«Հրապարակ». Կառավարությունը` ի դեմս ՆԳՆ-ի, ճնշեց, ու Վերաքննիչ դատարանը շատ ապօրինի որոշում կայացրեց
Sat, 13 Jun 2026 09:15:15 +0400
Արցախ միությունը՝ Արցախի ՄԻՊ-ի եւ Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի հետ համագործակցությամբ, ընդունում է դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար։ Դիմումները վերաբերում են արցախցիների գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս եւ այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի եւ այլ իրավունքների հետ։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱՀ պետական նախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ։
– Դիմումների ընդունման նոր փուլից ի՞նչ ակնկալիք ունեք, ձեր միջոցով քանի՞արցախցի է դիմում ներկայացրել ՄԻԵԴ։
– Նոր փուլով արդեն մի քանի հարյուր նոր հայտ ստացել ենք, ու թիվն աճում է։ Նպատակն այն է, որ գործընկերների հետ միասին կարողանանք օգնել մարդկանց՝ իրենց անունից դիմենք ՄԻԵԴ, չեմ բացառում, որ նաեւ դիմենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների դատարան։ Ցավոք, մարդկային ռեսուրսի եւ դրա հետ կապված նյութական ռեսուրսի լուրջ սղություն ունենք։ Եթե ունենայինք ֆինանսական ռեսուրսներ, կկարողանայինք վճարովի հիմունքներով մասնագետներ ներգրավել եւ միանգամից մեծ ծավալ ապահովել, բայց անցած տարվա սկզբից ի վեր տարբեր փուլերով մի քանի գործընկեր կազմակերպությունների փոքր նվիրատվությունների շնորհիվ կարողացել ենք մի քանի իրավաբանի ֆինանսավորել, որպեսզի հիմնական աշխատանք կատարեն, մնացածը մենք մեր ուժերով ու կամավոր հիմունքներով այդ աշխատանքները համակարգել ենք, փաստաթղթերը մշակել ենք։ Տասնյակ կամավորներ են ներգրավված, հիմնականում՝ ուսանողներ։
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ պետության գործառույթը ձեր թիմը վերցրել է իր ուսերին, քանի որ սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանությունը պետության կարեւոր գործառույթներից է։
– Ցանկությունն ունենք, քանի որ Հայաստանի Հանրապետությունը դա չի անում եւ շուտով ավելի վատ բաներ կանի, այսինքն՝ միջազգային դատարաններից հայցերը հետ կվերցնի։ Մենք փորձում ենք՝ ինչքան հնարավոր է, պետության ստեղծած բացերը լրացնել, բայց չենք կարող պետության ամբողջ բեռը մեր վրա վերցնել ե՛ւ ռեսուրսների տեսանկյունից, որ խիստ սղություն ունենք, ե՛ւ իրավասությունների տեսանկյունից։ Պետական մեխանիզմները՝ իրավական, քաղաքական, դիվանագիտական առումով, շատ ավելի մեծ են, քան հասարակական կազմակերպությունների կամ գործիչների հնարավորությունները, բայց ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք մի օր հազարավոր դիմումներ հասցնել միջազգային դատարաններ։ Իհարկե, սրանով չենք կարող բոլորի իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային մեխանիզմները կիրառել, բայց առնվազն կարող ենք կրիտիկական զանգված ապահովել միջազգային դատարաններում, պատշաճ ընթացակարգեր եւ ուշադրություն ստանալ ու վաղ թե ուշ ստանալ համապատասխան նախադեպային որոշումներ, որն արդեն կարելի կլինի իրավաքաղաքական տեսանկյունից տարածել մյուս բոլոր արցախցիների վրա։ Արդյունքում՝ նախ թեման կմնա բաց, եւ երկրորդը՝ շարունակական ճնշում կգեներացվի Ադրբեջանի վրա՝ որոշակի կանխարգելիչ ազդեցություն նաեւ։ Բայց, խոշոր հաշվով, ռազմավարության տեսանկյունից մենք 10-15 տարի հետոյի համար ենք սա անում, էնպես չէ, որ շատ արագ արդյունք ենք ստանալու։
