ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ամփոփիչ զեկույցը

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ամփոփիչ զեկույցը

Mon, 22 Jun 2026 17:41:59 +0400


Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցը, որը հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի, ինչպես նաև առաքելության կողմից հավաքագրված ու վերլուծված փաստական տվյալների վրա։

Դիտորդական առաքելության աշխատանքներին մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված 368 դիտորդներ, որոնց թվում՝ 40 երկարաժամկետ և ավելի քան 300 կարճաժամկետ դիտորդներ։ Դիտարկումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ընդգրկելով ընտրական գործընթացի բոլոր փուլերը՝ նախընտրական շրջանից մինչև քվեարկության օրը, ձայների հաշվարկը, արդյունքների ամփոփումը և հետընտրական զարգացումները։

Զեկույցի համաձայն՝ ընտրական գործընթացն ուղեկցվել է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներին առնչվող բազմաթիվ և բազմաբնույթ խախտումներով ու մտահոգիչ երևույթներով։ Դիտորդական առաքելությունը հատկապես առանձնացնում է վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման, պետական և քաղաքական գործունեության սահմանների խախտման, պետական և համայնքային ծառայողների քաղաքական գործընթացներում ներգրավման, կրթական հաստատությունների քաղաքականացման, ընտրողների նկատմամբ ճնշման և ուղղորդման, ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, ինչպես նաև քաղաքական ատելության խոսքի և սպառնալիքների տարածման դեպքերը։

Առաքելության գնահատմամբ՝ արձանագրված խնդիրների զգալի մասը կրել է ոչ թե մեկուսացված, այլ համակարգային և կրկնվող բնույթ։ Դրանց տարածվածությունն ու բազմազանությունը վկայում են, որ ընտրական գործընթացի օրինականության գնահատումը չի կարող սահմանափակվել առանձին միջադեպերի ուսումնասիրությամբ, այլ պահանջում է ամբողջական դիտարկում՝ հաշվի առնելով դրանց համակցված ազդեցությունը քաղաքական մրցակցության հավասարության, ընտրողների ազատ կամարտահայտման և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա։

Նախընտրական ժամանակահատվածում առաքելությունը գրանցել է հարյուրավոր հաղորդումներ, որոնց թվում՝ 154 դեպք ապօրինի քարոզչության, 114 դեպք վարչական ռեսուրսի օգտագործման, 47 դեպք թշնամանքի հրահրման, 27 դեպք իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճնշման, 26 հաղորդում ընտրակաշառքի, ինչպես նաև ընտրողների նկատմամբ ճնշման, քաղաքական մրցակցության անհավասար պայմանների և դիտորդների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցում նշվում է, որ արձանագրված բազմաթիվ դեպքեր առնչվել են պետական պաշտոնատար անձանց քարոզչական գործընթացներում ներգրավմանը, հանրային ու կրթական հաստատությունների քաղաքականացմանը, ինչպես նաև ընտրողների նկատմամբ ազդեցության և վերահսկողության փորձերին։

Քվեարկության օրը «Արդար քվե» դիտորդական առաքելությունը ստացել է ավելի քան 500 հաղորդում և ահազանգ։ Դրանցից 128-ը վերաբերել են քվեարկության գործընթացում արձանագրված խախտումներին, 38-ը՝ ընտրատեղամասերում միջադեպերին, 36-ը՝ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներին, 34-ը՝ ապօրինի քարոզչությանը, 28-ը՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքի խախտումներին, իսկ 20-ը՝ ընտրողների նկատմամբ ճնշման և վախեցման դեպքերին։

Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քվեարկության գաղտնիության խախտումներին, ընտրողների ուղղորդման դեպքերին, ընտրատեղամասերի հարակից տարածքներում քաղաքացիների կուտակումներին, ընտրական հանձնաժողովների գործունեության թերություններին և դիտորդների աշխատանքի խոչընդոտման դեպքերին։ Առաքելությունը նաև արձանագրել է ընտրական վարչարարության և վերահսկողական մեխանիզմների արդյունավետության հետ կապված խնդիրներ, որոնք, ըստ զեկույցի, կարող են բացասաբար ազդել ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահության վրա։

Զեկույցի ամենակարևոր եզրակացություններից մեկն այն է, որ արձանագրված խախտումների ամբողջությունը կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների, այդ թվում՝ խորհրդարանական մանդատների բաշխման վրա։ Դիտորդական առաքելությունը հատուկ անդրադարձ է կատարում նաև այն հանգամանքին, որ շուրջ 60 հազար քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման սահմանափակման վերաբերյալ խնդիրներ են արձանագրվել, իսկ երեք ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով շուրջ 3400 քաղաքացիների ձայներ դուրս են մնացել վերջնական արդյունքների հաշվարկից։

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը վերահաստատում է, որ ժողովրդավարական ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնումը հնարավոր է միայն արձանագրված բոլոր խախտումների լիարժեք, անկախ և անկողմնակալ իրավական գնահատման պայմաններում։ Այդ նպատակով առաքելությունը կարևոր է համարում ընտրական գործընթացի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված բոլոր դատական և սահմանադրաիրավական վերահսկողական մեխանիզմների կիրառումը։

Հրապարակված ամփոփիչ զեկույցը ներառում է արձանագրված փաստերը, դրանց իրավական գնահատականը, ընտրախախտումների վիճակագրությունը, ինչպես նաև ընտրական համակարգի բարելավմանն ուղղված առաջարկություններ և կարող է ծառայել որպես կարևոր փաստաթուղթ՝ ընտրական գործընթացների հետագա բարելավման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար։

Զեկույցում ներառված ընտրախախտումների և միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվել են նաև youthvote.live բաց առցանց հարթակի միջոցով, որտեղ դիտորդների և քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումները հրապարակվել են թափանցիկ ու հանրային հասանելի ձևաչափով՝ ապահովելով ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության լրացուցիչ մեխանիզմ և հնարավորություն տալով յուրաքանչյուր քաղաքացու հետևել արձանագրված դեպքերին իրական ժամանակում։

Զեկույցը՝ Արդար քվե | FYCA

Աստղիկ Ավետիսյան

Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար Քվե» դիտորդական առաքելության հանրային կապերի ղեկավար

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

5 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

7 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

7 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

7 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

7 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

8 ժամ ago