«Հրապարակ». Ավելի շատ մտահոգվելու տեղ նախիջեւանցիներն ունեն, որ Հայաստանից իրենց ինտերնետ է մատակարարվելու

«Հրապարակ». Ավելի շատ մտահոգվելու տեղ նախիջեւանցիներն ունեն, որ Հայաստանից իրենց ինտերնետ է մատակարարվելու

Wed, 24 Jun 2026 12:15:36 +0400


Ադրբեջանի պետական հիմնական հեռահաղորդակցության օպերատոր «Ազտելեկոմն» ու «Թիմ Տելեկոմ Արմենիան» կոմերցիոն հիմունքներով երկու երկրների տարածքով ինտերնետ տրաֆիկի տարանցման եւ մատակարարման պայմանագիր են կնքել: Հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս պայմանագիրը, ու ինչպիսի հետեւանքների այն կարող է հանգեցնել, «Հրապարակը» զրուցեց «ԿիբեռՀաբի» համահիմնադիր, կիբեռանվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի հետ:

– Հանրության շրջանում մտահոգությունների տեղիք է տվել այս պայմանագիրը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը վերահսկողություն է ստանում «Թիմ Տելեկոմի» նկատմամբ:

– Ես մինչեւ վերջ դեռ չեմ ճշտել, բայց այն, ինչ հասանելի է հրապարակված հաղորդագրության մեջ, մեծ հաշվով, տարանցման մասին է խոսքը: Նույնիսկ այդ տարածման տեխնոլոգիան այնպես է, որ ֆիզիկապես կաբելն անցնում է մեր տարածքով, կաբելն էլ ինչ-որ մասով՝ գուցե: Ինչ-որ անիմաստ պանիկա է տարածվել:

– Մեր կաբելը գրեթե իրենց տարածք չի մտնում, այսինքն՝ մեծ հաշվով, մեզ այս պայմանագիրը պե՞տք չէր կնքել:

– Չէ, տեսեք՝ ինչ է կատարվում: Օրինակ, «Թիմ Տելեկոմը» Հայաստան մտնող տրաֆիկի զգալի մասն արտահանում է: Այն, ինչ իրենք բերում են Հայաստան, իսկ իրենք նույնիսկ վրացական օպերատոր ունեն, եւ այն, դա գալիս է ու հետո Իրանի տարածքով գնում է, արտահանվում է՝ Իրաքին ենք վաճառում, ինչ-որ կարողություններ Իրանում են մնում: «Թիմ Տելեկոմը» բերում ու վերավաճառում է: Պլյուս «Թիմ Տելեկոմի» տնօրենի եղբայրն ու զարգացման մենեջերը՝ Ալիկ Եսայանը, իրենք նաեւ Firebird ընկերության հիմքում են կանգնած, Ղազախստանում են եւս մեկ Firebird ստեղծել։ Այսինքն՝ «Թիմ Տելեկոմի» շահերից բխում է հնարավորինս շատ տարանցումներ, կապուղիներ ստեղծի՝ ինտերնետ բերող-վերավաճառող է: Այս պրոյեկտն այդ ընդհանուր կապուղիների բազմազանեցման կոնտեքստում պիտի նայենք, որ ղազախական Firebird-ը, հայկական Firebird-ն իրար հետ համակցվեն, որպեսզի այս AI գործարանի հետ աշխատողները տեսնեն, որ իրենց տրաֆիկը միայն Իրան ու Վրաստան չի գնում, որ մեկը կապը կտրի ու ամեն ինչ գնա: Այս կոնտեքստում է ամեն ինչ: Իրականում, մեր տրաֆիկի ճնշող մեծամասնությունը գնալու է Վրաստան, Վրաստանով դուրս գա Բուլղարիա` օրինակի համար, կամ գնում է Ռուսաստան: Բայց դա շատ անկանխատեսելի է, ինտերնետն այնպիսի բան է, որ դժվար է կանխագուշակել: Պետք է հասկանանք, որ այն, ինչ արվում է, տրանզիտի պայմանագիր է, այսինքն` ֆիզիկապես կաբելները մեր մոտով անցնում են, բայց ոնց որ այդ խողովակի միջով գազն անցնում է, այն չի համակցվելու մեր համակարգերի հետ առանձնապես:

– Հետեւաբար՝ այդ պայմանագրի իմաստը ո՞րն է:

