արեւմուտքի աջակցությունը․ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն, որոնց ձեռքին է գտնվում ընտրություններն օրինականացնելու կնիքը, աչք փակեն Փաշինյանի ընտրակեղծարարության, ընդդիմությանը հալածելու եւ ճնշելու գործողությունների վրա` ասելով, որ եթե դա արվում է հանուն ԵՄ-ի հետ բարեկամության, որ եթե կեղծիքն ու բռնությունը ուղղված են պրոռուսական ուժերի դեմ, դա արդարացված է, կեղծված ընտրությունը` օրինական: Ընտրություններից հետո երբ Փաշինյանը ստանա իշխանության «յառլիկը»` հավաստագիրը, որ ինքն օրինական ընտրված վարչապետ է եւ իրավունք ունի եւս հինգ տարով կառավարել Հայաստանը, նա նորից կնետվի Ռուսաստանի եւ Պուտինի գիրկը եւ նրան հավերժական սեր ու հնազանդություն կխոստանա, եւ ամեն ինչ կվերադառնա նախկինին, Ռուսաստանը կչեղարկի բոլոր սահմանափակումներն ու արգելքները:
Որքան էլ որ սրա մեջ ինչ-որ տրամաբանություն լինի՝ այն իմաստով, որ Փաշինյանը չունի սկզբունքներ եւ մեկ անգամ չէ, որ փոխել է իր դիրքորոշումը, այն չի համապատասխանում իրականությանը, թեկուզ այն պարզ պատճառով, որ նա Արեւմուտքից իշխելու հավաստագիր կստանար նաեւ առանց Ռուսաստանի հետ կոշտ հակադրության մեջ մտնելու, այնպես չէ, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն Հայաստանում ուզում էին ուրիշ մեկին նշանակել վարչապետ, բայց Փաշինյանը հակառուսական բեմականացում կազմակերպեց եւ չեղարկեց իր հեռացման սցենարը: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածը դասական գունավոր հեղափոխություն էր, որի կազմակերպիչն ու շահառուն Արեւմուտքն էր, Փաշինյանը 8 տարի անդավաճան ծառայել է իր արեւմտյան տերերին, չնայած նրան թույլ է տրվել շատ կտրուկ հակառուսական քայլեր չանել, որ կարողանա Ռուսաստանի վրա փող աշխատել, որ իրենցից փող չուզի կամ շատ չուզի: Հիմա էլ են նույնն ասում`աշխատիր կապերը չխզել Ռուսաստանի հետ, մենք քեզ ու քո ռեժիմը պահելու փող չունենք: Դրա համար է Փաշինյանն անընդհատ կրկնում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ, քանի դեռ ԵՄ-ն պատրաստ չէ Հայաստանին վերցնել իր խնամակալության տակ:
Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի շնորհավորելուն: Նախ՝ դա ծաղր է. երբ դու մեկի հանդեպ թշնամական քայլ ես անում ու հետո նրան շնորհավորում ես ծննդյան տոնի առթիվ, դա բացահայտ ծաղր է` հրապարակային: Որովհետեւ չի կարելի մարդու հացը ձեռքից առնել, նրան կտրել սնվելու եւ ապրուստի միջոցներից եւ միաժամանակ ծնունդը շնորհավորել ու բարեմաղթանքներ ասել: Սա ճիշտ է ինչպես մարդկային, այնպես էլ միջպետական հարաբերություններում: Նիկոլ Փաշինյանի փոխարեն որեւէ արժանապատիվ մեկը կասեր, որ շնորհավորանքի փոխարեն ինքը կգերադասեր, եթե Ռուսաստանը վերացներ Հայաստանի նկատմամբ սահմանված արգելքներն ու սահմանափակումները: Բնական է, որ Փաշինյանը նման բան չի ասի:
Երկրորդ. Վլադիմիր Պուտինը Փաշինյանին շնորհավորելով եւ նրա հետ հեռախոսային զրույց ունենալով ուզում է ցույց տալ, որ Ռուսաստանը նրա նկատմամբ որեւէ անձնական թշնամություն չունի: Եթե Փաշինյանը հանգիստ եւ անցնցում հանձնի, իշխանությունը կարող է նույնիսկ Մոսկվայում քաղաքական ապաստան ստանալ Բաշար ալ Ասադի, Վիկտոր Յանուկովիչի եւ էլի նման մի քանիսի պես: Աշխարհի պատմությունը ցույց է տվել, որ Արեւմուտքն իրեն ծառայած բռնապետերին, մաշվելուց եւ գործածության ժամկետը կորցնելուց հետո, ուղղակի ուտիլիզացնում է որպես անպետք ապրանք, իսկ Ռուսաստանը կյանքի եւ ապահովության իրավունք է տալիս: