2017-ի ընտրություններից սկսած՝ Հայաստանում որեւէ հետընտրական զարգացում չի եղել

2017-ի ընտրություններից սկսած՝ Հայաստանում որեւէ հետընտրական զարգացում չի եղել

Thu, 11 Jun 2026 18:15:30 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որից կարելի է ենթադրել, որ կուսակցությունը ճանաչելու է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, վերցնելու է պատգամավորական մանդատները եւ մասնակցելու է խորհրդարանի աշխատանքին: Կարապետյանն իր հայտարարության մեջ ասել է. «Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա. մեկը ընտրությունն է, մեկը` փողոցային պայքարը` փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը: Փողոցային պայքարի արդյունքում պետք է Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին: Այսօր ընդամենը 8 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը: Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց հինգ տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»:

Երբ Կարապետյանն ասում է, որ իշխանության փոփոխության երկու տարբերակ կա. մեկը՝ ընտրությունը եւ մյուսը՝ փողոցային պայքարը, եւ միանգամից անցում է կատարում փողոցային պայքարի միջոցով իշխանությունը փոխելու հնարավորության քննարկմանը, նշանակում է, որ նա ընդունում է, որ ընտրության միջոցով իշխանություն փոխել չհաջողվեց, նշանակում է՝ իրենք ընտրության արդյունքները համարում են օրինական եւ ճանաչում են: Երբ Կարապետյանն ասում է, որ ընդդիմությանն ընդամենը 8 ձայն է պետք՝ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, եւ ասում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում նման հնարավորություն կարող է բացվել, նա նկատի ունի, որ փողոցային պայքարի արդյունքում հնարավոր է 8 պատգամավորի վրա հանրային ճնշում գործադրել, որ նրանք միանան Փաշինյանի պաշտոնանկության գործընթացին, խորհրդարանում ձեւավորվի նոր մեծամասնություն: Որքանո՞վ է դա իրատեսական․ այս պահին դժվար է կանխատեսել, նախորդ խորհրդարանի փորձը ցույց տվեց, որ, հակառակը` իշխանությունն ընդդիմությունից երկու պատգամավոր տարավ:

Երբ Նարեկ Կարապետյանն ասում է, որ իշխանության փոփոխության երկու տարբերակ կա, մեկը` ընտրությունը, իսկ մյուսը` իշխող մեծամասնությունից ձայներ տանելը եւ նոր մեծամասնություն ձեւավորելը, նա այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ այս երկու տարբերակները ոչ թե առանձին տարբերակներ են, այլ ընդամենը մի տարբերակի ենթատեսակներ` իշխանության փոփոխություն խորհրդարանի միջոցով: Մի դեպքում ընդդիմությունը մեծամասնություն է ստանում ընտրության արդյունքում, մյուս դեպքում խորհրդարանում ձեւավորված ուժերի հարաբերակցությունն ինչ-որ հանգամանքների ազդեցության տակ փոխվում է: Փողոցային պայքարով իշխանություն վերցնելը բոլորովին այլ բան է: Փողոցային պայքարի իմաստը ոչ թե իշխանական մի քանի պատգամավորի ընդդիմության կողմը բերելն է, ի դեպ, դա կարող է տեղի ունենալ նաեւ առանց փողոցային պայքարի, ենթադրենք` 8 պատգամավորի համոզելով կամ կաշառելով: Փողոցային պայքարով իշխանափոխությունը իշխանությանը հանրային դիմադրության միջոցով հրաժարական պարտադրելն է` փողոցային պայքարի միջոցով երկրում ստեղծել մի իրավիճակ, որը դուրս է իշխանության վերահսկողությունից, երբ կառավարիչները փաստացի կորցնում են վերահսկողությունը կառավարման լծակների նկատմամբ, պարտադրված են լինում հրաժարական տալ:

Ինչո՞ւ Հայաստանի նոր ընդդիմությունը չգնաց այդ ճանապարհով, ինչո՞ւ փորձ չարվեց չճանաչել կեղծված ընտրությունների արդյունքները եւ փողոցային պայքարի միջոցով վերցնել իշխանությունը, ստիպել, որ Փաշինյանը հրաժարվի իշխանությունից, եւ երկրում անցկացվեն նոր ընտրություններ`առանց գործող ռեժիմի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման, առանց բռնության, անօրինականության եւ ճնշման:

Հնարավոր է, որ ընդդիմության առաջնորդները չեն հավատում այդ ճանապարհով իշխանությունը վերցնելու հնարավորությանը, չեն հավատում, որ հասարակությունն այդքան վճռականություն եւ խիզախություն կունենա՝ պայքարել եւ հաղթել: Հնարավոր է, որ ընդդիմության առաջնորդներն իրենք այդքան համարձակություն եւ խիզախություն չունեն՝ առաջնորդելու փողոցային պայքարը, նրանք իրենց տեսակով հեղափոխականներ չեն, ավելի շուտ՝ կոմֆորմիստներ են կամ ռեֆորմիստներ: Հնարավոր է, որ նրանց վրա կա արտաքին ճնշում, ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ հենց նույն Ռուսաստանի կողմից: Օրինակ, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը հայտարարություն է տարածել եւ քաղաքական բոլոր դերակատարներին կոչ է արել՝ «հարգել քվեարկության արդյունքները»: Բառացի սա նշանակում է, որ ընդդիմությունը պետք է ընդունի ընտրության պաշտոնական արդյունքները եւ ոչ մի դեպքում չընդվզի դրանց դեմ: Իսկ ինչպե՞ս կարող են հայ ընդդիմադիրները մերժել կամ հակադրվել ԵՄ բարձրագույն ներկայացուցչի հորդորին:

Արձանագրենք եւս մի իրողություն. 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած, բոլոր չորս ընտրություններից հետո որեւէ հետընտրական զարգացում չի եղել, ընդդիմությունը միշտ ընդունել է ընտրության արդյունքները եւ գոհացել իր ստացած կամ իրեն տրված արդյունքով ու մանդատներով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլորը պիտի «մուծվեն»․ Թրամփի այս շանտաժն էլ անցավ

Բոլորը պիտի «մուծվեն»․ Թրամփի այս շանտաժն էլ անցավ Fri, 10 Jul 2026 16:30:11 +0400 Իսպանիայի…

7 րոպե ago

Ստամբուլի հայկական գերեզմանատան վանդալիզմի հեղինակը ձերբակալվել է

Ստամբուլի հայկական գերեզմանատան վանդալիզմի հեղինակը ձերբակալվել է Fri, 10 Jul 2026 16:20:04 +0400 Պոլսո Հայոց…

17 րոպե ago

Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Fri, 10 Jul 2026 16:12:32 +0400 Շիրակի մարզպետ…

25 րոպե ago

Կիևը պնդում է՝ վերջին կես տարում ռուսները ոչ մի հաջողություն չեն գրանցել

Կիևը պնդում է՝ վերջին կես տարում ռուսները ոչ մի հաջողություն չեն գրանցել Fri, 10 Jul…

37 րոպե ago

Լավ կլիներ, որ բոլոր կենդանիները մնային իրենց տեղում

Լավ կլիներ, որ բոլոր կենդանիները մնային իրենց տեղում Fri, 10 Jul 2026 15:45:52 +0400 «Հրապարակի»…

52 րոպե ago

«Գործերը» լավ չեն

«Գործերը» լավ չեն Fri, 10 Jul 2026 15:30:30 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահությունը…

1 ժամ ago