Ալիևի հայտարարություններից հետո ՌԴ֊ն սահմանափակել է ադրբեջանական և թուրքական մրգերի ներմուծումը

Ալիևի հայտարարություններից հետո ՌԴ֊ն սահմանափակել է ադրբեջանական և թուրքական մրգերի ներմուծումը

Sun, 19 Jul 2026 15:00:37 +0400


Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակել է թուրքական հինգ ընկերության կողմից Ռուսաստան կեռասի, բալի, ծիրանի, դեղձի և նեկտարինի մատակարարումները՝ հայտնաբերված խախտումների պատճառով։ Նրանց մատակարարումների ծավալները ժամանակավորապես կվերաբաշխվեն այլ մատակարարների միջև։

Հուլիսի 18-ից ուժի մեջ մտած որոշմամբ սահմանափակումների տակ են հայտնվել թուրքական FBA Plastik Otomotiv Gida ve Petrol Urunleri, Akas Tarim Urunleri, Situr Sitare Turizm Ticaret, Troy Meyve Sebze Ticareti ve Pazarlama և Faruk Sat-Alfasat Tarim Urunleri ընկերությունները։

«Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ 2026 թվականի ընթացքում այս հինգ ընկերությունները Ռուսաստան են արտահանել շուրջ 125 հազար տոննա կորիզավոր մրգեր, ինչը կազմում է այդ արտադրանքի ընդհանուր ներմուծման մոտ 12 տոկոսը։ Եթե խախտումները շարունակվեն, սահմանափակումները կարող են տարածվել նաև այլ արտահանողների վրա։

Գերատեսչության հաղորդմամբ՝ որոշման պատճառը թուրքական արտադրանքում պարբերաբար հայտնաբերվող կարանտինային վնասատուներն ու հիվանդություններն են, մասնավորապես՝ շագանակագույն մոնիլիոզային փտախտը, միջերկրածովյան պտղաճանճը, արևմտյան ծաղկային տրիպսը, արևելյան և բալի պտղակեր ցեցերը։ Դրանք վտանգ են ներկայացնում ինչպես բերքի, այնպես էլ պտղատու ծառերի համար։
Սահմանափակումները գործում են անորոշ ժամկետով՝ մինչև «Ռոսսելխոզնադզորը» կրկին հաստատի, որ արտադրանքը համապատասխանում է սահմանված պահանջներին։

Այս որոշումը համընկել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Ուկրաինա կատարած այցի հետ։ Հուլիսի 16-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչը։ Մի քանի օր առաջ նաև Թուրքիան և Ուկրաինան վավերացրել էին ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը նախատեսում է մաքսատուրքերի վերացում ուկրաինական մի շարք ապրանքների համար։

Միաժամանակ, հուլիսին «Ռոսսելխոզնադզորը» կանխել է նաև 19 տոննա ադրբեջանական ծիրանի ներմուծումը Ռուսաստան՝ շագանակագույն մոնիլիոզային փտախտի հայտնաբերման պատճառով։ Ապրանքը չի թույլատրվել ռուսական շուկա և վերադարձվել է Ադրբեջան։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-14-ին Շուշիում, որը միջազգային մակարդակով ճանաչված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ էր արել Ուկրաինային չհամակերպվել իր տարածքների ռուսական օկուպացիայի հետ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը։
Ալիևը նշել էր, որ դեռ անցյալ տարի խորհուրդ է տվել Ուկրաինային չհամաձայնել տարածքային կորուստների հետ՝ չնայած արտաքին ճնշմանը։

Նա նաև զուգահեռներ էր անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի իրավիճակների միջև՝ նշելով, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում միջազգային գործընկերները նույնպես կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Բաքուն չի հրաժարվել իր հայտարարած նպատակից՝ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։

Ադրբեջանի նախագահը հայտնել էր նաև, որ այդ հարցը քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այս տարվա ապրիլին կայացած հանդիպման ժամանակ և ընդգծել, որ Ադրբեջանի դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ մնում է անփոփոխ։

«Մենք միշտ աջակցել ենք, աջակցում ենք և շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Ժողովրդի համաձայնության բացակայության դեպքում որևէ պետության սահմաններ չեն կարող փոփոխվել», — հայտարարել էր Ալիևը։

Նա հավելել էր, որ Ադրբեջանը շարունակում է օգնություն ցուցաբերել Ուկրաինային ինչպես պետական մակարդակով, այնպես էլ երկրի քաղաքացիների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր…

6 ժամ ago

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը Mon, 21 Sep 2026 23:30:05 +0400 Ֆրանսիայի պետական պարտքը…

6 ժամ ago

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ Mon, 21 Sep 2026 23:15:18…

6 ժամ ago

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը Mon, 21 Sep 2026 23:00:49 +0400 Աշնան հետ, երբ եղանակն…

6 ժամ ago

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը Mon, 21 Sep 2026 22:40:07…

7 ժամ ago

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400 Փարիզի Վերաքննիչ…

7 ժամ ago