Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ
Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400
Շտապում է` շատ է շտապում իշխանությունը: Երեւի Ալիեւը հստակ ժամկետ է սահմանել, ուլտիմատում է տվել, անընդհատ շտապեցնում է, էլ չի ուզում սպասել, վստահ չէ, որ ժամանակն իր եւ իր հովանավորյալ Փաշինյանի օգտին է աշխատում. ի՞նչ իմանաս` մի քանի ամսից աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական ինչ փոփոխություններ տեղի կունենան մեր շուրջը, մեր երկրի ներսում, և ում օգտին կլինեն դրանք: Ուզում է` երկաթը տաք-տաք ծեծել, հնարավորը քամել 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտված ու ծնկի եկած հայկական իշխանություններից:
Իսկ մենք այս թոհուբոհի մեջ կորցնում ենք խելամտության թելը, մտածելու պարզ ունակությունը, ընկնում ենք Ալիեւ-Փաշինյան զույգի թակարդը, աշխարհին ու իրավիճակին սկսում ենք նայել նրանց աչքերով ու նրանց թելադրանքով:
Առաջին հերթին պետք է ազատվել այդ խաբկանքից, կեղծ ու մեզ ներշնչված նարատիվներից, ես կասեի` հիպնոսից: Եկեք մի քանի բան արձանագրենք.
– Ոչ մի պատերազմում ոչ մի պարտություն հավերժական պարտություն եւ անվերջ զիջումներ չի նշանակում: Մենք մեզ պարտված ենք զգում, որովհետև մեր առաջնորդներն են պարտված, տկար, անկամ ու խեղճ:
Ալեքսանդր Մակեդոնացին ասում էր. «Ես չեմ վախենում առյուծների բանակից, որը ղեկավարում է ոչխարը. ես վախենում եմ ոչխարների բանակից, որը ղեկավարում է առյուծը»։
– Ոչ մի Խաղաղության փաստաթուղթ խաղաղություն չի բերում, խաղաղությունը փաստաթղթով չի սահմանվում, Խաղաղության համաձայնագիր կնքելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Ոչ մի փաստաթուղթ երաշխիք չէ, որ հետագայում պատերազմ ու կոնֆլիկտներ չեն լինելու: Այդ համաձայնագրի բլեֆը հատուկ է հորինվել` մեզ խաբելու համար: Որ աչքներս ջուր կտրի` շունչներս պահած հետևենք. վախ նախաստորագրեցին, ով ստորագրեց, ով ում կողքին էր նստած, առաջին կետում ինչ գրեցին, վերջինն ինչպես ձևակերպեցին…
-Ոչ մի փաստաթուղթ ու խաղաղություն չեն կարող արդարացնել անվերջ զիջումներն ու ստրկական հնազանդությունը թշնամուն: Խաղաղության պայմաններում պետություններ են վերացել, պատերազմներից` ուժեղացած դուրս եկել: Կեղծ խաղաղությունը, հանուն խաղաղության տրված զոհերը երբեմն ավելի ծանր են լինում ու անդառնալի:
– ՀՀ Սահմանադրությունը ոչ մի տարածքային հավակնություն չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, դրանով խաղաղություն չի հաստատվելու և Ադրբեջանը դրանով չի բավարարվելու` այդ խայծը չի կարելի կուլ տալ, այդ բլեֆին չի կարելի հավատալ:
– Եվ վերջապես. օտարահունչ տերմինների տակ քողարկված թակարդն էլ չպետք է ընկնենք: Ձեզ մի խաբեք, և թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն` ԹՐԻՓ-ը ոչ Հայաստանի ապաշրջափակման, ոչ Միջին միջանցքի, ոչ հայ-ամերիկյան ինչ որ գրանդիոզ նախագծի ու շահույթների մասին է: Ճանապարհի անվան տակ մեր երկրից մի մեծ կտոր տալիս են Ադրբեջանին` որպես միջանցք, որ Նախիջևան ու Թուրքիա գնալը Արցախը ոչնչացնող այդ վայրի ցեղի համար հեշտանա, իսկ տարիներ անց դա էլ իրենցով կանեն` ինչպես արեցին Գորիս-Կապան ճանապարհը, Կիրանցի կեսը, ինչպես ուզում են անել Տիգրանաշենը…
Ազատվենք Ալիև-Փաշինյան հիպնոսից, թշնամու թակարդը չընկնենք, հիմար ձկների նման խայծը կուլ չտանք…