Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ

Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ

Thu, 30 Jul 2026 16:21:33 +0400


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին։ Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում են շուրջ 900 սկաուտներ՝ աշխարհի 26 երկրներից։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։

Նորին Սրբությունը, Հայրապետական իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակություն հայտնեց հայրենիքում աշխարհասփյուռ հայորդիների համախմբման, ինչպես նաև բանակումի շրջանակում կազմակերպվող կրթական, մշակութային ու հոգևոր ծրագրերի առիթով։ Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց հայրենաճանաչության նմանօրինակ ծրագրերը, որոնք կոչված են զորացնելու երիտասարդների ազգային գիտակցությունը և ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ գտնվելով հայրենիքում՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանն ու նվիրական սրբություններին և առավել խորությամբ ճանաչում իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կդառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգևոր ապրումներով, ջերմ տպավորություններով ու բացահայտումներով։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ անդրադարձավ երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստվածսիրությանն ու եկեղեցասիրությանը՝ նշելով, որ հենց այդ արժեքներն են ամուր պահում ազգային կյանքը, միավորում աշխարհասփյուռ հայությանը և զորացնում հայ ժողովրդի հավատն ու հույսը ապագայի հանդեպ։

Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք։

Այնուհետ Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին իրենց հոգիներում մշտավառ պահել ազգային ոգին, անսասան՝ հավատն առ Աստված և աննվազ՝ սերն առ հայրենին ու Սուրբ Եկեղեցին։ Հայոց Հայրապետը մաղթեց, որ այդ սիրով առաջնորդվեն իրենց կյանքում, ուսման ու աշխատանքի մեջ և իրենց շնորհներն ու կարողությունները ծառայեցնեն հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին և հայրենիքի շենացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին, բանակումի կազմակերպիչներին և ազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր իրենց նվիրյալ ծառայությունն են բերում երիտասարդ սերնդի կրթության, ազգային ու հոգևոր դաստիարակության և հայեցի նկարագրի կերտման նվիրական գործին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հաշվում ենք օրերը, մինչև նորից հանդիպենք․45-ամյա Նատալի Փորթմանը հղի է

Հաշվում ենք օրերը, մինչև նորից հանդիպենք․45-ամյա Նատալի Փորթմանը հղի է Fri, 31 Jul 2026 23:00:43…

9 րոպե ago

Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը

Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Fri, 31 Jul 2026 22:45:13 +0400 Բաքվի…

24 րոպե ago

Այդ չարությունից կպայթեն մի օր

Այդ չարությունից կպայթեն մի օր Fri, 31 Jul 2026 22:30:24 +0400 «Մարդ արարածը նույնիսկ նոր…

39 րոպե ago

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ Fri, 31 Jul 2026…

54 րոպե ago

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել Fri, 31 Jul 2026 22:00:40 +0400 Հուլիսի…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ․ Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել․ (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ․ Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել․ (տեսանյութ) Fri, 31 Jul 2026 21:33:08…

2 ժամ ago