Փաշինյանի համար շատ կարեւոր է, որ Պուտինը ճանաչի ընտրությունների արդյունքները
Wed, 17 Jun 2026 17:45:09 +0400
Հայաստանում ԿԸՀ-ն հունիսի 14-ին հրապարակեց հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները։ Կրեմլում, սակայն, դեռ չեն շտապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, թեեւ մինչ այդ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե շնորհավորանքի հարցում սպասում են, մինչեւ կհրապարակվեն վերջնական արդյունքները։ Առայժմ սկսել են իրենց զգացնել տալ Հայաստանի հանդեպ ՌԴ սահմանած սահմանափակումները։
Իշխանություններն իրենց օրակարգով են շարժվում առաջ, ընդդիմադիրները՝ իրենց։ Ու տպավորություն է, թե հասարակ ժողովուրդն է, որ տուժելու է քաղաքական գործիչների կատարած քայլերի, արած հայտարարությունների հետեւանքներից, ինչպես սովորաբար լինում է։ Թեեւ այժմյան կոնկրետ դեպքում՝ այդ նույն ժողովրդի մի ստվար հատվածը, մեծ հաշվով, դժգոհելու տեղ չունի, որովհետեւ, ի վերջո, իր կատարած ընտրությամբ է Հայաստանի համար առաջիկա հինգ տարվա կտրվածքով ձեւավորվել իշխանություն, որն առաջիկայում ստանձնելու է երկրի ղեկը։ Ու հիմա՝ իշխանություն-ընդդիմություն զուգահեռ իրականությունների եւ ծուռ հայելիների սենյակի վերածված Հայաստանի այժմյան իրավիճակում, թերեւս ամենակարեւոր հարցը Ռուսաստանի հետ հարաբերություններն են, որովհետեւ լարվածությունը քաղաքականից տարվեց նաեւ տնտեսական ոլորտի վրա, հատկապես Հայաստանի համար ամենացավոտն է լինելու։ Ինձ հետաքրքիր չեն այս առնչությամբ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր գործիչների հայտարարությունները։ «Ճառ ասողների» պակաս երբեք չենք ունեցել։ «Զանգ կախողներին» միշտ էլ մատների վրա են հաշվել։ Ինձ ավելի շատ հետաքրքիր է, թե, օրինակ, տաքսիում կամ հանրային տրանսպորտում, թաղի մթերային խանութում կամ բակի «բեսեդկայում» ինչ են խոսում եւ ինչ են քննարկում։ Ինձ առավել շատ հետաքրքիր է, եթե հանրագումարի բերենք՝ Հայաստանի «ժողովրդական քաղաքագիտական մտքի» հետ ծանոթանալը։ Ու հենց այդ «մտքից» վերցված թեզիսների հետ կապված էլ ինձ թույլ կտամ մի քանի դիտարկում անել։
Նիկոլ Փաշինյանի համար հիմա շատ կարեւոր է, որ կարողանա Ռուսաստանի հետ պայմանավորվել։ Նա հասկանում է, թերեւս (ամեն դեպքում՝ նման հույս ունենք), որ «ծիրանը կտանենք Լեհաստան», «ծաղիկները կտանենք Բալթիկա» եւ այլ նմանատիպ թեզերը գուցե կարճ ժամանակով մեդիա-քարոզչական էֆեկտ ունենում են, բայց ռեալ առումով զրոյական արդյունք են՝ ծխածածկույթ, որի հետեւում ոչինչ չկա։ Նիկոլ Փաշինյանի համար հիմա շատ կարեւոր է, որ Մոսկվան, թեկուզ շատ ուշացումով, գոնե մի կեսբերան ճանաչի Հայաստանում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունները։ Որովհետեւ հասկանում է, որ հակառակի հետեւանքները շատ ծանր են լինելու։ Որովհետեւ հասկանում է, որ հակառակ դեպքում իր՝ որպես Հայաստանի իշխանության ղեկավարի եւ, առհասարակ, Հայաստանի իշխանությունների կարգավիճակը դրվելու է մի տեսակ՝ «օրենքից դուրս» վիճակում, մոտավորապես նույն, ինչ հիմա Զելենսկու եւ նրա թիմի կարգավիճակն է։ Ես չգիտեմ՝ Հայաստանում պատկերացնո՞ւմ են արդյոք, թե՝ ոչ, հատկապես Նիկոլ Փաշինյանին ընտրողները, սակայն Հայաստանն է, որ պետք է շահագրգռված լինի, որ Ռուսաստանի հետ ունենա լավ հարաբերություններ։ Ռուսաստանի համար մենք չափից դուրս փոքր ենք՝ որպես ուժ, որպես տնտեսական հզորություն, որպեսզի կարողանանք ինչ-որ բան անել, որ մեզ հետ հաշվի նստեն։ Չինական Շանհայի մի թաղամասը գուցե ավելի ազդեցիկ լինի, քան՝ Հայաստանը։ Կեղծ հայրենասիրություն խաղալու կարիք չկա։ Նաեւ՝ կեղծ թեզիսների ազդեցության տակ մնալն էլ է սխալ։ Չի կարելի առաջնորդվել այն թեզով, թե Ռուսաստանը չափազանց թուլացել է, փլուզման եզրին է, ու ինչ ուզել, կարելի է անել։ Պուտինը շատ համբերատար մարդ է։ Նա սիրում է թերեւս իրեն մարտահրավեր նետածների հետ կռվելիս ընտրել հյուծման մարտավարությունը։ Աստված չտա, եթե Հայաստանի դեպքում էլ նույնը կիրառվի։
Խնդիրը Ռուսաստանի մեջ չէ։ Խնդիրը մեր մեջ է։ Մենք ինչ-որ բաներ ենք ուզում ինքներս մեզ կամ մյուսներին ապացուցել։ Իմ կարծիքով, հիմա Հայաստանը Ռուսաստանի հետ «առեւտրի» է պատրաստվում։ Ընդ որում՝ Ռուսաստանն իր պայմանները ներկայացրել է։ Հայաստանում, գոնե հետընտրական որոշ պրոցեսներ տեսնելով, փորձում են «առեւտրի» համար ինչ-ինչ «հաղթաթղթեր» ստեղծել իրենց համար, որպեսզի լրիվ ձեռնունայն չլինեն։ Դա կարող է լինել TRIPP-ի, ռազմաբազայի, ռուսամետ ընդդիմության ու գործիչների, Առաքելական եկեղեցու հանդեպ վերաբերմունքի եւ այլ բաների տեսքով։ Հարցն այն է, թե այդ «հաղթաթղթերը» երբ դրվեն սեղանին՝ Կրեմլը ինչպես կարձագանքի։ Կա վտանգ, որ արձագանքը կարող է լինել շատ կտրուկ եւ բացասական։ Հատկապես, երբ ռուսական քաղաքական վերնախավի առաջին էշելոնից Հայաստանի՝ «ուկրաինական սցենարով» առաջ գնալու մասին հայտարարություններ էլ են հնչել։