Նրանց, ովքեր ընտրեցին եւ ովքեր սպասում են ՍԴ-ի «արդար» վճռին
Tue, 30 Jun 2026 19:15:51 +0400
Մեր երկիրը հանդարտահոս գետ է, որի հունը դիտավորությամբ փոխում են վայ կառավարիչները, իսկ հունը փոխած ջրերը ոչնչացնում են ծաղկած դաշտերը։ Կենսաթոշակ բարձրացնելը, 65 եւ ավելի տարիքի անձանց անվճար բուժօգնությունը՝ ընտրություններից առաջ, նախընտրական կաշառք էր։ Իշխանությունը, որ վերարտադրվելու մոլեգին ցանկություն ուներ, հաշվի չառավ դրա հետեւանքները։ Հայաստանում 660 հազար թոշակառու կա, մոտ 900 հազար աշխատող։ Անգամ ծերացող Եվրոպայում աշխատող-թոշակառու հարաբերությունը 3/1 է։ Հայաստանյան հարաբերակցությունն իրերի աղետալի դրության մասին է ավետում։ ՀՀ-ում աշխատողների զգալի մասը պետական ապարատում է, սպասարկման, առեւտրի, վարչական եւ վերահսկողական ոլորտներում։ Նյութական արտադրանք չի տալիս։ Արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունը կաթվածահար է։ Մի բուռ ծիրան Եվրոպա նվեր տանելը արտահանել չէ։ «Դրսից տուրիստներ կգան, մեր միրգը կուտեն, ծաղկից հոտ կքաշեն՝ գյուղմթերքների արտահանման հարցը կլուծենք» մտքերը ծաղր են տնտեսագիտության նկատմամբ։
Մինչ ընտրությունները երկրում մոտ 400-450 հազար մարդ արդյունք էր ստեղծում։ Այդ թվից հանեք գյուղոլորտում զբաղվածներին, ովքեր զրկվեցին ՌԴ գյուղմթերք արտահանելուց։ Հենց այս սահմանափակ արտադրողներն են պահում ողջ համակարգը՝ պետական ապարատը, ապահովում սոցվճարները, սպասարկման եւ վարչական ոլորտները։ ՌԴ-ի հետ մեր առեւտրային հունը փոխած՝ եվրոպական հուն ընտրածը չի մտահոգվել սրա մասին։ Էսպես կարելի՞ է կառավարել երկիրը։ Դա այնքան է հեռու կառավարումից, որքան Նիագարայի ջրվեժը` Հայաստանից։ Այս կառուցվածքով ու կառավարմամբ սոցիալական քաղաքականություն հնարավոր չի լինի իրականացնել։ Սա մաթեմատիկա է, ոչ թե քաղաքականություն։
ՔՊ ընտրողներ, շուտով թոշակները կսկսեն ուշանալ իշխանությունների ստեղծած «շիլաշփոթի» հետեւանքով։ Սոցհամակարգը կաթվածահար կլինի, որովհետեւ հիմքը խախուտ է։ Իսկ դուք սպասում եք, թե երբ կլսեք «երանելի» լուրը՝ ՍԴ-ն վճռեց, որ ընտրություններն անցել են օրենքի տառին համապատասխան։ Կցնծաք եւ կվայելեք ձեր հաղթանակի պտուղները: Իսկ հետո թոշակները կտրվեն անկանոն, վճարի չափն ինչ-որ պատճառաբանությամբ կկրճատվի, եւ քանի որ առողջապահական համակարգը փլուզվում է՝ արտոնությունները կվերացվեն «անհրաժեշտաբար»։ Կարծում եք՝ իշխանությունը վախենալո՞ւ է ձեզնից։ Նրանց վախը իշխանությունից, բյուջեի նկատմամբ վերահսկողությունից զրկվելուց է։ Ոմանք վախենում են երկրի կորստից, նրանք՝ աթոռների։ Նրանք այնքան են հեռացել աղքատությունից, որ կորցրել են աղքատին տեսնելու ունակությունը։ Առաջնորդ Նիկոլն ասել է՝ պետական բյուջեն մեր ընտանիքի բյուջեն է։ Ընտանիքը պարգեւավճար է ստանում, շարասյունով շրջում, քարոզարշավ անում պետական միջոցներով, իսկ ընտանիքի «խորթ» անդամներին բացատրում են` փող չկա։ ՌԴ-ի հետ հարաբերությունները քանդեցին, Եվրոպան դուռը չբացեց։ Ռուսաստանը բենզին չտա՝ Ադրբեջանից կբերենք, ցորեն չտա՝ Ադրբեջանը ողջ լինի: Ուտելիք չլինի` «քոլի» երկիր ենք՝ «քոլ կարածենք»։ Իսկ «երբ հարուստը թալանում է, դա կոչվում է բիզնես, երբ աղքատներն ընդդիմանում են, կոչվում է բռնություն» (Մարկ Տվեն):
ԱՄՆ Կապիտոլիումում «Հայաստանից ադրբեջանցիների էթնիկ զտմանը» նվիրված համաժողով էր։ Նիկոլը` լուռուհամր, նա միայն մեր ժողովրդին է պատասխանում: Ասել է՝ ով կխոսի ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր թշնամին է։ Ըստ նրա՝ երկրին ուղղված սպառնալիքներ չկան, վտանգը միայն խորհրդարանական ընդդիմությունն ու հայ ժողովուրդն են։ Նիկոլ ընտրող, գիտե՞ս՝ հասարակական վայրերում արդեն ջնջում են մեր հերոսների նկարները։ Ասում են՝ իզուր եք կռվել ու հերոսացել։ Ազատամարտիկներ, երաշխիք ունե՞ք, որ պատերազմի մասնակցի վկայականները վաղը «բերդի պուտյովկա» չեն դառնալու։ Նիկոլն է ասել․ «Բոլորին ջնջելու եմ հասցեական»։ Այնպես որ, Նիկոլի եւ Ադրբեջանի զավթողական ծրագիրը պետք է կանխել հիմա։ Եթե դա չանենք քաղաքական դաշտում, հարկադրված ենք լինելու գործել ռազմի դաշտում։ Թուրքերը միջազգային մակարդակով հիմքեր են ստեղծում՝ հարձակվելու համար, իսկ ՔՊ-ն մեզ հիմարացնում է խաղաղության բարբաջանքով։ Եվ ՍԴ-ին չի նայում որպես արդարադատության տաճարի, այլ՝ ինչպես հեղեղից փախչող մարդը կնայի վերջին կամրջին. միայն թե անցնի, հետո կամուրջը թող ջուրը տանի։ Նրանց մտածողությունը սեղմվել է մի նախադասության մեջ՝ «էս փորձանքից պրծնենք, ալլահը գիտի, թե հետո ինչ կլինի»։ Նիկոլի «աղանդին» հարող, բայց մտածելու ընդունակությունը դեռ պահպանած մարդիկ հասկանան, թե որքան ծանր գին են վճարելու ՔՊ-ի իշխանության մնալու դիմաց։
ՍԴ հարգելի անդամներ, ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկմանն ուշադիր հետեւում է ազգը: Առաջնորդվեք ՀՀ օրենքներով, դուք հաշվետու եւ պատասխանատու եք թե՛ ազգին, թե՛ իրավաբանական մասնագիտական հանրույթին։ Ձեր որոշումից է կախված Հայաստանի իրավակարգի եւ ժողովրդավարության ճակատագիրը…