Ոչ թե բոյկոտ, այլ՝ փոխզիջում
Thu, 11 Jun 2026 21:02:07 +0400

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրավեց առաջին տեղը, սակայն չստացավ միանձնյա առաջնորդության անվիճելի մանդատ, ինչը Հայաստանի քաղաքական համակարգը կանգնեցրեց մի խնդրի առջև, որը շատ ավելի ընդգրկուն է, քան ընտրական թվաբանությունը։ Այսպիսով, ընտրողը «ՔՊ»-ին զրկեց խորհրդարանում ունեցած բացարձակ մեծամասնությունից։ Հաղթանակը, եթե օգտվենք բռնցքամարտում տարածված փոխաբերությունից, «ՔՊ»-ին շնորհվեց «մրցավարների ոչ միաձայն որոշմամբ և հանդիսատեսի սուլոցների ներքո»։ Կոպիտ ընտրախախտումները և դիտորդների էական դիտողություններն ավելի սաստկացրեցին «ՔՊ» կուսակցության ձեռք բերած արդյունքի հավաստիության հանդեպ կասկածները։
Բանն այն է, որ եթե չլիներ «կայուն խորհրդարանական մեծամասնության» մեխանիզմը, «ՔՊ»-ն ստիպված կլիներ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր ուժերի մեջ փնտրել դաշնակիցներ, պայմանավորվել նրանց հետ և կազմել համաձայնության կառավարություն։ Սակայն ՀՀ Սահմանադրությունը տրամադրում է «փրկօղակ», որը թույլ է տալիս ընտրողի անհրաժեշտ վստահության պակասը փոխհատուցել մանդատների բոնուսով։ Ձևական առումով «կայուն խորհրդարանական մեծամասնության» մեխանիզմը տվյալ պարագայում «ՔՊ»-ին թույլ է տալիս միանձնյա կազմել կառավարություն։ Սակայն քաղաքական առումով խնդիրը չի վերանում, ընդհակառակը՝ սրվում է։ Արհեստածին մեծամասնությունն, իհարկե, իշխանության համար բավարար թվով ձայներ կապահովի խորհրդարանում, սակայն ամենևին չի արժանանա հասարակության զգալի մասի վստահությանը։
Այս օրերին հնչում են պատգամավորական մանդատներից հրաժարվելու եւ խորհրդարանը բոյկոտելու կոչեր։ Զգացմունքային առումով նման դիրքորոշումը լիովին հասկանալի է, սակայն քաղաքական առումով, մնալով «զրոյական արդյունքով» խաղի տրամաբանության շրջանակներում, այն մեր երկիրը տանում է դեպի վտանգավոր անորոշության դաշտ։ Մինչդեռ Հայաստանը win-win տրամաբանությամբ քաղաքական լուծման սուր կարիք ունի։
«ՔՊ» կուսակցությունը կարող է հավակնել կառավարություն կազմելու իրավունքին միայն իրական ինստիտուցիոնալ սահմանափակումները հարգելու, դիցուք՝ զսպումների եւ հակակշիռների իրական համակարգը վերականգնելու, ինչպես եւ գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը ընդդիմության մասնակցությունն ապահովելու պայմաններում։ Հակառակ դեպքում, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, խորհրդարանական փոքրամասնության ներկայությունն Ազգային ժողովում ոչինչ չի որոշում, եւ գործնականում ոչինչ չի խանգարի «բոնուսային» մեծամասնությանը պահպանել օրակարգի, հանձնաժողովների նկատմամբ մենաշնորհային վերահսկողությունը, անտեսել ԱԺ-ի կանոնակարգն ու բարեվարքության տարրական նորմերը, դառնալ պետական համակարգում այլ արատավոր երեւույթների նախաձեռնողը։ Արդեն հաստատված իշխանական մենաշնորհի ինստիտուցիոնալ հակակշիռ կարող է դառնալ այն կառույցներում ընդդիմությանն առաջատար դիրքեր տրամադրելը, որոնք առաջին հերթին կապված են մարդու իրավունքների, պետական-իրավական հարցերի, բյուջետային վերահսկողության, հակակոռուպցիոն քաղաքականության եւ խորհրդարանական հետաքննությունների հետ։
