Կամ պետք է իրար հետ լեզու գտնեն, կամ՝ դատարան դիմեն․ ինչ է կատարվում Կոմիտաս 15 շենքում
Wed, 17 Jun 2026 22:15:52 +0400
«Հրապարակ»-ը Կոմիտաս 15 հասցեի բնակիչներից ահազանգ է ստացել, որ ապրիլի 5-ից Կոմիտաս 15 հասցեի բազմաբնակարանային շենքի երրորդ մուտքի 8-րդ հարկից վնասվել է ընդհանուր կոյուղագիծը։ Ջուրը թափվում է ոչ միայն վերոնշյալ մուտքի բնակարանները, այլեւ կողքի՝ երկրորդ մուտքի բնակարանները, պատճառելով ոչ միայն նյութական վնասներ, այլեւ ստեղծելով սանիտարա-հիգիենիկ անտանելի վիճակ (սեւ բորբոսների առկայություն, պատերի փլուզում, քարաթափում, հրդեհավտանգ իրավիճակ)։
Համատիրությունը հրավիրել է մի շարք փորձագիտական խմբեր՝ պարզելու վթարի աղբյուրը։ Խնդիրը, ըստ բնակիչների, կապված է նույն շենքի 82-րդ բնակարանի հետ։ Սակայն սեփականատիրոջ հետ բնակիչները չեն կարողանում ուղիղ շփվել, քննարկել խնդիրը, նրանց խոսքով, սեփականատիրոջ փոխարեն ներկայանում են նրա վարպետները կամ աշխատակիցները, ովքեր նշում են, որ սույն բնակարանի սալիկներն այնքան թանկ են, որ որեւէ վերանորոգման աշխատանք չի թույլատրվելու իրականացնել։ Բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, երեք անգամ զանգահարել Արտակարգ իրավիճակների նախարարություն, վերջինս կանչը փոխանցել է ոստիականությանը։ Ոստիկանները, ժամանելով կապ են հաստատել ահազանգողի, համատիրության հետ, բայց սեփականատիրոջ հետ կապ չեն հաստատում ու խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտնեց, որ նշված հասցեում խնդիրն առկա է, սակայն հարցը քաղաքապետարանի տիրույթում չի գտնվում։ «Համատիրությունը ներգրավված է և պատրաստ է աջակցելու։ Սակայն բնակիչները պետք է իրար հետ փոխհամաձայնության գան կամ էլ հարցի լուծումը գտնեն դատական կարգով։ Նշված բնակարանի սեփականատիրոջը չենք կարող պարտադրել, որ իր տան պատը քանդի, ընդ որում հստակ չգիտեն՝ խնդիրն այդտեղից է, թե՝ ոչ։ Խնդիրը բարդանում է, քանի որ շենքում կոյուղաջրագծերում բարդ կոնստրուկցիա կա, իսկ բնակիչները չունեն դրա քարտեզը, պետք է առաջնային գտնեն այդ կոնստրուկցիան։ Շենքը 2000-ականների է»,- ասաց Կարապետյանը։