Ժողովուրդը  նախկին կկուն չէ, որ ասի՝ «Վա՜յ, չջախջախես, Աստված սիրես…»

Ժողովուրդը  նախկին կկուն չէ, որ ասի՝ «Վա՜յ, չջախջախես, Աստված սիրես…»

Thu, 18 Jun 2026 13:45:37 +0400


Թումանյանի «Չարի վերջը» կարծես մեր քաղաքական կյանքի համար է գրված։ Աղա աղվեսը ահաբեկում էր, թե ծառը կկտրի, բներ ու փչակներ չի թողնի։ Կկուն վախենում է, կուչ գալիս, խեղճանում։ Բայց ամենահետաքրքիրը հեքիաթի վերջում է. գալիս է մի պահ, երբ վախը դադարում է աշխատել։

Վերջին ութ տարիներին Նիկոլ Փաշինյանի քաղաքական բառապաշարում սպառնալիքները մշտական ներկայություն են ունեցել։ Մեկին՝ ասֆալտին փռել, մյուսին՝ պատին ծեփել, երրորդին՝ քաղաքականապես ոչնչացնել։ Հիմա էլ՝ «ջախջախելու եմ»․ «Կալուգացի՛ օլիգարխ, Ռոբե՛րտ Քոչարյան, Բելառուսացի՛, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ, ու իրենց շոշափուկներին և մետաստազներին ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով»։

Քաղաքական գործիչներին կարելի է քննադատել, մեղադրել, նույնիսկ ամենածանր բառերով բնութագրել։ Բայց ժողովրդավարության մեջ նրանց ընտրողներին «մետաստազների» ու «շոշափուկների» շարքում տեսնելը վտանգավոր սահման է։ Որովհետև այդ պահին թիրախը այլևս ոչ թե քաղաքական վերնախավն է, այլ քաղաքացին, որն օգտվել է իր ընտրության իրավունքից։

Խնդիրն այն է, որ քաղաքական հակառակորդին նկարագրելու համար օգտագործվում է այնպիսի լեզու («մետաստազներ», «շոշափուկներ»), որը ժողովրդավարական մրցակցին ներկայացնում է ոչ թե որպես այլ կարծիք ունեցող քաղաքացիական ուժ, այլ որպես օրգանիզմ, որը պետք է «ջախջախել»։ Այդ «շոշափուկների» մեջ շատերը տեսնում են ոչ թե անանուն մի զանգված, այլ իրենց՝ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին, որոնց նույնպես հասցեագրված է այդ կոշտ խոսույթը։
Իշխանությանը թվում է, թե դեռ խոսում է այն նույն ժողովրդի հետ, որը պետք է սարսափի հերթական կոշտ արտահայտությունից։ Բայց իրականությունն արդեն այլ է։

Երբ նույն սպառնալիքը կրկնվում է տարիներ շարունակ, այն աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը։ Մարդիկ այլևս չեն ասում՝ «վա՜յ, չանես»։ Նրանք սկսում են հարցնել՝ «հետո՞»։

Ահա այստեղ է, որ Թումանյանի հեքիաթը վերադառնում է քաղաքականություն։ Կկուն այլևս չի աղերսում աղվեսին։ Նա կանգնում է ու հիշեցնում մի պարզ ճշմարտություն.
Անխիղճ գազան, անկուշտ, ագահ,
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար։

Այսօր այդ «սարը» պետությունն է։ Եվ որքան էլ որևէ իշխանություն փորձի իրեն նույնացնել պետության հետ, քաղաքացին ավելի ու ավելի հաճախ է ասում. պետությունը ոչ մեկի սեփականությունը չէ։ Այն բոլորինն է։

Գուցե հենց սա է ամենակարևոր փոփոխությունը. ոչ թե այն, որ մարդիկ սիրել կամ չսիրել են որևէ քաղաքական ուժի, այլ այն, որ վախենալը դադարել է աշխատել որպես քաղաքական գործիք։

Երբ դա է տեղի ունենում, ցանկացած «ջախջախելու եմ» սկսում է ավելի շատ խոսել ասողի, քան լսողի մասին։ Կոնկրետ դեպքում Փաշինյանի սպառնալիքը խոսում է իր անվստահ վիճակի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին

Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին Tue, 03 Nov 2026 13:30:32 +0400…

20 րոպե ago

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը Tue, 03 Nov 2026 13:30:19 +0400 Նոյեմբերի…

20 րոպե ago

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին Tue, 03 Nov 2026 13:15:56 +0400…

35 րոպե ago

Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում

Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում Tue, 03 Nov 2026 13:09:21 +0400 Հայաստանի…

41 րոպե ago

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում Tue, 03 Nov 2026 13:01:13 +0400…

49 րոպե ago

Ռուս լրագրող է մահացել

Ռուս լրագրող է մահացել Tue, 03 Nov 2026 13:00:27 +0400 72 տարեկանում մահացել է ռուս…

50 րոպե ago