Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել

Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել

Wed, 17 Jun 2026 23:45:01 +0400


Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը հերթական անգամ բացահայտեց հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը։
Ընտրություններից հետո, երբ հասարակությունը սպասում է երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման և տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ հստակ ծրագրերի, Փաշինյանի խոսքում գերակշռում են բոլորովին այլ թեմաներ՝ ընդդիմության դեմ պայքարը, քաղաքական պիտակավորումները և ռեպրեսիաների սպառնալիքները։

Փաշինյանի ելույթներում այլևս դժվար է գտնել որևէ ռազմավարական գաղափար Հայաստանի ապագայի մասին։ Փոխարենը, նա շարունակում է հասարակությունը բաժանել «ճիշտերի» և «սխալների», «խաղաղության կողմնակիցների» և «պատերազմի ջատագովների»։ Նրա գնահատմամբ՝ կես միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք ընտրել են ընդդիմությանը, փաստորեն քվեարկել են պատերազմի, Ղարաբաղյան շարժման շարունակության և խաղաղության տապալման օգտին։

Սա ոչ միայն քաղաքական մանիպուլյացիա է, այլև պետական մտածողության ճգնաժամի արտահայտություն։

Ժողովրդավարական պետության ղեկավարը պարտավոր է ներկայացնել ողջ հասարակությունը, այլ ոչ թե հարյուր հազարավոր քաղաքացիների վերածել քաղաքական թիրախների։

Առանձնահատուկ ուշադրության արժանի է Փաշինյանի անդրադարձը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Դիլիջան կատարած այցին։ Փաշինյանը փաստացի ակնարկել է, որ այդ շփումները խաղաղության գործընթացի և պատերազմի ռիսկերի կառավարման կարևոր բաղադրիչ են։
Սակայն իրականությունը նա կրկին փորձում է գլխիվայր ներկայացնել։ Հենց իր նախընտրական քարոզարշավն էր, որ ընդդիմությանը պիտակավորում էր որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ ստեղծելով այն տպավորությունը, թե խաղաղության գլխավոր վտանգը ոչ թե արտաքին միջավայրում է, այլ Հայաստանի ներսում։ Այդ քաղաքականությունը Բաքվին տվեց լրացուցիչ հնարավորություն՝ Հայաստանի ներքին բաժանումներն ու իշխանության քաղաքական խոցելիությունը օգտագործելու սեփական օրակարգի սպասարկման համար։

Այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ առաջադրելիս կարող է հղում անել ոչ միայն ուժային առավելությանը, այլև այն փաստին, որ Հայաստանի իշխանությունն ինքն է սեփական քաղաքացիների հարյուր հազարավոր ձայները ներկայացնում որպես խաղաղության սպառնալիք։ Սա Փաշինյանի քաղաքական հանցավոր սխալի հետևանք է։

Ստեղծված իրավիճակում Փաշինյանի վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դարձնում նրա նոր ռազմավարությունը՝ արտաքին դերակատարներին և հատկապես Բաքվին ցույց տալ, որ ինքը լիովին վերահսկում է ներքաղաքական իրավիճակը։ Այդ նպատակի համար նա գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում ընդդիմության նկատմամբ՝ փաստացի ազդարարելով նոր քաղաքական ճնշումների փուլ։

Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հնարավոր քրեական գործընթացները, կալանավորումները կամ այլ ճնշումները կարող են ներկայացվել տարբեր մտացածին պատրվակներով, սակայն դրանց քաղաքական ենթատեքստը դժվար կլինի թաքցնել։

Սակայն նույնիսկ ամենալայնածավալ ռեպրեսիաները չեն կարող լուծել այն հիմնարար խնդիրները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Դրանք չեն կարող վերականգնել հանրային վստահությունը, ապահովել տնտեսական զարգացում, ուժեղացնել երկրի անվտանգությունը կամ փոխարինել արդյունավետ պետական կառավարմանը։

Փաշինյանի գլխավոր մարտահրավերը սեփական քաղաքականության արդյունքում ձևավորված փակուղին է։

Փաշինյանի իշխանության անկումն, ըստ էության, ժամանակի հարց է։ Սակայն պատասխանատու քաղաքական ուժերի գլխավոր առաքելությունն այսօր թույլ չտալն է, որ Փաշինյանի իշխանության հնարավոր փլուզման ավերակների տակ հայտնվեն պետությունն ու հասարակությունը։ Փաշինյանը կորցնելու է իշխանությունը, սակայն Հայաստանը չպետք է կորցնի իր կայունությունը, անվտանգությունն ու զարգացման հեռանկարը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աթոռներից կառչած` ագահ, չարացած, բոլորին ատող և ամեն ինչի ունակ մարդկանց խմբակ…

Աթոռներից կառչած` ագահ, չարացած, բոլորին ատող և ամեն ինչի ունակ մարդկանց խմբակ... Sun, 12 Jul…

1 ժամ ago

Պայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Պայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Sat, 11 Jul 2026 23:45:30 +0400 Վաղը Հայաստանյայց Առաքելական…

2 ժամ ago

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ Sat, 11 Jul 2026 23:30:21 +0400 Իսրայելի ռազմաօդային ուժերի…

2 ժամ ago

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Sat, 11 Jul 2026 23:15:47…

3 ժամ ago

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Sat, 11 Jul 2026…

3 ժամ ago

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին Sat, 11 Jul 2026 23:00:59 +0400 Մարոկկոյի և…

3 ժամ ago