– «Թիմ Տելեկոմը» վաճառում է ինտերնետ Ադրբեջանին, Ադրբեջանն էլ թողունակություն է ապահովում: Իմ ընկալմամբ, սա ավելի շատ կապված է ընդհանուր ենթակառուցվածքի հետ, որ այդ նույն Firebird-ն ավելի արդյունավետ աշխատի, եթե իրենց պետք լինի դուրս գալ Կենտրոնական Ասիայի երկրներ, այդտեղից էլ օգտագործեն մեր AI գործարանի կապուղիները եւ այլն: Այսինքն, սա շատ լավ բան է, մեզ պետք է, որ իրենք էլ մեզնից կախում ունենան վերջապես, բայց, մյուս կողմից, մեզ էլ է պետք՝ այլընտրանքային ելքեր։ Այս պահին մենք ունենք ելք միայն Վրաստանով ու Իրանով, ամեն մի ավել կապուղի շատ օգտակար է: Հիմա մենք պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիայի միջով ունենանք կապուղի․ սա այդ պրոցեսի մասն է:

– Դուք նշեցիք Firebird-ը, արդյոք այս պայմանագրի հիմքում հենց Firebird-ի ու արհեստական բանականության գործարանի հարցը չէ՞:

– Չէ, չէ, դա չէ: Նայեք, մարդիկ անում են հսկայական ներդրումներ, ենթակառուցվածքային, Firebird Ղազախստան, Firebird Հայաստան… հիմա Հայաստանից տրաֆիկը ոնց է գնալու Ղազախստան, ամենակարճ ճանապարհը կլինի, որ Ադրբեջանով, Կասպից ծովով դուրս գա, մեր Firebird-ը, եթե պետք լինի, ինչ-որ բան համակցվի այնտեղ: Որպեսզի մեր Firebird-ը լիարժեք գործոն դառնա, մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը հնարավորինս շատ կապուղիներ ունենա, որովհետեւ դրանով հսկայական տրաֆիկներ են գնալու գան:

– Ինչո՞ւ հենց Ղազախստան՝ թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկիր:

– Ղազախստանում բացել են այդպիսի խոշոր գործարան մերոնք, դա հայկական ներդրում է Ղազախստանում։ Այդ մասին մի երեք օր առաջ հայտարարություն է եղել: Այսինքն` «Թիմ» ընկերության հիմքում Եսայան եղբայրները խոշոր բիզնեսներ են անում եւ չեն սահմանափակվում միայն Հայաստանով:

– Եվ, զարմանալի պատահականությամբ, Նիկոլ Փաշինյանին հայտնի մրցանակը տված երկրում, որը նաեւ թյուրքական պետությունների կազմակերպությունում է ընդգրկված։ Հետաքրքիր պատահականություն է:

– Դա, հավանաբար, համընկնում չէ, բայց մյուս կողմից մեծ բիզնես ներդրումներ են: Նրանք հիմա վաճառում են ինտերնետ՝ Հայաստանով գնում է, Իրանով դուրս է գալիս Մերձավոր Արեւելքի երկրներ՝ հիմա դա վատ է, թե լավ է: Մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, մենք խոսում ենք, որ Հայաստանը Եվրոպայի եւ արաբական երկրների միջեւ կամուրջ դառնա, խոսում ենք, որ Հայաստանը Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջեւ կամուրջ դառնա։ Սրա համատեքստում է դրան պետք նայել:

– Դուք բերում եք Իրանի օրինակը, բայց Իրանը չի ասում, որ ՀՀ տարածքն Արեւմտյան Իրան է, իսկ Ադրբեջանն ասում է ու դեռ միջազգային մակարդակով էլ այդ թեզն առաջ է տանում: Հարցը հետեւյալն է․ նման երկրի հետ, որի հետ չունես դիվանագիտական հաստատված հարաբերություններ, մի երկիր, որը կապիտուլյացիային համարժեք պահանջներ ու նախապայմաններ է մեր առաջ դնում, ինչպե՞ս կարելի է նման պայմանագիր կնքել:

– Եկեք խոսենք տեխնիկական հարցերից: Տեխնիկական հարցն այն է, թե արդյո՞ք այդ կապուղիով ադրբեջանցիները կարող են հասանելիություն ստանալ հայաստանցիների տվյալներին, եւ հակառակը` արդյո՞ք հայաստանցիները կարողանում են հասանելիություն ստանալ ադրբեջանցիների տվյալներին․ այդպես չէ՞, սա տեխնիկական հարց է:

– Այսինքն, վտանգ կա, որ ադրբեջանցիները հայաստանցիների տվյալներին հասանելիություն կարող են ստանալ:

