Ինչու է կառավարությունը բարձրացնում ակցիզային հարկը

Ինչու է կառավարությունը բարձրացնում ակցիզային հարկը

Sat, 13 Jun 2026 20:15:23 +0400


Կառավարությունը վերջին նիստում բարձրացրեց ակցիզային հարկերը, եւ շուտով շուկայում նոր թանկացումներ ենք ունենալու՝ ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը կթանկանա:

Համապատասխան որոշման մեջ որպես նպատակ նշել են «անուղղակի հար­կերի գծով հարկային բեռի բարձրացում» , «լրացուցիչ հարկային եկա­մուտ­ների ապահովում, ԵՏՄ հար­կային քաղա­քականության և վարչարարության ոլորտ­նե­րում համա­­գործակցության շրջա­նակ­ներում ակցի­զային հարկերի դրույ­քա­չա­փերի ներ­դաշ­նա­կե­ց­ումը, ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեք­սա­վո­րում»:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի հետ վերլուծեցինք կառավարության քայլը, որին նա ընդհանուր առմամբ դեմ չէ: Նա զգուշացրեց, որ զերծ է մնում քաղաքական գնահատականներից:

– Հարկային բեռի բարձրացում՝ սա ինչ նպատակ է, տարօրինակ չէ՞:

– Հարկային քաղաքականություն ասելով, նկատի ունեն կամ հարկի բարձրացում, կամ նվազեցում, բայց աշխարհում տեղի է ունենում հիմնականում առաջինը՝ բարձրացում:

– Լրացուցիչ հարկային եկամուտների ապահովում՝ այսինքն՝ բյուջեում փող չկա, իրենք շատացնու՞մ են:

– Բյուջեում փող կա, ի՞նչ գիտեք, որ չկա: Ուղղակի լավ չի ձեւակերպված:

– Մի կողմից դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, մյուս կողմից ակցիզ ենք բարձրացնում, որ ներդաշնակեցնե՞նք:

-Նախ, մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, ոնց որ ճիշտ հակառակն է գնում: Հեռանկարն անորոշ է, բայց կտրուկ խոսք չկա: Կառավարության դիրքորոշումն է, որ մենք այլընտրանքային շուկաներ գտնենք, ԵԱՏՄ-ի շուկաներից հրաժարվելը չի նսեմացնի հանրապետության դերը, կշիռը, տնտեսությունը չի տուժի, ու էդ ժամանակ դուրս կգանք, բայց թե երբ դա կլինի, գիտի միայն բարձրյալը, որը վերեւում նստած է: Ինչ մնում է ԵԱՏՄ-ին, մի նոր ուսումնասիրություն արեցինք, հարկերի ազդեցությունը ԵԱՏՄ երկրների բյուջեի եկամուտների վրա վերջին երեք տարում, ու պարզվում է, ամենացածր ազդեցությունը ԵԱՏՄ շուկան ունի մեր երկրի վրա, որովհետեւ մեր կշիռը այդ շուկայում փոքր է: Սա այն տեսանկյունից, որ ուզում ես այդ շուկայից աստիճանաբար հեռանալ, լավ է: Բնականաբար, հայացքը երկար չկտրելով դրանից, որովհետեւ այդ շուկան է, որ ապահովում է մեր հանրապետության կենսունակությունը: Երկրորդ՝ սա հնարավորություն է տալիս, որ զգուշորեն հեռանանք այդ շուկայից:

– Ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորումը ո՞րն է: Այսինքն, բարձրացնում են, բայց՝ չեն ուզում ասեն, որ բարձրացնո՞ւմ են:

– Ես կարող եմ բացատրել ենթադրաբար: Ակցիզը ոչ անհրաժեշտ ապրանքների վրա է սահմանվում, օրինակ, ծխախոտինը ես 400-500 դոլար կսահմանեի, որ ոչ ոք չծխեր: Դրա բարձրացումը գործիք է, որ հասարակության մեջ եղած անհավասարությունը հավասարակշռեն: Մենք էսօր ունենք կտրտված շուկա՝ ծայրահեղ հարուստներ ու աղքատներ, ու այդ անջրպետը ինչ-որ գործիքներով քչացնում են: Եվրասիական շուկան որոշակի զսպող ազդեցություն ունի հարկատեսակների վրա, եթե այդ շուկան չլիներ, մենք կունենայինք այդ հարկատեսակների ահռելի բարձրացում: Ինչ-որ ձեւով ԵԱՏՄ-ն կազմակերպում է եւ համամասնություններ է ստեղծում երկրների ապրանքների եւ ծառայությունների գների միջեւ, չի թողնում, որ մեկը թռչի վերեւ: Եթե ամփոփելու լինենք, վերջին 20-30 տարվա երկրների տնտեսական պատմության մեջ գների բարձրացումը կապված է ակցիզների հետ: Աշխարհում անհավասարությունը խորանում է, հարուստները ավելի են հարստանում, աղքատները ավելի են աղքատանում, ու այս բանաձեւերի դեմ մարտնչելու հիմնական ճանապարհը շքեղության ապրանքների, ծառայությունների բարձրացումն է:

