Իրենք էլ իրենց արած գործից չեն հասկանում

Իրենք էլ իրենց արած գործից չեն հասկանում

Fri, 26 Jun 2026 13:15:14 +0400


Հայաստանի բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները հունիսի 24-ին «Գրականություն» եւ «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնեցին էսսեի ձեւաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված կարողունակությունների ձեւավորման պահանջից: Այս տարվա էսսեի քննության թեման էր. Պատմական հատվածը․ «Երկրի տնտեսական վիճակն ինչպե՞ս է ազդում մարդկային փոխհարաբերությունների վրա։ Ըստ քեզ՝ այսօր ինչպիսի՞ արժեքների վրա են կառուցվում մարդկային փոխհարաբերությունները, եւ ո՞րն է քեզ համար առաջնայինը»։ Գրական հատվածը․ Ստ․ Զորյանի «Մի կյանքի պատմություն»։

Այս երկու թեմաներն աշակերտները պետք է համադրեին, միաձուլեին, ինչը, ըստ ուսուցիչների, այնքան էլ չի ստացվել։ Երեխաները հիմնականում անդրադարձել են Զորյանի գրական գործին եւ նման փիլիսոփայական վերլուծություններ` Զորյանի գործի պրիզմայով մարդկային փոխհարաբերությունների եւ արժեքային համակարգի ու տնտեսության հետ կապը չեն կարողացել ներկայացնել:
Կազմակերպված վեբինար-­հարցուպատասխանի ժամանակ, դեռ այս տարվա մարտին, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ասել էր, որ «Գրականություն» եւ «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունն այս տարի արդեն կազմակերպվելու է նոր միասնական ձեւաչափով։ «Սովորողները ստանալու են երկու տեքստ՝ գրական որեւէ ստեղծագործության եւ պատմական որեւէ դրվագի, իրադարձության վերաբերյալ, պետք է այդ տեքստերին ծանոթանալուց հետո տրված ժամանահատվածում գրեն էսսե՝ փորձելով իրենց մտքերն արտահայտել երկու տեքստի վերաբերյալ, դրանց միջեւ գտնել կապեր, դրսեւորել իրենց վերաբերմունքը, ստեղծագործականությունը, քննադատական մտածողությունը։ Էսսեն ավելի ազատ ձեւաչափով սովորողին իր մտքերը շարադրելու հնարավորություն է ընձեռելու»,- ասել էր նա:

Դեռ անցած տարի հայտնի էր, որ քննությունն անցնելու է բավականին տարօրինակ ձեւաչափով, օրինակ` էսսեում ուղղագրական սխալները հաշվի չեն առնվելու։ Նշում էին, որ կարեւորն այն է, որ միտքը գեղեցիկ լինի, պատմական եւ գրական ժանրերը ճիշտ համադրված լինեն, ո՛չ ուղղագրական, ո՛չ կետադրական սխալները հաշվի չեն առնվելու: Այն ժամանակ այս տեղեկատվությունը մեծ արձագանքի արժանացավ` մանկավարժները դեմ էին այս մոտեցմանը:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս մասին, ասաց. «Պետք է հասկանալ՝ արդյոք ուսուցիչները դրան պատրա՞ստ են, թե՞ ոչ։ Այդ փորձարկումը նախարարությունն իրականացրեց Տավուշի մարզում։ Ուսուցիչներ եղան, ովքեր բողոքեցին, որ իրենց համար էլ է դժվար այդ ամբողջը կազմակերպել, հասկանալ, բայց նախարարությունը հաշվի չառավ այդ ամենը։ Ո՛չ չափանիշ կա, ո՛չ չափորոշիչ կա, ո՛չ սկզբունք կա»։

Ուղղագրական սխալները հաշվի չառնելու մասին հարցին Մխիթարյանը պատասխանեց․ «Միտքը շատ սուբյեկտիվ է գնահատել` մեկը կարող է շատ բարձր գնահատել, մեկը` շատ ցածր, իրենք էլ իրենց արած գործից չեն հասկանում»։