– Հենց դա եմ ուզում ասել, քանի որ դրա կարիքն էլ առանձնապես չունեն: Եթե հիշում եք, պատերազմի օրերին մենք իրենց հեռախոսներն էինք գաղտնալսում, իրենք` մերը: Դրա հետ կապված առանձնապես ջանքեր պետք չեն, կամ էս ներդրումն այդ խնդիրը բացարձակ չի լուծում, շատ ավելի հարմար ու հեշտ ձեւեր կան: Անիմաստ խոսակցություններ են, ու ուղղակի պետք է հասկանանք, թե ինչ ծավալներ են ու ինչ հաշվարկային հզորություններ են պետք գալու… Եթե իրենք կարողանում են դրոն թռցնել, ցանկացած հեռախոս գաղտնալսել, ինչների՞ն է պետք, կարող են կոնկրետ թիրախավորված մարդու տրաֆիկը հանել, Պեգասուսով հարձակումները, որ մենք փաստագրել ենք հսկայական քանակի, ում պետք է, կոնկրետ այդ մարդուն են թիրախային կոտրել: Այսպես թե այնպես, ամբողջ երկրի տրաֆիկը` ով ինչ յութուբ նայեց, ինչ ռիլ արեց, բոլորինը պահեն՝ դա անիմաստ հաշվարկային կարողություններ են, տեղ էլ չունեն՝ այդքան ինֆորմացիա պահեն:

– Իսկ հնարավո՞ր է, որ ադրբեջանցիները կարողանան, օրինակ, զրկել Հայաստանին ինտերնետից:

– Ոչ, որովհետեւ իրականում Հայաստանն այդտեղով չէ, որ պիտի ինտերնետ ստանա: Մենք մեծ տարողություններ ունենք, հիմա խոսքը, հակառակը՝ այլ բանի մասին է, Հայաստանի տարածք է մտնում մեծ ծավալով ինտերնետ եւ Իրանի տարածքով վերավաճառվում է: Մենք հիմա ավելի մեծ քանակի ինտերնետ ենք բերում, քան մեզ պետք է, եւ հետո դա վերավաճառում ենք՝ մոտ 90 տոկոս: Մենք ավելի շատ տարողունակություն ունենք. Նախիջեւանից ի՞նչ ինտերնետ պիտի գա, կապերը գալիս են հիմնականում ծովային ճանապարհներով․ մի կաբել գալիս է Իրանով, Հայաստան է մտնում, մյուս կաբելը Սեւ ծովով Եվրոպայի հետ է կապվում, գալիս մտնում է Վրաստանի տարածքով Հայաստան: Շատ ավելի մեծ, իրական մտահոգություն է, օրինակ, այդ Կովկասուս կապուղին, որն ադրբեջանցիներին է պատկանում, չնայած Վրաստանի տարածքում է: Այդտեղ ավելի հիմք ունենք խոսելու, քան այս հարցի շուրջ: Իրականում, ես սրա շուրջ բարձրացված աղմուկը հասկանում եմ, թե նաեւ ինչ է, բայցեւայնպես, շատ էլ լավ է՝ հիմա մենք ենք վաճառում իրենց: Ես՝ ինքս, ուզում եմ պարզել: Բայց այն, ինչ հրապարակային կա, ուղղակի ֆիզիկապես այդ կաբելը մեզ հետ չի էլ համակցվելու: Ընդհակառակը, ավելի շատ մտահոգվելու տեղ նախիջեւանցիներն ունեն, որ Հայաստանից իրենց ինտերնետ է մատակարարվելու՝ մոտավորապես այսպես է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր վարույթ դատավորի նկատմամբ

Նոր վարույթ դատավորի նկատմամբ Wed, 24 Jun 2026 17:29:39 +0400 Ընդդիմադիրներին կալանավորելու, աղմկոտ քաղաքական գործերով…

4 րոպե ago

Ամիսներ անց հայտարարագրում է

Ամիսներ անց հայտարարագրում է Wed, 24 Jun 2026 17:15:10 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման…

18 րոպե ago

Կանխատեսումներ և խաղադրույք․ Ցուկերբերգը նոր հարթակ է ստեղծում

Կանխատեսումներ և խաղադրույք․ Ցուկերբերգը նոր հարթակ է ստեղծում Wed, 24 Jun 2026 17:00:33 +0400 Meta-ի…

33 րոպե ago

Ընտրությունները կեղծվե՞լ են. Քաղաքացիների կարծիքը

Ընտրությունները կեղծվե՞լ են. Քաղաքացիների կարծիքը Wed, 24 Jun 2026 17:00:30 +0400 Latest news from Secure…

33 րոպե ago

Ինչու՞ էր դատախազ Հայկ Ավետյանը «սմայլիկ» դրել Ալեն Սիմոնյանի քաղաքական գրառման տակ

Ինչու՞ էր դատախազ Հայկ Ավետյանը «սմայլիկ» դրել Ալեն Սիմոնյանի քաղաքական գրառման տակ Wed, 24 Jun…

38 րոպե ago

Չալաբյանին ձերբակալեցին մինչև ՍԴ-ի որոշումը, որովհետև «Հայաքվեն» ակտիվ պայքարի մեջ է

Չալաբյանին ձերբակալեցին մինչև ՍԴ-ի որոշումը, որովհետև «Հայաքվեն» ակտիվ պայքարի մեջ է Wed, 24 Jun 2026…

39 րոպե ago