Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է

Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է

Wed, 08 Jul 2026 20:45:43 +0400


«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից։

Նահատակության էության մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը ներկայացվելու է հատվածաբար՝ հետևյալ բովանդակությամբ.

Ա. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Բ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

Գ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է

Դ. ՆԱՅԵԼՈՎ ՀԱՎԱՏՔԻ ԶՈՐԱԳԼԽԻՆ` ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՆՈՒՅՆԱՑԱԾ

Ե. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ Է

Զ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է

Է. ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ

Ստորև՝ աշխատության նախաբանը.

«ՆԱՀԱՏԱԿՔ ՊԱՆԾԱԼԻՔ

«Որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն` յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւն մարմնոյ. յամենայն հողմոյ շարժի, և յամենայն բանէ խռովի, եւ յամենայն իրաց դողայ. երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում և յանգիւտ կորուստն յուղարկի ի մահուան իւրում: Որպէս և ասաց ոմն ի հնումն, մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւն: Որ զմահ ոչ գիտէ, երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ» (Եղիշե):

Սուրբ Եղիշեի վերոնշյալ խոսքից հետո կարելի էր այլևս ոչինչ չասել և չշարունակել, որովհետև այս մի քանի տողերն ամբողջությամբ պատկերագրում են կյանքի իմաստը, բովանդակությունն ու արժեքը:

Կարող եմ անվարան ասել, որ այն սեղմ, համառոտ և բայց խորքային և համապարփակ պատգամն է ամբողջ Աստվածաշունչ մատյանի` Աստծո նամակի` ուղղված մարդուն, և արտահայտումն է ողջ քրիստոնեական ինքնության: Ըստ որի, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԳՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է, այսինքն, եթե չկա նահատակության ու մարտիրոսության գաղափարը, ապա քրիստոնեություն գոյություն չունի, եթե չկա նահատակության գաղափարը, ապա չկա քրիստոնյան և եթե չկա խաչելության խորհուրդը, ապա գոյություն չունի Հարության Հաղթանակը:

Նահատակության գաղափարը քրիստոնեական կյանքի ողնաշարն է, այն հրաշեկ առանցքը, որի շուրջ ձևավորված է և որից բխում է քրիստոնեական բարոյագիտությունը, վարքաբանությունը և կենցաղավարությունը: Այլ խոսքով, նահատակության և զոհաբերության խորհուրդը խմբագիրն է քրիստոնեական փիլիսոփայության կյանքի գրքի:

ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ, ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ԵՎ ՀԱՄԱՐ ԵՎ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԻՇՏ ԵՆ: Նրանք ծնվում են անցյալում, բայց ապրում են ապագայում, և հետևաբար, նրանց հիշատակությունն ու տոնախմբումը ոչ միայն անցյալի հիշատակումն է, այլ ներկայում նրանց հետ նույնանալու և հիշելու գալիքի համար` որպես պատմությունը և ժամանակները կամրջող կամար և սերունդներին փոխանցվելիք պատգամ:

Ի՞նչ է մեզ փոխանցում Եղիշեն. «Նրանք, ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից` հոգևոր խորքային գիտակցությունից և կյանքի ըմբռնումից, նրանք մարմնապես սարսափելի վախի մեջ են ապրում մշտապես և ամեն ինչից: Այդպիսին երազագետ է իր կյանքում և անգտանելի կորստյան է մատնվում իր մահվան ժամանակ: Իսկ ամենաէականը` ով մահը չի ճանաչում, երկնչում է նրանից, իսկ ով ճանաչում է և գիտի, թե ինչ է մահը, չի երկնչում նրանից»:

Այսպիսով, նրանց հիշատակությունը ոչ թե անցյալի մասին է, այլ` ապագայի:

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ ժամանակակից աշխարհը մշտապես հիացել է խաչելության խորհրդի պատկերով և հոգևոր գեղեցկությամբ` մարդուն ներկայացնելով սիրո զոհաբերության կամ զոհաբերական սիրո վեհությունը: Սակայն ժամանակակից աշխարհը չի ցանկանում, որ մարդը այն դարձնի գիտակցություն, վարքագիծ, գործողություն և կյանքի փիլիսոփայություն, այլ սիրում է տաք սենյակում, հարմարավետ դահլիճներում, նույնիսկ եկեղեցիներում խոսել այդ մասին, բայց ոչ՝ ապրել նրա մեջ և նրանից բխած վարքով:

Սա հավատքի նվազեցումն է սոսկ արժեհամակարգային և բարոյական գաղափարական աստիճանի` կենդանի ապրող հավատքը վերափոխելով մշակութային մնացուկի կամ մտահայեցողական խաղերի` հանգեցնելով հոգևոր մինիմալիզմի, այսինքն` կրոն առանց Աստծու, քրիստոնեություն առանց Քրիստոսի, մշակութայնացած քրիստոնեություն առանց Քրիստոսի Անձի, խաչելություն առանց գամերի:

Այս ամբողջի խտացումը գեղեցկագույնս ներկայացնում է Սբ. Գրիգոր Նարեկացին` խոսքի և գործի հակադրության և, միևնույն ժամանակ, խոսքի և վարքի նույնական լինելու անհրաժեշտության մասին խոսելով.

Մի՛ լիցի ինձ երկնել, եւ ոչ ծնանել,

Ողբալ, եւ ոչ արտասուել,

Խորհել, եւ ոչ հառաչել,

Ամպել, եւ ոչ անձրեւել,

Ընթանալ եւ ոչ հասանել,

Պաղատիլ, եւ անտես մնալ,

Կողկողիլ, եւ ոչ ողորմիլ,

Աղաչել, եւ ոչ ինչ աւգտել

Զոհել, եւ ոչ ճենճերել,

Զքեզ տեսանել, եւ դատարկ ելանել:

(ԲԱՆ Բ, Գ)

Այս մասին է վկայում առաքյալը. «Ինչպես, որ մարմինն է մեռած առանց հոգու, նույնպես էլ հավատքն է մեռած առանց գործերի» (Հակ. 2:26): Սա ոչ թե պարզապես առաքինի գործերով հավատքը «գնելն» է, այլ հավատքի կենդանության մասին է, երբ այն համոզմունք է, վարք և կենցաղ, շոշափելի և զգալի «ունայնանալու աստիճան մինչև մահ, և այն էլ խաչի մահ» (Փիլիպ. 2:6-8):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն Thu, 09 Jul 2026 01:00:11 +0400 ԱՄՆ…

5 րոպե ago

Իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մեծ չէ․ իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է

Իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մեծ չէ․ իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է Thu, 09 Jul…

57 րոպե ago

Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են

Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են Thu, 09 Jul 2026 00:00:20 +0400 Արձակուրդներն անկարելի է…

1 ժամ ago

Եզակի աստղագիտական երևույթ

Եզակի աստղագիտական երևույթ Wed, 08 Jul 2026 23:55:58 +0400 Այսօր՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով…

1 ժամ ago

50 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքել

50 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքել Wed, 08 Jul 2026 23:45:18 +0400 Անկարայում երեկվանից…

1 ժամ ago

Հրաձգություն Միացյալ Նահանգներում․ կա չորս զոհ

Հրաձգություն Միացյալ Նահանգներում․ կա չորս զոհ Wed, 08 Jul 2026 23:30:05 +0400 ԱՄՆ Օհայո նահանգ,…

2 ժամ ago