Սա փոքրամասնության նկատմամբ մեծահոգության ժեստ չէ, այլ զսպման անհրաժեշտ մեխանիզմ, առանց որի առաջնային մանդատով օժտված միակ համապետական մարմինը դատապարտված է մնալու գործադիր իշխանության կցորդի դերում։
Այսպիսով, գլխավոր հարցը ոչ թե խորհրդարան մտնել, թե չմտնելն է, այլ այն, թե ինչպես ԱԺ-ն դարձնել պետական իշխանության իրական մարմին։
Պատասխանատու քաղաքականությունը պահանջում է հրաժարում փոխադարձ ժխտման տրամաբանությունից։ Հարաբերական մեծամասնությունը պետք է ճանաչի իր սահմանները. այն չի կարող փոխարինել հասարակական համաձայնությանը։ Բոյկոտի կոչերը ինստիտուտների ժխտման ախտանիշներ չեն, այլ իշխանության չարաշահումը կանխելու դրանց կարողության նկատմամբ անվստահության վկայություն։ Խնդիրը խորհրդարանի աշխատանքներին ընդդիմության մասնակցությանը իրական բովանդակություն հաղորդելն է։ Ընտրողը տվել է իր պատվիրանը՝ հասարակությունը կարիք ունի ոչ թե դեկորատիվ ԱԺ-ի, այլ գործադիր իշխանության նկատմամբ արդյունավետ վերահսկողության ունակ խորհրդարանի։
Մեր կարծիքով, սա է փոխզիջման էությունը․ կառավարությունը չի հաստատվում պետությունը տնօրինողի իրավունքներով, իսկ ընդդիմությունը մտնում է խորհրդարան որպես պետության քաղաքական համակարգի օրգանական մաս։ Հենց դրանով խորհրդարանը դառնում է ոչ թե կառավարության հնազանդ կամակատարը, այլ հարթակ, որտեղ իշխանությունը պարտավոր է տալ իր որոշումների բանական հիմնավորումը, հաշվետու լինել իր գործողությունների համար եւ բովանդակային վեճի մեջ մտնել խորհրդարանական փոքրամասնության հետ։
Մեր առաջարկած լուծումը չի վերացնում առկա բոլոր հակասությունները, սակայն ի զորու է կանխել ծանոթ սցենարի կրկնությունը՝ իշխանության մենաշնորհացումը եւ իրական քաղաքական գործընթացից ընդդիմության դուրսմղումը։ Ապագային առնչվող հիմնարար հարցերի պատճառով պառակտված հասարակությունում ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն չեն կարող հաստատվել ըստ «հաղթողը ստանում է ամեն ինչ» բանաձեւի։ Հայաստանին հարկավոր է ոչ թե փոխադարձ ոչնչացման քաղաքականություն, այլ պատասխանատվության մշակույթ, ոչ թե մանդատների ձեւական տիրապետում, այլ դրանց վերածում քաղաքական գործիքի, ոչ թե մեծամասնության մենաշնորհ, այլ գործուն հակակշիռներով զսպվող մեծամասնություն, ոչ թե բացարձակ իշխանություն, այլ իրավունքով ու օրենքով սահմանափակված եւ բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ժողովրդին հաշվետու իշխանություն։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-95թթ.), ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-99թթ.),
ՀՀ փոխարտգործնախարար (1999-2003թթ.), ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Խոսրով Հարությունյան
ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-92թթ.), ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-99թթ., 2012-2019թթ.)
ՀՀ Վարչապետ (1992-93թթ.),
ՀՀ ԱԺ Նախագահ (1998-99թթ.),
Արա Սահակյան
ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-95թթ.), ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-99թթ.),
ՀՀ ԳԽ եւ ԱԺ փոխնախագահ (1992-98թթ.),
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր