Քաղաքականությունն առաջին հերթին

Քաղաքականությունն առաջին հերթին

Mon, 27 Jul 2026 18:45:02 +0400


Քանի որ ընտրություններն արդեն անցյալում եմ, մի երկու քննադատական խոսք ասեմ Նարեկ Կարապետյանի գործունեության առումով: Խոսքն, առաջին հերթին, նվիրատվությունների մասին է: Փաստենք, որ քիչ բան չի արվել. նվիրել է գյուղատնտեսական մեքենաներ, կազմակերպել է անվճար տրանսպորտային փոխադրումներ Ստեփանավանից դեպի տարածաշրջանային մի շարք գյուղեր և հակառակ ուղղություններով։ Խոստում է տվել ընտանիքում 5-րդ երեխայի ծնվելու դեպքում բնակարան նվիրելու մասին: Հայտարարել է գյուղացիների արտադրանքի (մսամթերք և այլն) երաշխավորված վաճառքն ապահովելու համար միջնորդ կայաններ հիմնելու, ինչպես նաև կաթի գնի սուբսիդավորման մասին և այլն: Ինչպես տեսնում ենք, Նարեկը շարունակում է գործարար և բարերար հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի, դրական ուղին:

Բայց վերջինս, առանց երևի գիտակցելու, կրկնում է նաև քաղաքականության մեջ վաղուց ներառված Գագիկ Ծառուկյանի բացասական ճանապարհը: Ինչը ենթադրել է տալիս, որ վերջնարդյունքում էլ կարող է մնալ նույն կոտրած տաշտակի առջև: «Անընդհատ նույն բանն անելով՝ այլ արդյունք չես կարող ակնկալել». մի փոքր այլ ձևակերպումով այս դատողությունը վերագրվել է աշխարհահռչակ ֆիզիկոս Ալբերտ Այնշթայնին: Իհարկե, այս մտքին կարելի է հակաճառել, որ եթե անողները տարբեր մարդիկ են, ապա կարող է և ուրիշ արդյունք ստացվել: Ուղղակի կցանկանայի, որ նման փորձառությունը կատարվեր հենց ուրիշների կողմից: Եվ ոչ թե հայաստանյան ընդդիմության ներկայացուցչի կողմից մեզ համար դաժան այս օրերում:

Իսկ նախորդ օրը քաղաքականության ուղին բռնած Նարեկը (հունիսի 7-ին ձայն եմ տվել հենց «Ուժեղ Հայաստան»-ին) հիշել է, որ մասնագիտությամբ ինքը տնտեսագետ է: Եվ Հայաստանի էներգետիկ անկախությանը հասնելուն և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելուն նվիրված ֆեյսբուքյան գրառում է արել: Նշելով, որ այդ առումով ապագան արևային կայաններին է։ Հետո ներկայացրել է 9 միլիարդ դոլարի ներդրումով՝ արևային էներգիան կուտակող՝ աղից մարտկոցների պատրաստման հնդկական մտահղացումը:

Դա, իհարկե, այդպես է, սակայն մինչ այդ դեռ կախված ենք լինելու ավանդական վառելիքից՝ հատկապես որ 9 միլիարդը լուրջ գումար է: Իսկ մինչ այդ չինացիները արդեն գործարկել են դրա նման մի կայան Գոբի անապատում: Դա Gobi Desert PV-CSP նախագիծն (1 ԳՎտ հզորությամբ, Սինցզյանի Համի տարածաշրջանում) է։ Այն, ըստ համացանցի, համատեղում է սովորական արևային վահանակները և հալված աղով աշխատող ջերմային աշտարակները (CSP), ինչը թույլ է տալիս էլեկտրաէներգիա արտադրել նաև արևի մայր մտնելուց հետո 8 ժամ շարունակ։

Նախագծի ընդհանուր տարածքը կազմում է 1817 հեկտար: Որպեսզի պարզ լինի, թե դա ինչքան է՝ ԱԲ-ին խնդրեցի համեմատել որևէ բնակավայրի հետ: Պատասխան՝ այս կայանի տարածքը մոտ 1.5 անգամ մեծ է, քան Երևանի Կենտրոն թաղամասինը՝ Փոքր Կենտրոնը, Կոնդը և հարակից բլուրները միասին։ Եվ կամ կազմում է Հայաստանի ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարի ընդհանուր մակերեսի (5400 հեկտար կամ 54 կմ²) մեկ երրորդը՝ 33.6%: Ի տարբերություն հնդկականի, այն այնքան էլ թանկ չէր. արժեքը կազմել է մոտ 480 միլիոն ԱՄՆ դոլար:
Նարեկի առաջարկի օգտին է խոսում նաև 2025 թվականի ապրիլի 28-ի իսպանական և պորտուգալական համատարած բլեքաութի (էներգահամակարգի վթարի) դասը: Ինչը Եվրոպայի վերջին 20 տարվա ամենախոշոր և աննախադեպ էներգետիկ վթարն էր. մեկ վայրկյանում անջատվեց 31 ԳՎտ (GW) հզորություն: Էլեկտրամատակարարումը հիմնականում վերականգնվեց միայն 10-12 ժամ անց: Պատճառը համակարգում լարման կտրուկ՝ անվերահսկելի և կայծակնային աճն էր: Ինչն էլ իր հետ բերեց տեխնիկական խնդիրների շղթայական ռեակցիայի: Որպես հարցի լուծում է առաջարկվել հսկայական կուտակիչ կայանների տեղակայումը, որոնց համար դիտարկվում են Նարեկի հիշատակած նատրիում-իոնային մարտկոցները:

Բայց այսօր Նարեկ Կարապետյանից՝ որպես «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի, ընդդիմադիր ընտրողը պահանջում է ողջ ուշադրությունը սևեռել քաղաքականության վրա: Այն խնդրի վրա, հանուն որի ես ու ինձ նմանները հունիսի 7-ին ձայն ենք տվել այդ դաշինքին: Իհարկե, առանց որևէ կոպեկի ակնկալիքի՝ ի տարբերություն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտրախավի: Որոնք քարոզչական ողջ ժամանակաշրջանում անձնական այս կամ այն հարցով դիմում էին նրան: Իսկ եթե չէին էլ դիմում՝ արդեն բավարարված էին զգում թոշակը 10 հազար դրամով բարձրացնելու և անվճար բժշկական ապահովագրության գործընթացներից: Որոնք ինչ էին՝ եթե ոչ պետական բյուջեի հաշվին իշխող քաղաքական ուժի կողմից և նրա օգտին տարեց ընտրողներին բաժանված ընտրակաշառք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը»

Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Tue, 08 Sep 2026 23:00:43 +0400 Մեծամասնաբար սրտի արագ…

1 րոպե ago

Կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը Tue, 08 Sep 2026 22:45:28 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի…

17 րոպե ago

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Tue, 08 Sep 2026 22:30:55 +0400 Միացյալ…

31 րոպե ago

Սեպտեմբերի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

Սեպտեմբերի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը Tue, 08 Sep 2026 22:15:18 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր»…

47 րոպե ago

Հայտնի է՝ կլինի Մխիթարյանը «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմում, թե ոչ

Հայտնի է՝ կլինի Մխիթարյանը «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմում, թե ոչ Tue, 08 Sep 2026…

51 րոպե ago

Հրդեհ շուկայում․ կան զոհեր եւ վիրավորներ

Հրդեհ շուկայում․ կան զոհեր եւ վիրավորներ Tue, 08 Sep 2026 22:00:24 +0400 Առնվազն 11 մարդ,…

1 ժամ ago