Հեգելյան դիալեկտիկա
Sat, 11 Jul 2026 19:45:24 +0400
Երբ լրագրողը փորձում է ճշտել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերմունքը կաթողիկոս Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի՝ «հնարավոր ամեն ինչ անելու» խոստման առումով, վերջինս աննախադեպ միտք է հայտնում. «Թող այդ պրանկերները (խոսքը Վովանի ու Լեքսուսի մասին է՝ Վ. Ս.) ավելի լավ է ուղիղ զանգահարեն Կտրիճ Ներսիսյանին կամ Սամվել Կարապետյանի անունից խոսեն բոլոր պաշտոնատար անձանց հետ, տեսնենք՝ նրանք ինչ կպատասխանեն, եւ դրանից հետո արդեն եզրակացություններ կանենք»: Լսելով այս պատասխանը՝ մի պահ չընկալեցի ասվածը, որովհետեւ դրանում միաժամանակ միմյանց հակասող երկու դատողություն էր առկա: Մի դեպքում ռուս պրանկերներին (զվարճախոս, չարաճճի մեկը) առաջարկում է զանգահարել կաթողիկոսին: Իսկ մյուս դեպքում՝ Սամվել Կարապետյանի անունից խոսել պաշտոնյաների հետ: Ենթադրաբար, նկատի ունի ԵՄ պաշտոնյաներին:
Եթե առաջարկեր միայն երկրորդ տարբերակը, միտքն ընկալելի կլիներ ու առաջին պահին՝ նույնիսկ հետաքրքիր: Իսկապես, իրենց ինչպե՞ս կպահեին ԵՄ չինովնիկները Ռուսաստանում մի քանի միլիարդ դոլար վաստակած հայ գործարարի հետ: Չնայած դժվար չէր լինի կռահելը՝ հաշվի առնելով, որ վերջինս քաղաքական պայքարի մեջ էր մտել իրենց հովանավորած «խիզախ» հետեւորդի դեմ: Այնպես որ, նույնիսկ այս դեպքում եզրակացություն անելուն դա չէր նպաստելու՝ առանց դրա էլ հնարավոր էր եզրակացություն անել: Բայց, իհարկե, հրապարակավ չի անելու, քանի որ պրանկերների զոհը, նախ, եվրոպացի պաշտոնյա էր՝ թեկուզ ոչ Եվրամիության անդամ պետության քաղաքացի: Եվ, երկրորդ, վերջինս ազգությամբ թուրք է, եւ այդ առումով շատ ճիշտ ընտրություն էին կատարել ռուս պրանկերները: Որքան էլ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը լրագրողների համար դասախոսություն կարդար «արհեստականորեն բորբոքվող հույզերին» չտրվելու մասին:
Ինչ վերաբերում է կաթողիկոսին զանգելու մասին գաղափարին, ապա դա, նախ, անիմաստ կլիներ, որովհետեւ պրանկերները կլսեին այն, ինչ կարող են կարդալ լրատվական կայքերում՝ երբ կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ ելույթներ է ունենում: Ավելին նա չէր ասելու, քանի որ վերջինս սահմանափակված է հոգեւոր իր կարգավիճակով: Կարելի է նույնիսկ զարմանալ, որ դա չի հասկացել այն անձը, որն իրեն համարում է ամենագետ, որովհետեւ միայն ամենագետը կարող էր վարել կառավարության ու պետական այլ կառույցների բոլոր նիստերն ու անպայման սեփական խոսքն ասել դրանցում:
Եվ, վերջապես՝ Թուրքիան ներկայացնող Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ «հնարավոր ամեն ինչ անելու» պատրաստակամության հարցը: Նախ, ինքը դա ասում էր «Փաշինյանին» մասնավոր զրույցում կամ գոնե այդպես էր կարծում: Երկրորդ․ դա ասում էր օտար պետության այն ղեկավարին, որն իրեն վիրավորված չէր զգում, երբ իրեն թուրք էին կոչում: Ի դեպ, Փաշինյանը երեւի տեղյակ չէր, որ այդ երկրում վիրավորական է «հայ» անվանվելը, ու դրա համար կարող են դիմել դատարան, էլ չասած՝ մինչդատական «մուշտի տալու» մասին: Եվ, վերջապես, երրորդ. եթե եվրոպական երկրների ու Եվրամիության ղեկավարներն անընդհատ պաշտոնապես աջակցություն են հայտնում Փաշինյանին, ապա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ինչո՞ւ չէր կարող անել նույն բանը: Չմոռանանք, որ ՀՀ ներքին գործերին եվրոպական միջամտությունն ամենաբարձր մակարդակի ինքնիշխանության դրսեւորում է: Ի տարբերություն, ասենք, ռուսական չեզոքության, ինչը Հայաստանի անվտանգային սպառնալիքների աղբյուր է: Դա, իհարկե, աննորմալություն է, բայց աննորմալ իշխանության պարագայում աննորմալ բանը շատ էլ բնական երեւույթ է: Երեւի պետք էր 2018-ին Նիկոլին կարգեինք վարչապետ, որպեսզի մեր օրերում «զարգացում ապրեր» հեգելյան դիալեկտիկան:
ԱԲ-ի տեղեկանքը. «Հեգելյան դիալեկտիկան գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի (1770-1831) մտածողության համակարգն է, որի համաձայն՝ ամեն ինչ զարգանում է հակասությունների եւ դրանց հաղթահարման միջոցով։ Այն աշխարհը եւ պատմությունը դիտարկում է ոչ թե անշարժ, այլ մշտական փոփոխության եւ շարժման մեջ»։