«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի
Wed, 24 Jun 2026 09:15:51 +0400
«Հրապարակի» զրուցակիցը Վրթանես քահանա Բաղալյանն է։
– Մայր Աթոռից մեզ հետ զրույցում հաստատել էին այն տեղեկությունը, որ Հայ առաքելական եկեղեցին վերջերս պետական բյուջե մեծ գումարներ է վճարել: Խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է, այսպես կոչված` մոմի` պարաֆինի հարկն է վճարվել: Նիկոլ Փաշինյանը, անցած ամառվանից սկսած, սեւեռվել էր եկեղեցու վրա, հայտարարում էր, որ Վեհափառը պետք է հեռացվի աթոռից, սրբազաններին էր կալանավորում: Ապա խոսում էին եկեղեցուն հարկելու մասին: Այն մասին, որ Մայր Աթոռը պետք է գույքահարկ վճարի եւ այլն: Փաստորեն, իշխանությունները հանրային գումարներն անարգել մսխում են, միլիարդների տոնածառներ են գնում, ֆեստիվառներին են փող հատկացնում, այս տարի էլ Վարդավառի համար են փող հատկացրել, արտաքին պարտքը 8 տարում կրկնապատկել են, սակայն դա էլ իրենց չի բավականացնում, հիմա էլ եկեղեցուց են գումարներ պահանջում ու ստանում:
– Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի ընչաքաղցությունը սահմաններ չունի: Մենք վերջին ութ տարիների ընթացքում տեսանք բաներ, որոնք երբեք չէինք տեսել, օրինակ՝ տեսանք, որ ութ տարում արտաքին պարտքը կարելի է ութ միլիարդ դոլարով ավելացնել: Եվ այդքան պարտքի տակ ընկնելուց հետո նրանց արած գործերը չենք տեսնում: Ի վերջո, այդ պարտքը ժողովուրդն է փակում` իր հարկերով, վճարած գումարներով, ես շատ կուզեի տեսնել այն 500 դպրոցները, որոնք իբրեւ թե կառուցել են, կխնդրեի վարչապետին, որ հրապարակի իր կառուցած դպրոցների լուսանկարները: Խոսում են նաեւ վերակառուցած ահռելի քանակով դպրոցների մասին, կխնդրեմ, որ նաեւ դրանց ցանկը հրապարակի եւ այն 300 մանկապարտեզների հասցեները եւ լուսանկարները, որոնք նա խոստանում էր կառուցել, նորոգել եւ այլն: Ի դեպ, Աշտարակում էլ ուսանողական քաղաք էին կառուցում, կխնդրեմ նաեւ Աշտարակից լուսանկարներ հրապարակել, ուզում եմ տեսնել, թե այսքան տարվա ընթացքում ինչ գործ են արել: Շատ կուզեի նաեւ Աջափնյակի մետրոյի կայարանում իջնեի, դա էլ էին խոստացել, չէ՞: Իրականում, այս մարդիկ անլուրջ են, նրանց հակաեկեղեցական պայքարը, որը շարունակվում է, նույնպես անլուրջ է: Պահանջում են հարկեր նաեւ եկեղեցական շինությունների համար, փորձում են եկեղեցին մաշեցնել այս քայլերով: Մենք թուղթ ենք բերում` սահմանով, որ գրքեր տպենք Հայաստանում, իրենք մեզնից թղթի համար գումար են վերցնում, բայց երբ աղանդավորը` Եհովայի վկան կամ մասոնականը դրսից տպած գիրք է բերում, դա համարում են բարեգործական: Այսինքն` Եհովայի վկայի կամ մորմոնականի բերած գիրքը բարեգործական է, իսկ Առաքելական եկեղեցին ներկրած թղթի համար գումարներ է վճարում, կամ՝ պարաֆինը, որ բերում են, պիտի դրա համար ահռելի հարկեր տանք պետությանը: Մայր Աթոռի շինություններից են հարկեր պահանջում, ինչն ամոթ է ուղղակի:
– Բայց Փաշինյանը շարունակում է հավատացյալ խաղալ, կիրակի օրը կրկին որոշել էր սուրբ պատարագի մասնակցել, սակայն վերջին այցելություններին այլեւս չեն պարտադրում Վեհափառի անունը զեղչել, գուցե չեն կարողանում պարտադրել:
– Ի պատիվ եկեղեցականների, նրանք ցույց տվեցին, որ աջակցում են Վեհափառ հայրապետին, նաեւ վերջին ընտրությունների արդյունքներից մենք մի բան հասկացանք, որ անկախ այն բանից, որ այսքան վարչական ռեսուրս կիրառվեց, տարբեր ձեւերով մարդկանց վախեցրին, կրթական հաստատությունների աշխատակիցներին ճնշեցին, սակայն անգամ 50 տոկոս քվե չկարողացան ստանալ: «Հայկական ժամանակի» իր օգնականը` Վահագն Հովակիմյանն ամեն ինչ արեց, որպեսզի ՔՊ-ն ստանա բավարար քանակով ձայներ, որպեսզի գոնե կարողանան վարչապետ ընտրել: Դա էլ չէր ստացվում, մի քանի տեղամասում քվեներն անվավեր ճանաչեցին, որպեսզի կարողանան իրենց ուզածին հասնել, Փաշինյանը մաթեմատիկայից թույլ է, ճիշտ հաշվարկ չէր արել, իսկ ԿԸՀ-ում չկարողացան անգամ իրենց նկարած թվերը ճիշտ արտագրել: Սկզբում Փաշինյանն ասում էր` թող Մայր Աթոռը վճարի, մենք հետո հարկերը հետ կտանք, դե, հիմա միլիոնների հարկեր ենք վճարել, մեքենայիս շարժիչը վատ վիճակում է, թող Ալեն Սիմոնյանի մեքենայից ինձ էլ գնեն այս հարկերով: Կատակում եմ, ինձ նրանցից ոչինչ պետք չէ:
– Փաշինյանը որպես նախընտրական խոստում ասել է, որ իր վերընտրվելու դեպքում Գարեգին Բ կաթողիկոսի հարցը լուծելու է, նրան հեռացնելու է Վեհարանից: Կհաջողվի՞ նրան:
– Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր կնոջ ու զավակների վարքը փոխի, եթե ինչ-որ բան փոփոխելու ունակ մեկն է: Թող իրեն միացածների, իր թիմակիցների վարքը փոխի, մենք էլ տեսնենք, իրենցից օրինակ վերցնենք: Թող հակաեկեղեցական պայքարին միացածների, այն թույլ վարքի տեր հոգեւորականների վարքը փոխի: Իհարկե, եթե նրանք պետք է մեզ բարեփոխեն, ավելի լավ է՝ անբարեփոխ գնանք մեռնենք: