Երեւան՝ ուղեփակոցների քաղաք

Երեւան՝ ուղեփակոցների քաղաք

Tue, 14 Jul 2026 18:45:07 +0400


Հարցը, որի մասին կուզենայի խոսել այսօր, գնալով սրվում է: Լավ կլիներ՝ Նիկոլը արձակուրդում չլիներ ու մեզ հետ քննարկեր այն, բայց որ արձակուրդում է, ի՞նչ կարող ենք անել: Հարցը չի սպասում՝ գնալով սրվում է, դառնում է չարիք: Խոսքն ուղեփակոցների բիզնեսի մասին է: Չգիտեմ՝ ով է, ում ծանոթն է, բայց սկսել է այդ գործով զբաղվել՝ ուղեփակոցներ դնել բակերի մուտքին, ասել է թե՝ սահմանափակել մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը հանրային տարածքներում: Ծարավ աղբյուր թաղամասում, օրինակ, մի ամբողջ փողոց են փակել՝ երկու կողմից: Ով է թույլ տվել՝ չգիտեմ: Ինչ-որ ՔՊ-ական «շիշկաներ» են ապրում այդ կողմերում, ենթադրում եմ՝ Ավինյանի հետ էլ լավ են: Այլապես՝ չէին հանդգնի: Փաշինյանն իմանա՝ սրանց օդերով կհանի: Բայց նա էլ հակառակի պես արձակուրդ գնաց: Ո՞ւմ հետ քննարկեմ հարցը, Ավինյանի՞… Եվ հետո՝ հո միայն Ծարավ աղբյուրը չէ՞: Երեւանում համարյա բակ չի մնացել, որ իր ուղեփակոցը չունենա: Պարզ է, չէ՞, որ տղերքը կարգին բիզնես են դրել՝ Ավինյանին էլ «օրթախ» դարձրել:

Ի դեպ, կարգին փողեր են «ֆռռում» այստեղ: Ոչ մի տեղ օրինական գովազդ չես տեսնի: Տպավորություն է, որ «գողեգող» են գործում: Սկզբում «նստում են» մեկ-երկու բնակչի ականջին՝ էս ի՞նչ վիճակ է ձեր բակում, ախպեր, ոնց որ «պռախադնոյ դվոռ» լինի, վաղը, մյուս օրը այնքան ավտո է լցվելու բակ, որ ձեր մեքենաներին տեղ չլինի կանգնելու: Դավայ, հարեւաններով փող «քցվեք», «շլագբաում» դնենք, պրծեք էդ պրոբլեմից: Փողն էլ քիչ չէ, 20-25 հազար: Իսկ եթե «շլագբաումը» «ֆեյսկոնտրոլով» է կամ ավտոյի համարները ճանաչող, հնարավոր է՝ 30-35 հազար: Այս երկու «ահաբեկված» բնակիչներն էլ ընկնում են դռնեդուռ, իրենց հարեւանների խելքն ուտում, փողը հավաքում, տալիս «շլագբաում» դնողին՝ առանց նույնիսկ սրա ով լինելը հարցնելու:

Այնպես էլ չէ, որ բակի բոլոր բնակիչները միահամուռ համաձայնում են առաջարկին: Մարդ կա՝ ասում է․ ես ավտո չունեմ, ինչո՞ւ տամ: Մյուսը, թե՝ ես «գարաժ» ունեմ, ով չունի, թող նա մտածի: Երրորդը հակաճառում է՝ ես ուրիշ բանուգործ չունեմ, հա՞, պիտի ամեն գնացող-եկողի համար «շլագբաում» բացեմ: Այսուհանդերձ, քիչ չեն նաեւ շահագրգիռ բնակիչները, որոնք հազար ու մի պատճառ են բերում, թե ինչու պետք է «շլագբաում» ունենալ… Երեխաները խաղալու տեղ չունեն, ավտոներն են խազում, վնասում, խմած տաքսիստներ են մտնում բակ, գազ են տալիս՝ «զադնի-պերեդնի», էն օրն էլ Վաղոյի ավտոյի հայելիներն են տարել… Չէ, «շլագբաում պետք է, մի քանի հատ էլ տեսախցիկ է պետք դնել, որ իմանանք՝ քանի օտար ավտո մտավ բակ, դուրս եկավ»:
Անձամբ ես ավտո ունեմ, բայց դեմ եմ «շլագբաումի» գաղափարին: Մի քանի անգամ ականջիս «նստողներին» ասել եմ՝ ես սկզբունքորեն դեմ եմ մարդու ճանապարհ փակելուն, դա լավ տոն չէ: Նրանք, ում առաջ դուք ճանապարհ եք փակում, նույնպես ՀՀ քաղաքացի են: Ենթադրենք՝ մարդը աշխատանքային ժամին գործով եկել է, իսկ մեքենան կանգնեցնելու տեղ չկա, ի՞նչ անի… Բակն էլ այդ պահին ազատ է…

«Շլագբաումի» կողմնակից հարեւանս ինձ հակաճառում է;
– Բա կողքի «վիսոտնու» բնակիչների՞ն ինչպես արգելենք մեր շենքի տակ ավտո կանգնեցնել:
– Ծեծեք, ախպեր, մի թողեք… Իրենք էլ ձեզ չեն թողնում, չէ՞: Եկեք էս գիշեր դրանց ավտոների ակները ծակենք:
– Յա՜ա՜ա՜…
– Ի՞նչ: Բա որ «շլագբաում» դրեցիր, իրենք էլ «Կամազով» բրթեն-ջարդեն, լա՞վ կլինի: «Շլագբաումով» պրոբլեմը չի լուծվում: Դա ընդամենը բիզնես է, որ որոշ մարդկանց փող է բերում: Պրոբլեմն իշխանությունների տակ է: Կոնկրետ ում տակ՝ ես չգիտեմ:

Դեռ Տարոն Մարգարյանի ժամանակներից դիմումներ եմ գրել Երեւանի քաղաքապետարան, որ ինձ մի «գարաժի» տեղ տան: Հազար ու մի պատճառներ եմ բերել, որ դա անհրաժեշտություն է ինձ համար: Տարոն Մարգարյանից հետո 3 քաղաքապետ է փոխվել, երեքն էլ Տարոն Մարգարյանի պատասխանն են ուղարկել ինձ՝ առանց մի ստորակետի տարբերության: Գրել են, թե ծրագրված է ձեր բակում ստորգետնյա գարաժներ կառուցել եւ վերականգնել խաղահրապարակը: 8 տարի է՝ սպասում եմ…

Լսում եմ Երեւանի քաղաքապետին, ասում է՝ Երեւանի մուտքերին շլագբաում դնենք, որ «համբալները» չկարողանան իրենց «opel»-ներով մտնեն քաղաք: Թող մտնեն վճարովի կայանատեղի, ապա իրենց ճանապարհը շարունակեն հանրային տրանսպորտով: Լրիվ՝ խելքի մարմնացում: Իբր Երեւանի տրանսպորտային «խուճապն» է ուզում կարգավորել: Տեսել ենք ձեր ձեռնահասությունը… Երեւանի կենտրոնը բեռնաթափեցի՞ք: Աշխարհում օրական միլիոններով ավտոմեքենա է արտադրվում, որոնց մի մասն էլ անխուսափելիորեն գալիս է Երեւան: Որ Երեւանը պատրաստ չէ դրան, որ համապատասխան փողոցներ ու շրջանցիկ ճանապարհներ չունի, ավտոարտադրողնե՞րն են մեղավոր: Թե բա՝ խելացի լուսացույցներ դնենք: Դրեք, ո՞վ է ձեզ խանգարում: Բայց մի փորձեք խնդիրը կարգավորելու փոխարեն ավելի բարդացնել՝ ճանապարհ փակելով, «շլագբաումներ» դնելով, քաղաքն անտանելի դարձնելով:

Լուծում առաջարկե՞մ: Միլիոններով ինքնապարգեւատրումներ տալու փոխարեն քաղաքացիներից գնեք նրանց հնամաշ մեքենաները եւ որպես ջարդոն ուղարկեք, ենթադրենք՝ Չինաստան: Դուք չե՞ք կարող դա անել, ուրեմն թույլ տվեք չինական որեւէ կազմակերպություն զբաղվի այդ գործով: Նրանք տեղում կուտիլացնեն մեքենան եւ, «բրիկետների» վերածելով, կտանեն՝ ուր պետք է: Վերջապես օրենք ընդունեք՝ Երեւանը ավտոմեքենաների այս խայտառակ ներմուծումից պաշտպանելու համար: Թե չէ՝ բիզնես եք մտածել՝ «շլագբաում» դնենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մաֆիայի 79 ներկայացուցիչ է ձերբակալվել․ Ջորջիա Մելոնի

Մաֆիայի 79 ներկայացուցիչ է ձերբակալվել․ Ջորջիա Մելոնի Tue, 14 Jul 2026 20:30:34 +0400 Իտալիայում ուժայինների…

13 րոպե ago

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի Tue, 14 Jul 2026 20:15:04 +0400 Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում…

29 րոպե ago

Ինչ է պատահել Բելինգհեմին

Ինչ է պատահել Բելինգհեմին Tue, 14 Jul 2026 20:14:45 +0400 Անգլիայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել…

29 րոպե ago

Հեռանում է ԿԸՀ-ից

Հեռանում է ԿԸՀ-ից Tue, 14 Jul 2026 20:02:46 +0400 Տեղեկացնում եմ, որ հուլիսի 15-ից չեմ…

41 րոպե ago

ԵՄ ընդլայնման հարցերով միանգամից 4 կոնֆերանս տեղի կունենա

ԵՄ ընդլայնման հարցերով միանգամից 4 կոնֆերանս տեղի կունենա Tue, 14 Jul 2026 20:00:23 +0400 Եվրամիությունն…

43 րոպե ago

«Ազգայինի հետ դու որևէ կապ չունես․ Դու էրդողանի գիրքը կարդա, մեկ էլ քո երկրի հակառակ կողմը»․ քոմենթներ

«Ազգայինի հետ դու որևէ կապ չունես․ Դու էրդողանի գիրքը կարդա, մեկ էլ քո երկրի հակառակ…

58 րոպե ago