Կեղծ «իրական» Հայաստանի քվազիէլիտայի տիպիկ ներկայացուցիչը
Thu, 02 Jul 2026 23:45:47 +0400
Երբ ԿԸՀ նախագահ Հովակիմյանը հայտարարում է, թե «ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, ԿԸՀ-ն անկախ է առավել, քան երբևէ», ես ասելիք չունեմ: Որովհետև ավելի քան 15 տարի ճանաչելով նրան՝ ավելին սպասել չեմ կարող:
Մարդը կարող է կրկնել ընդամենը իր գործատուի խոսքերը: Պետականորեն դա, բնականաբար, նորմալ չէ: Բայց ես բազմիցս եմ կրկնել՝ աննորմալ երկրում ոչ նորմալ խոսքը կամ վարքը պետք է ընկալել որպես բնական: Ժողովուրդն է, չէ՞, վաղուց ասել, եթե գյուղ ես գնացել, որտեղ մարդիկ կույր են, գոնե մեկ աչքդ պետք է հանես: Ի դեպ, ԱԲ-ն բերեց նման բնույթի ևս 5 ասացվածք: Ինչը նշանակում է, որ հարմարվելու ավանդույթը շատ խոր նստվածք ունի մեր ժողովրդի մտածողության մեջ:
Ու նիկոլական կեղծ «իրական» Հայաստանում առաջին պլան մղվեց մեր ժողովրդի հենց այդ հատկանիշը: Ինչը շատ հեշտ է սերմանվում, բայց շատ բարդ է լինելու այն մարդկանց միջից դուրս հանելը:
Մի փոքր շեղվելով՝ ասեմ, որ ռուսերենում կա նմանատիպ ընդամենը 3 ասացվածք, որոնցից 2-ը նման են իրար: Ամենահայտնին «В чужой монастырь со своим уставом не ходят» (Սեփական կանոնագրքով ուրիշի վանք չեն գնում) արտահայտությունն է: ԱԲ-ն բերեց նաև անգլերենը՝ «When in Rome, do as the Romans do» (Եթե Հռոմում ես, վարվիր հռոմեացու պես): Վերադառնալով թեմային՝ ասեմ, որ նույնիսկ տեսականորեն ԿԸՀ-ն անկախ լինել չի կարող: Նախ, որովհետև սահմանադրական այդ կառույցի ղեկավարը Վահագնն է, ով խառնվածքի առումով 180 աստիճանով տարբերվում է այն դյուցազնից, ով առաջինն է կրել այդ անունը: Եվ երկրորդ, ի տարբերություն իր նախորդի, ում մոտիկից ճանաչելու բախտ (կամ անբախտություն) եմ ունեցել, պրոֆեսիոնալիզմի առումով անգամներով զիջում է նրան: Իսկ ոչ պրոֆեսիոնալ ղեկավարը չի կարող լինել անկախ էն գլխից: Նույնիսկ ենթադրում եմ, որ Վահագնը կարող է զիջել նաև ընտրատեղամասային որևէ փորձառու հանձնաժողովականի: Ու հենց այդ պատճառներով է ԿԸՀ նախագահի պաշտոնի համար հենց նրան ընտրել Նիկոլը:
Ինչ մնում է ընդհանրապես ԿԸՀ-ի անկախության խնդրին, ապա այն երբեք անկախ չի եղել ու չի կարող լինել այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Որը պակաս ավտորիտար չէ, քան Ռուսաստանը, սակայն ժողովդավարական Արևմուտքի կողմից իբրև թե ընկալվում է որպես ժողովդավարական միայն այն բանի համար, որպեսզի դուրս մղի Ռուսաստանին Հարավային Կովկասից: Ու արդյունքում Հայաստանը գցի թուրք-ադրբեջանական գազանի երախը՝ վերջակետ դնելով անկախ ու ինքնիշխան պետականություն ունենալու մեր ձգտումներին: Ու այդ առումով ԿԸՀ-ն, որպես պետական կառույց, «անկախ» է ճիշտ այնպես, ինչպես ՀՀ-ն: Եվ եթե ՀՀ վարչապետը կախված է արևմտյան ղեկավարներից ու Էրդողան-Իլհամ զույգից, ապա ԿԸՀ-ի նախագահն էլ՝ ՀՀ վարչապետից: Բայց պետք է խոստովանեմ, որ կա մի բան, որից երկուսն էլ իսկապես անկախ են… դա ՀՀ օրենսդրությունն է: Այդ առումով իրենցից ավելի անկախ չեն եղել ո՛չ ԿԸՀ-ի և ո՛չ էլ ընդհանրապես մեր երկրի նախկին ղեկավարները:
Բայց ԿԸՀ նախկին նախագահներից մեկը՝ Արտակ Սահրադյանն, այնուամենայնիվ, ժամանակին հանդես բերեց կիսաանկախ լինելու համարձակություն: Երբ 2003-ին հերթական անգամ կեղծվեցին նախագահական ընտրությունները և ժողովուրդը դուրս եկավ փողոց, վերջինս մեկ տարի անց վստահության հանրաքվե կազմակերպելու որոշում ընդունեց: Այն, իհարկե, տեղի չունեցավ, բայց մինչ այդ էլ ինքը պաշտոնաթող եղավ, իսկ կես տարի անց լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով երկու տարուց մի փոքր ավելի: Վերջինիս համարձակությունն, իմ կարծիքով, գալիս էր այն հանգամանքից, որ ինքը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր և Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից-անդամ: Այսինքն, առանց ԿԸՀ նախագահ լինելու էլ կարող էր ապրել ու բավականություն ստանալ իր մասնագիտական կյանքից: Ինչը, բնականաբար, չես կարող ասել Հովակիմյան Վահագնի մասի: Ով պրոֆեսիոնալ առումով ո՛չ ռադիոֆիզիկոս դարձավ, ո՛չ փիլիսոփա (սոցիոլոգ կամ հոգեբան), ո՛չ լրագրող և ո՛չ էլ իրավաբան: Բայց դա նորմալ է, հիշենք 1-ին պարբերությունում ասվածը, հենց այդպիսին պետք է լինեն կեղծ «իրական» Հայաստանի քվազիէլիտայի ներկայացուցիչները: