Ինչո՞ւ էր զանգել Նիկոլը

Ինչո՞ւ էր զանգել Նիկոլը

Tue, 28 Jul 2026 18:45:02 +0400


Որքան տեղյակ եմ, մենք ապրում ենք թվային կառավարման դարաշրջանում: Ինչը նշանակում է, որ թերասածությունը չի անցնում: Բայց ոնց որ թե գործող իշխանությունում տեղավորված անձինք դա չեն գիտակցում: Չեն հասկանում, որ նրանք, ովքեր ցանկություն ունեն, արագ գտնում են թերի ասված խոսքի բաց թողնված մասը: Հատկապես որ իրենք ստիպված են լայնացնելու և խորացնելու թվային գործընթացները: Դա վերաբերում է նախորդ օրվա Փաշինյան–Պուտին հեռախոսազանգին: Չնայած վարչապետի աշխատակազմը «ամոթխածորեն» թաքցրել էր նախաձեռնողի անունը, բայց այն բացահայտեց ռուսական կողմը:

Անցնենք առաջ: Էկոնոմիկայի նախարար Պապոյանը անընդհատ գրառում է անում արտահանման աճի մասին, բայց նրա ղեկավարը զանգում է Պուտինին առևտրային սահմանափակումները վերացնելու խնդրանքով: Ներկայացնելով դա որպես երկկողմ տնտեսական հարաբերություններում ծագած խնդիրների քննարկում: Ինչը նշանակում է, որ Պապոյանի քարոզչական գրառումները որևէ արժեք չունեն: Դա՝ մեկ, և երկրորդ, ռուս-հայկական տնտեսական խնդիրները չեն ծագել իրենք իրենց: Դա գիտակցված քայլ է՝ կատարված ռուսական կողմից: Ինչևէ, ենթադրաբար, զանգելուց առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ընդունել էր «Օզվերին» անվանումով ռուսական սննդային հավելումը կամ էներգետիկ ըմպելիքը:

Այլապես արդեն որերորդ անգամ վերջինս չէր կրկնի,թե սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կարգավորումներին: Ու չէր խնդրի միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչին, ի պատասխան, ռուսական կողմն, ըստ ՌԴ պաշտոնական հաղորդագրության, «ընդգծել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ»։ Դրան էլ ստացել է ստանդարտ պատասխան առ այն, որ «հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո»։

Այստեղ ուղեղդ կախում է՝ հանց հին համակարգիչ: Պուտինի ինչ ցավն է, թե երբ է ՀՀ-ի համար գործնականում հնարավոր հանրաքվե անելը: Հատկապես որ երկու ամիս առաջ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում, որում ՀՀ վարչապետի փոխարեն մասնակցում էր նրա տեղակալը, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներն ընդունել էին համատեղ հայտարարություն: Դրանում իրենց երկրների միջկառավարական խորհրդի ներկայացուցիչներին հանձնարարվել էր մինչև 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք հաջորդ գագաթնաժողովը զեկույց ներկայացնել՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին։

Եվ որքան էլ Փաշինյանն ընդգծի «բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու ՀՀ Կառավարության պատրաստակամությունը», դեկտեմբերի վերջին հրապարակվելու է վերը նշված զեկույցը: Եվ որքան էլ ինքը կամ փոխվարչապետ Գրիգորյանը նշեն, որ «ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը միայն Հայաստանի իրավասությունն է, իսկ ԵԱՏՄ շրջանակներում հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրային սահմանափակումները (օրինակ՝ Ռուսաստանի կողմից) հակասում են միության հիմնարար կանոններին», կլինի այնպես, ինչպես որոշելու է խնդրի զարգացման տրամաբանությունը: Եթե, իհարկե, ՀՀ-ն չանի ետքայլ այնպես, ինչպես արվեց 2013-ի դեպտեմբերի 3-ին:

Դա՝ մեկ, և երկրորդ. երբ Փաշինյանը նախաձեռնում էր ՀՀ անդամակցության սառեցումը ՀԱՊԿ-ում, ինքը չէր նայում, չէ՞, թե վերպետական այդ կառույցի կանոնադրությունում կա, արդյոք, անդամության սառեցման վերաբերյալ որևէ դրույթ: Բնականաբար, ինչու չի կարող նույն տրամաբանությամբ դիտարկվել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որոշում ընդունելու՝ միայն Հայաստանի իրավասության խնդիրը:

Ի դեպ, որպեսզի պատկերացում ստանամ Երևանից Մոսկվա կատարված զանգերի քանակի մասին՝ երբ մեզանում պաշտոնապես չի նշվել նախաձեռնողի անունը, հարցն ուղղեցի Գուգլին: Դրան թվական տվյալ պարունակող պատասխան չստացա: Ասվեց, որ «վարչապետի աշխատակազմը գրեթե բոլոր հեռախոսազրույցների ժամանակ օգտագործում է չեզոք՝ «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ» ձևակերպումը՝ կողմերից որևէ մեկին չվերագրելով զանգի նախաձեռնությունը»։ Ինչը բազմիցս արձանագրվել է մեզանում: Եվ ավելացրել էր, որ ընդհանուր կանոնից բացառություն է արվում այն դեպքերում, երբ զագահարող կողմը Պուտինն է, և նա, ասենք, Փաշինյանի ծնունդն է շնորհավորում: Բայց այս անգամ չշնորհավորեց վարչապետի պաշտոնում նրա «վերընտրությունը»: Նույնիսկ երբ Փաշինյանն էր զանգել նրան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել Mon, 07 Sep 2026 23:00:24 +0400 Հայ Կաթոլիկ եկեղեցու…

2 րոպե ago

Ջուրը թունավոր է, Հովհաննավանքը հարսանյաց սրահ, Նորատ Տեր-Գրիգորյանը հրաժեշտ է տվել, օրվա գլխավոր լուրերը

Ջուրը թունավոր է, Հովհաննավանքը հարսանյաց սրահ, Նորատ Տեր-Գրիգորյանը հրաժեշտ է տվել, օրվա գլխավոր լուրերը Mon,…

14 րոպե ago

Պատերազմ հայտարարում են անկախ և ուժեղ կողմերին, իսկ հնազանդին կամ վասալին ընդամենը պատժում են. քաղաքագետ

Պատերազմ հայտարարում են անկախ և ուժեղ կողմերին, իսկ հնազանդին կամ վասալին ընդամենը պատժում են. քաղաքագետ…

18 րոպե ago

Մի ամբողջ գյուղ է գնում, որ հանգստյան տան վերածի

Մի ամբողջ գյուղ է գնում, որ հանգստյան տան վերածի Mon, 07 Sep 2026 22:30:37 +0400…

32 րոպե ago

Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում

Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում Mon, 07 Sep 2026 22:15:29 +0400…

47 րոպե ago

Կիրկորովը խոստովանել է, որ խիստ հայր է

Կիրկորովը խոստովանել է, որ խիստ հայր է Mon, 07 Sep 2026 22:00:14 +0400 Ռուս հայտնի…

1 ժամ ago