«Հրապարակ»․ Գյումրու իշխանություններն ամուր են եւ անկոտրում

«Հրապարակ»․ Գյումրու իշխանություններն ամուր են եւ անկոտրում

Fri, 26 Jun 2026 10:15:09 +0400


Գյումրու ավագանու հունիսի 25-ի հերթական նիստը մեկնարկեց բավական անսպասելի եւ լարված մթնոլորտում։ Իշխանությունը հերթական անգամ փորձեց խոչընդոտել ավագանու բնականոն աշխատանքը՝ այս անգամ փորձելով ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին նիստից զրկելով անել դա, որ քվորումի բացակայության պայմաններում նիստը տապալվի։ Մինչ ավագանու անդամները հավաքվում էին նիստերի դահլիճում, իրավապահները խուզարկություն էին անում Կարեն Սիմոնյանի բնակարանում, ինչի հետեւանքով նա չկարողացավ մասնակցել նիստին։ Կարեն Սիմոնյանի բնակարանը խուզարկելու առիթը թերեւս նախօրեին հրապարակված մի գաղտնալսված խոսակցություն էր, որի ժամանակ ինչ-որ գյումրեցի կանայք ընտրությունների հետ կապված հարցեր են քննարկում, ձայներ բերելու մասին են խոսում, ինչ-որ գումարներ են մատնանշում, եւ նրանցից մեկը խոսքի մեջ ասում է` իմ ղեկավարը Կարեն Սիմոնյանն է:

Գյումրու ավագանու հերթական նիստը, որը պետք է լիներ ընթացիկ նստաշրջանի վերջին նիստը, այդպես էլ չկայացավ։ Պատճառը քվորումի բացակայությունն էր։ Ավագանու 33 անդամից նիստերի դահլիճում ներկա էր միայն 16-ը, մինչդեռ նիստը սկսելու համար անհրաժեշտ էր առնվազն 17 անդամի ներկայություն։ Նիստին ամբողջ կազմով չէին ներկայացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները` ակնհայտորեն նիստը տապալելու մտադրությամբ։ Գյումրու ավագանիում ՔՊ-ն ունի 14 մանդատ, իսկ ընդդիմադիր ուժերը միասին՝ 19։ Քվորումի բացակայության պայմաններում քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը դիմեց նիստը վարողին. «Պարոն Մալխասյան, քվորում ունե՞նք, տեղյա՞կ եք, թե ինչու չկա «Քաղաքացիական պայմանագիրը»»։ Մալխասյանը պատասխանեց. «Չէ, տեղյակ չենք»։

Օրենքի համաձայն՝ եթե ավագանու անդամների կեսից ավելին ներկա չէ, պետք է հայտարարվի կեսժամյա ընդմիջում՝ քվորում ապահովելու ակնկալիքով։ Սակայն ընդմիջումից առաջ իրավիճակն ավելի թեժացավ, երբ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Աննա Մուրադյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում այդ պահին խուզարկություն է կատարվում, եւ խնդրեց հետաձգել նիստը։ «Անսպասելի իրադարձությունների պատճառով խնդրում եմ նիստը հետաձգել 30 րոպեով»,- ասաց նա։ Ավետիս Առաքելյանն էլ նկատեց. «Ուժային կառույցներից են հյուրերը՝ անակնկալ, եթե չեմ սխալվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեից են։ Վերջին նիստն է այս նստաշրջանի, եւ ինչ-որ ձեւի ուզում են խոչընդոտել։ Հարգելի իրավապահներ, թույլ տվեք, որ նիստին գա Կարեն Սիմոնյանը»։

Հայտարարվեց կեսժամյա ընդմիջում, սակայն դրա ավարտից հետո էլ պատկերը չփոխվեց։ Պարզ է, որ գործադիր իշխանությունը` իրավապահ համակարգի հետ համատեղ, քաղաքական ճնշումներ է գործադրում: Ինքը` Փաշինյանն էլ չի թաքցնում, որ Գյումրին մնացել է իր կոկորդում, եւ ամեն ինչ անելու է, որ Գյումրիում եւս զավթի իշխանությունը:
Ավագանու նիստի քվորումը չապահովվեց նաեւ ընդմիջումից հետո, եւ նիստը պաշտոնապես համարվեց չկայացած։ Դահլիճում շարունակում էին բացակայել ՔՊ խմբակցության անդամները, իսկ Կարեն Սիմոնյանն այդպես էլ չկարողացավ մասնակցել նիստին՝ իրավապահների գործողությունների պատճառով։