– Շատ տարածված տեսակետ է, որ կառավարությունը ահռելի գերածախսեր է արել՝ քարոզարշավ, այլ ծախսեր, եւ հիմա հարկ է բարձրացնում, որ բյուջեն լրացնեն:

– Ես քաղաքական գնահատականներ չեմ տալիս, բայց համաձայն չեմ: Այս օրենքի համար լայն քննարկումներ եղան, եւ ես չեմ կարծում, որ ծախսերը այնքան շատ են եղել, որ կառավարությունը հարկ է բարձրացնում: Եթե ուշադիր եք եղել, վերջին 5 տարում կառավարությունը պարբերաբար ակցիզները վերանայում է: Իհարկե, համաձայն չեմ:

Դեմ չենք պրոֆեսոր Մարկոսյանի գիտական մոտեցմանը, բայց գտնում ենք, որ ներկայիս կառավարությանն այն վերագրելը ճոխ կլինի: Հարկ էն բարձրացնում, որովհետեւ բյուջեում փող չկա, ու բազմաթիվ տնտեսագետներ, այդ թվում՝ պրոֆեսոր Բագրատյանը զգուշացրել են, որ փող չի լինելու, օրինակ, բժշկական ապահովագրությունը շուտով չի սպասարկվելու: Հարկ բարձրացնելով՝ բյուջե են լցնում, եւ «շուստրիաբար» գտել են այնպիսի հարկատեսակ, որի բարձրացումը չի անդրադառնա առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա՝ ակցիզային հարկը: Ակցիզային հարկի բարձրացումը որպես ինդեքսավորում ներկայացնելն ընդհանրապես անեկտդոտ է: Այդպես լիներ, նախկինում էլ ամեն անգամ հարկ բարձրացնելիս կգրեին, որ դա ինդեքսավորում է, ոչ թե բարձրացում: Հակառակը՝ այնտեղ, որտեղ պետք է ինդեքսավորել աննորմալ ինֆլացիայի հետեւանքները, նիկոլական կառավարությունը խոսում է բարձրացման մասին, ինչպես, օրինակ, թոշակների հարցում: Առանց մտահոգվելու, որ այն ողորմելի 10 հազարական դրամները, որը տվեց թոշակառուներին, աննորմալ գնաճը վաղուց արդեն խժռել է: Այսպես, մի տեղ փող են բաժանում, մյուսներից քերում են, որ անցքերը փակեն, երրորդ տեղից էլ վարկ են վերցնում, սերունդների վզի բեռն ավելացնելով:

Արտադրողի աչքը մտնելու համար կառավարության նույն որոշմամբ խթանում են մրգային օղիների արտադրությունը՝ ակցիզը՝ 33 տոկոսով իջեցնելով, իսկ կոնյակագործությունը և խաղողագործությունը խթանելու նպատակով կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար սահմանում են 4000 դրամ՝ անկախ տարիքից։ Բայց սա էլ է հեքիաթ: Ով չգիտի, որ ոչ մրգային օղիները, ոչ կոնյակը այլեւս խախտելու տեղ չունենք: Ակցիզը իջեցվում է, որ գործարանները չմեռնեն: Ռուսաստանն, ինչպես հայտտնի է, ոչ մի հայկական կոնյակ չի ընդունում, բացի Երևանի կոնյակի գործարանի արտադրանքից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի համակարգումից կհրաժարվեն

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի համակարգումից կհրաժարվեն Mon, 03 Aug 2026 19:30:59 +0400 Politico-ն հայտնում է,…

3 րոպե ago

«Խիղճը հանգիստ է՝ ժպիտը դեմքին, ահավոր է», «Տեղով ներկայացում եք, էլի»․ քոմենթներ

«Խիղճը հանգիստ է՝ ժպիտը դեմքին, ահավոր է», «Տեղով ներկայացում եք, էլի»․ քոմենթներ Mon, 03 Aug…

19 րոպե ago

Ավելի քան 18 միլիարդ դոլար են պահանջել հրթիռների համար

Ավելի քան 18 միլիարդ դոլար են պահանջել հրթիռների համար Mon, 03 Aug 2026 19:00:37 +0400…

34 րոպե ago

Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման

Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման Mon, 03 Aug 2026 18:45:35 +0400 Թուրքիայի…

49 րոպե ago

Փաստեր են ջրի երես դուրս գալիս կոռուպցիայի մասին. Գեղամ Մանուկյան

Փաստեր են ջրի երես դուրս գալիս կոռուպցիայի մասին. Գեղամ Մանուկյան Mon, 03 Aug 2026 18:35:00…

59 րոպե ago

«Ռեալի» հարձակվողին ձեռք կբերեն 135 միլիոն եվրոյով

«Ռեալի» հարձակվողին ձեռք կբերեն 135 միլիոն եվրոյով Mon, 03 Aug 2026 18:30:34 +0400 Անգլիական «Արսենալը»…

1 ժամ ago