Որ քաղաքական ուժերն ինչ են խոստանում

Որ քաղաքական ուժերն ինչ են խոստանում

Fri, 05 Jun 2026 16:15:27 +0400


Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժերից 9-ը իրենց քաղաքական ծրագրում ընտրողներին խոստանում են բնական ռեսուրսների կառավարման, օգտագործման և բնապահպանական հարցերին առնչվող աշխատանքներ տանել: Համառոտ ներկայացնում ենք դրանք.

«Ուժեղ Հայաստան» դաշինք (N 3)

Ծրագրում (էջեր 29-30) բնապահպանական բաղադրիչը հիմնականում արտահայտվում է էներգետիկ ռեսուրսների զարգացման և կառավարման համատեքստում։ Մասնավորապես, նախատեսվում է զարգացնել արևային և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրները, խթանել էներգախնայողության գործունեությունը, զարգացնել հիդրոկուտակման հնարավորությունները և արդիականացնել էլեկտրական ցանցերը։

«Միասնության թևեր» կուսակցություն (N 6)

Ծրագիրը (էջեր 44-46) շրջակա միջավայրի պահպանությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության, հանրային առողջության և տնտեսական կայունության հիմնասյուն։ Նախատեսվում է վերանայել հանքարդյունաբերության ոլորտը՝ ներդնելով խիստ բնապահպանական ստանդարտներ և հանրային վերահսկողություն, կիրառել «աղտոտողը վճարում է» սկզբունքը և ապահովել շրջակա միջավայրի վերականգնման մեխանիզմներ։ Ծրագիրը նաև նախատեսում է ջրային ռեսուրսների պաշտպանության և արդյունավետ կառավարման համակարգերի ներդրում, օդի աղտոտվածության նվազեցում, թափոնների կառավարման և վերամշակման համակարգի զարգացում, կենսաբազմազանության և անտառների պահպանություն, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի խթանում։ Բնապահպանական քաղաքականության իրականացման շրջանակում առանձնահատուկ ընդգծվում է հանրային վերահսկողության դերը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (N 7)

Ծրագիրը (էջեր 6, 7) նախատեսում է ջրային տնտեսության կառավարման համակարգի արմատական վերափոխում՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Միաժամանակ, ծրագիրը կարևորում է էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավության ապահովումը՝ նոր ժամանակակից ատոմակայանի կառուցման, պղնձաձուլարանների ստեղծման, մետաղական հումքի վերամշակման արդիականացման, գլոբալ տվյալների կենտրոնների, ինչպես նաև ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոնի հիմնման միջոցով։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» (N 8)

Ծրագրում (էջեր 3-4) բնապահպանական բաղադրիչը հիմնականում արտահայտվում է ջրային ու էներգետիկ ռեսուրսների կառավարման համատեքստում։ Մասնավորապես, նախատեսվում է ջրային և հիդրոէներգետիկ ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի խթանում։ Նախատեսվում է նաև նոր ատոմակայանի կառուցում և էներգետիկ անկախության ապահովում։

«Հայ ազգային կոնգրես» (N 10)

Ծրագրում (էջեր 24-25) բնապահպանությունը դիտարկվում է որպես տնտեսական զարգացման հիմնարար ուղղություն՝ շեշտադրելով մաքուր բնության պահպանման և հանրային առողջության առաջնահերթությունը։ Ծրագրով նախատեսվում է հրաժարվել նոր հանքարդյունաբերության զարգացումից՝ սահմանափակվելով գործող ավանդական հանքերի շահագործմամբ, ինչպես նաև կիրառել խիստ էկոլոգիական չափանիշներ գործող հանքարդյունաբերական տնտեսվարողների նկատմամբ։ Նախատեսվում է փակել և կոնսերվացնել Երևանի օդը աղտոտող հանքերը, խրախուսել էկոգյուղատնտեսությունն ու էկոտուրիզմը, վերացնել աղբավայրերը և կառուցել աղբամշակման գործարաններ։ Ծրագիրը նաև նախատեսում է խստացնել քաղաքաշինական նորմերը՝ մասնավորապես պարկային գոտիների ստեղծման պարտադրանքով։

«Հանրապետություն» կուսակցություն (N 11)