Զրուցեցինք 9-րդ դասարանի գրականության ուսուցչուհի Դավթյանի հետ։ «Ես ողջունում եմ դարի նորարարությունը, բայց փորձարկել Տավուշում` նոր դպրոց մտցնել, համաձայն չեմ այդքան էլ, որ 9-րդ դասարանցիները գրեին»։ Ինչքանո՞վ էր ձեզ` ուսուցիչներիդ համար դժվար այս քննությունը։ «Ոչ թե դժվար էր, այլ շատ դժվար էր»։ Ի՞նչ սկզբունքով եք գնահատել, օրինակ՝ սիմպատիա եք ունեցել որեւէ աշակերտի նկատմամբ` բարձր եք գնահատե՞լ, ի՞նչ չափորոշիչով եք, առհասարակ, առաջնորդվել։ «Քննության ժամանակ այդ էմոցիաներին, զգացմունքներին տրվելու պահը չենք ապահովում, մենք իրենց դիտարկում ենք որպես 9-րդ դասարանցիներ։ Ուղղագրական սխալների վրա, իհարկե, աչք չենք փակում, ինչ-որ տեղ դա չենք անտեսում, բայց միավորների այդպես կորուստ էլ չի լինում»։

Դավթյանը նշեց նաեւ, որ երեխաներն ինքնուրույն, «գլխիկոր» աշխատել են։ «Մեր դպրոցը եզակի դպրոցներից էր, որ իմ եւ պատմության ուսուցչի նախաձեռնությամբ, յուրաքանչյուր երկուշաբթի օր երկուսուկես ժամ երեխաներին տալիս էինք գրավորի այդ տեսակը, մենք դրանով հաջողեցինք»,- կարծում է գրականության ուսուցչուհին։

Զրուցեցինք նաեւ քննություն հանձնած 9-րդ դասարանցի Նատալիի հետ։ Հետաքրքրվեցինք` հե՞շտ էր արդյոք քննությունը, ինչքանո՞վ էին պատրաստված, քննության ժամանակ ի՞նչ խնդիրների բախվեցին աշակերտները։ Աշակերտուհին ասաց, որ քննությունը, ընդհանուր առմամբ, միջին բարդության էր, բայց էսսեն պահանջում էր լավ մտածել եւ ճիշտ ձեւակերպել մտքերը: «Հնարավորինս լավ էի պատրաստվել, հիմնական դժվարությունը մտքերը ճիշտ դասավորելն ու թեմային համապատասխան օրինակներ ընտրելն էր»։ Էսսեից ստացած գնահատականը կանդրադառնա՞ ձեր մյուս գնահատականների վրա։ «Կարծում եմ՝ էսսեն կարող է դրական ազդեցություն ունենալ գնահատականիս վրա, քանի որ փորձել եմ հնարավորինս լավ արտահայտել մտքերս ու կարծիքս»,- ասաց Նատալին։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շիրակի պատգամավորների թիվը 4-ից դարձավ 6․ ՔՊ-ի գերակշռությունն ու նոր դեմքերը

Շիրակի պատգամավորների թիվը 4-ից դարձավ 6․ ՔՊ-ի գերակշռությունն ու նոր դեմքերը Tue, 11 Aug 2026…

12 րոպե ago

Ո՞վ այս անգամ կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը

Ո՞վ այս անգամ կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը Tue, 11 Aug 2026 19:00:00 +0400 Տիգրան…

27 րոպե ago

Եթե քաղաքական չի, ապա ի՞նչ անուն ունի այս  հետապնդումը…. հարց Արուսյակ Ջուլհակյանին

Եթե քաղաքական չի, ապա ի՞նչ անուն ունի այս  հետապնդումը…. հարց Արուսյակ Ջուլհակյանին Tue, 11 Aug…

36 րոպե ago

Ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի…

Ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի… Tue, 11 Aug 2026 18:45:53 +0400 Պարզվեց՝…

42 րոպե ago

Ողբերգական դեպք՝ թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում

Ողբերգական դեպք՝ թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում Tue, 11 Aug 2026 18:33:36 +0400 Քիչ…

54 րոպե ago

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 169-ի

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 169-ի Tue, 11 Aug 2026 18:30:13 +0400 Կոլումբիայում երկրաշարժի զոհերի…

57 րոպե ago