– Ադրբեջանն էլ է Արցախի համար ֆինանսական պահանջներ ներկայացնում, մատնանշում են իբր իրենց հանքերը մեր կողմից օգտագործելու հանգամանքը։ Այս մասով Ադրբեջանը միջազգային դատարաններում հաջողության հասնելու ինչպիսի՞ շանսեր ունի։
– Չեն կարող էական հաջողության հասնել, իհարկե, Փաշինյանի հետ դաշնակցաբար փորձելու են լիքը բան անել, բայց այս տեսանկյունից իրավական առումով մեր դիրքերն անհամեմատ ավելի ուժեղ են, քան ադրբեջանական դիրքերը։ Նաեւ այդ պատճառով է, որ Ալիեւի ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի Փաշինյանի իշխանությունը հետ վերցնի միջազգային գանգատները, որովհետեւ շատ լավ գիտեն, որ միջազգային բոլոր գանգատներում պարտվելու են, իսկ իրենց գանգատները Հայաստանի դեմ որեւէ հաջողության չեն հասնելու։
– Միջազգային հարթակներում Ադրբեջանի պարտվելն ի՞նչ կտա մեզ։
– Այս իրավիճակում, ներկա հանգամանքներում՝ ոչինչ, բացի բարոյական-իրավական հաջողությունից, բայց մենք պատրաստվում ենք ապագային եւ չգիտենք, թե ապագան ինչպես է լինելու։ Դա նշանակում է, որ մենք ռազմավարական ներդրում ենք անում մեր երկարաժամկետ պայքարի մեջ՝ հավատալով, որ ավելի բարենպաստ պայմաններ կունենանք ապագայում։ Իհարկե, դա չի նշանակում, որ միայն իրավական մեխանիզմների կիրառումը կապահովի արդյունք։ Գլխավոր ճանապարհը Հայաստանի հզորացումն ու ազգայնացումն է, որ մի օր Հայաստանը նախ վերաստանձնի պատասխանատվություն՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար, երկրորդը՝ ՀՀ-ն ունենա բավարար կարողություններ՝ բացի իրավական ճակատից, մնացած բոլոր ճակատներում դրա համար արդյունավետ պայքարելու, հաջողության հասնելու։ Եվ երրորդը, որ մեր կամքից անկախ է՝ տարածաշրջանում ու աշխարհում ունենանք ավելի բարենպաստ միջավայր ու ավելի արդար աշխարհակարգ։
– Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ արցախցիներին դուրս թողեցին Հայաստանում ընտրելու պրոցեսից։
– Միանշանակ է, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են, այդ թվում՝ 070 կոդով անձնագրով, եւ միանշանակ է, որ կառավարության 2023-ի հոկտեմբերի որոշումը հակասահմանադրական է, որով մեզ զրկել են քաղաքացիության իրավունքի իրացման հնարավորություններից ու մեխանիզմներից։ Կարծում եմ՝ Փաշինյանի՝ նման որոշում կայացնելու մոտիվացիաներից մեկը ներքաղաքականն է, որ արցախցիներն ընտրությանը մասնակցելու հնարավորություն չունենան, քանի որ արցախցիների ճնշող մեծամասնությունը պոտենցիալ ընդդիմադիր կուսակցություններին ընտրողներ են եւ Փաշինյանին ընդգծված դեմ են։ Արցախցիներից շատ փոքր տոկոս կարող եք գտնել, որ Փաշինյանին կողմ է: Այս համատեքստում կարելի է դիտարկել նաեւ արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ձգձգումը։ Այսպես արեցին, որպեսզի արցախցիները չկարողանան ընտրելու իրավունքն իրացնել։ Նույնիսկ այս ընտրություններից առաջ կային որոշումներ, որ դատարանն արձանագրել է, որ 070 կոդով անձնագիր ունեցող արցախցին ՀՀ քաղաքացի է եւ ընտրելու իրավունք ունի, կառավարությունը, ի դեմս ՆԳՆ-ի, ճնշեց, որ շատ ապօրինի որոշում կայացրեց Վերաքննիչ դատարանը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։