Ծրագիրը (էջեր 1, 3) տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման համատեքստում նախատեսում է հանքահումքային ռեսուրսների լիարժեք և արդյունավետ օգտագործում, նոր ատոմակայանների կառուցում, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման բարելավում՝ նոր ջրամբարների կառուցման և ջրի կուտակման ծավալների ավելացման միջոցով։ Ծրագիրը նախատեսում է վերակազմավորել կառավարության կառուցվածքը՝ ստեղծելով Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների, ինչպես նաև Ատոմային էներգիայի և էներգետիկայի նախարարություններ։

«Ժողովրդավարական համախմբում» (N 14)

Ծրագրում (էջ 12) ընդերքի աստիճանական ազգայնացումը ներկայացվում է որպես առաջնահերթություն։ Սակայն տվյալ առաջնահերթության համար կոնկրետ հանձնառություններ ծրագրում ներկայացված չեն։

«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» (N 15)

Ծրագրում (էջեր 20, 23, 28-32) նախատեսվում է Սյունիքում ստեղծել հանքային հումքի վերամշակող գործարաններ և մետաղների պատրաստի արտադրանք արտադրող համալիրներ։ Լոռու մարզում նախատեսվում է հանքարդյունաբերության զարգացում՝ խիստ բնապահպանական վերահսկողության պայմաններում, ինչպես նաև հանքարդյունաբերությունից ստացվող շահույթի մի մասի ուղղում համայնքների զարգացմանը։ Ծրագրում նշվում է, որ Վայոց Ձորի սարերը, անտառները և ջրերը պետք է պաշտպանվեն, իսկ բնապահպանությունը դիտարկվում է որպես պետական անվտանգության մաս։ Նախատեսվում է նաև վերակառուցել ոռոգման համակարգերը և խմելու ջրի ցանցերը։

«Քաղաքացիական պայմանագիր» (N 16)

Ծրագրում (էջեր 16, 24-25) կարևորվում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, կենսաբազմազանության պահպանումը և կոշտ թափոնների արդյունավետ կառավարումը։ Նախատեսվում է ներդնել կոշտ թափոնների շրջանաձև կառավարման համակարգ՝ հիմնվելով եվրոպական երկրների փորձի վրա։ Ծրագրով նաև նախատեսվում է հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող ստանդարտները փուլային կերպով համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին։ Նախատեսվում է նաև Սևանա լճից ջրառի աստիճանական կրճատում, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ուժեղացում, կենսաբազմազանության պաշտպանության միջոցառումների իրականացում, ինչպես նաև օդի, ջրի և ճառագայթային ֆոնի մոնիթորինգի համակարգերի զարգացում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՔՊ-ականները եւս մեկ անգամ ցույց տվեցին իրենց անմարդկային նկարագիրը

«Հրապարակ». ՔՊ-ականները եւս մեկ անգամ ցույց տվեցին իրենց անմարդկային նկարագիրը Wed, 05 Aug 2026 09:15:10…

14 րոպե ago

Խոսել չգիտեք, լռե՞լ էլ չգիտեք

Խոսել չգիտեք, լռե՞լ էլ չգիտեք Wed, 05 Aug 2026 09:00:55 +0400 Վերջին տարիների ամենացավալի իրողությունն…

29 րոպե ago

«Հրապարակ». Ես հիմա էլ եմ ազատ եւ միշտ լինելու եմ ազատ

«Հրապարակ». Ես հիմա էլ եմ ազատ եւ միշտ լինելու եմ ազատ Wed, 05 Aug 2026…

44 րոպե ago

«Հրապարակ». Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

«Հրապարակ». Մելիքբեկյանը փոշմանե՞լ է Wed, 05 Aug 2026 08:20:13 +0400 Հունիսի 25-ին Podcast with Garamyan…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանը`ոսկոր ՔՊ-ի կոկորդին

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանը`ոսկոր ՔՊ-ի կոկորդին Wed, 05 Aug 2026 08:15:03 +0400 Իշխանական ֆրակցիայի աղբյուրների փոխանցմամբ,…

1 ժամ ago

«Հրապարակ». ՔՊ-ն ռեւանշի է պատրաստվում

«Հրապարակ». ՔՊ-ն ռեւանշի է պատրաստվում Wed, 05 Aug 2026 08:10:44 +0400 Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում…

1 ժամ ago