Վարման կարգով ելույթ ունենալով՝ Ավետիս Առաքելյանը տեղի ունեցածը համարեց նախապես մշակված սցենար։ «Այն, ինչ տեղեկացել էինք որոշ աղբյուրներից, որ պետք է տապալեն Գյումրու ավագանու նիստը, հենց այդ սցենարով էլ գնում են։ Օրեր շարունակ իշխանությունը թեզ էր առաջ տանում, թե Գյումրիում կա կառավարման ճգնաժամ»,- հայտարարեց նա։ Թե ինչու ընդդիմադիր մեծամասնությունը, ունենալով 19 մանդատ, չկարողացավ ապահովել անհրաժեշտ 17 ձայնը, դա էլ ունի իր բացատրությունը։ Այդ 19 մանդատներից մեկը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը գտնվում է կալանքի տակ։ Մեկ մանդատ պատկանում է «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Արտակ Հովսեփյանին, որը տնային կալանքի տակ է, իսկ նրա մանդատի փոխանցման գործընթացը դեռ ավարտված չէ։ Երրորդ բացական, ինչպես արդեն նշվեց, Կարեն Սիմոնյանն էր։ Սակայն նիստի տապալումից անմիջապես հետո իրավիճակը փոխվեց։ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը տեղեկացրեց, որ իրենց ցուցակի հաջորդ թեկնածուն՝ Արա Պետրոսյանը, ժամեր անց ստանալու է ավագանու անդամի մանդատը` փոխարինելով տնային կալանքում գտնվող Արտակ Հովսեփյանին։ Եթե նա հասցնի վերցնել մանդատը, ապա առաջիկայում ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի, եւ, մեծ հավանականությամբ, քվորում կապահովվի, ու այն կկայանա։ Ի դեպ, ավելի ուշ թիվ 33 ԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Արա Պետրոսյանին արդեն տրվել է մանդատը։

Այսպիսով արձանագրենք, որ իշխանությունը հերթական անգամ նենգությամբ փորձեց քաղաքական եւ իրավապահ գործիքակազմի համադրությամբ խափանել համայնքային կառավարման մարմնի` ավագանու աշխատանքը, բայց չհասավ իր նպատակին։ Մեկ մանդատի հարցը փաստացի լուծված է, եւ ընդդիմադիր մեծամասնությունը հայտարարում է, որ առաջիկայում կգումարի արտահերթ նիստ։ Ուստի, իշխանության կողմից շրջանառվող «կառավարման ճգնաժամի» թեզի ֆոնին, Գյումրին ցույց է տալիս, որ չի հանձնվում, իսկ ավագանին՝ բոլոր խոչընդոտների պայմաններում, պատրաստվում է շարունակել իր գործունեությունը։ Նման բան, որ գործող իշխանությունը միտումնավոր կազմալուծի եւ տապալի պետական կառույցների աշխատանքը, արհեստական ճգնաժամեր ստեղծի, որ խլի ժողովրդի կողմից ընտրված անձանցից համայնքային իշխանությունը, երեւի մարդկությունը հազվադեպ է տեսել:

Ի պատիվ Գյումրու իշխանությունների, շեշտենք, որ նրանց հաջողվում է տապալել իշխանական ծրագրերը եւ միայնակ դիմակայել ՔՊ-ական խարդավանքներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը Mon, 02 Nov…

9 րոպե ago

26-ամյա երիտասարդին կասկածում են ամուսնական զույգի սպանության մեջ

26-ամյա երիտասարդին կասկածում են ամուսնական զույգի սպանության մեջ Mon, 02 Nov 2026 18:30:29 +0400 ՌԴ…

16 րոպե ago

Սա իսկապես պատմական պահ է, եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս իշխանազրկելու գործընթացի

Սա իսկապես պատմական պահ է, եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս…

27 րոպե ago

Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու

Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու Mon, 02 Nov 2026 18:15:47 +0400…

31 րոպե ago

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին Mon, 02 Nov 2026 18:00:51 +0400 ԱՄՆ Առաջին…

46 րոպե ago

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400 Ֆիթնեսի…

1 ժամ ago