Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում

Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում

Sat, 01 Aug 2026 17:45:58 +0400


Ենթադրում էի, որ Հայաստանը որպես «ճ» կարգի երկիր ներկայացնելը («Հրապարակում»-ում իմ նախորդ հոդվածը) ոմանց կարող է դուր չգալ, բայց չէի պատկերացնում, որ այդ աստիճան: Չէի պատկերացնում, որ մարդ կարող է այնքան կտրված լինել այսօրվա իրականությունից, որ չպատկերացնի, թե ինչպիսի երկրում է ապրում ինքը: Եվ երբ այդ, առնվազն, անգրագիտությանը միահյուսվում է հոխորտալից, բայց իրականում կեղծ հայրենասիրությունը, մնում է թողնես ու փախչես այս աշխարհից: Այս աշխարհից և ոչ թե երկրից, որովհետև ինքդ քեզնից ու քո արմատներից փախչել չես կարող: Չես կարող նաև այն պատճառով, որ դրսում, ուզես թե չուզես, շփվելու ես ադրբեջանցիների հետ: Որոնց մի ժամանակ վերևից ես նայել, իսկ այսօր ամեն պատեհ և ոչ պատեհ առիթով արհամարհվելու ես:

Նախորդ հոդվածը Ռուսաստանի նկատմամբ երբեմնի «դուխով» Նիկոլի, իսկ այնուհետև «խեղճ հարիֆի», ինչի հեղինակը ես չեմ, այլ Նիկոլի երբեմնի «սիրելի» ժողովուրդը, վերաբերմունքի ու դրան արձագանքի մասին էր: Այս մեկը նվիրեմ մեզ ու մեր նկատմամբ թշնամի հարևանի վերաբերմունքին: 2019-ի անվտանգության հարցերով Մյունխենյան գագաթնաժողովում հայությունը հիացած էր դեռևս «դուխով» Նիկոլի կողմից Իլհամին տեղը դնելու վարքագծով: Հատկապես Տիգրան Մեծի հիշատակումով: Ավելին, 2020-ի ամռանը Տավուշի դիրքային մարտերի հաջողությունից հետո սկսված պատերազմն ընթանում էր «հաղթելու ենք» կարգախոսի ներքո: Երբ երբ ծագեցին առաջին կասկածները՝ Միրզոյան Արոն խորհուրդ էր տալիս «չշշկռվել գերագույնի առումով»:

Պարտությունից հետո ամեն ինչ շրջվեց գլխիվայր: Դրանից 1-1,5 տարի առաջ Տիգրան Մեծով հիացողը 44-օրյայի պարտությունն ընդունեց հպարտությամբ. դա ես չեմ ասում, ինքն է ասել: Ու ինքն այլևս իրեն վատ չէր զգում, երբ իրեն անվանարկում էին «թուրք» բառով: Վերջինս բացարձակ լռության մատնեց թշնամի երկրից և դրա ղեկավարի կողմից իրեն և մեր ժողովրդին հասցված ստորացումները: Ռուսատյացությամբ տարված՝ Թուրքիայի նախագահի հետ նկարվեց՝ նրա գրած գիրքը կրծքին սեղմած: Այն անձի, ով մինչ այդ օկուպացված Շուշիում հայտարարել էր, որ պետք է մինչև վերջ հասցնել Թալեաթի գործը: Այսինքն՝ հայության կոտորածի գործը: Բայց որքան հիշում եմ, միայն ինձ նմաններն այդ ժամանակ ընդվզեցին մեր արժանապատվությանը հասցված հարվածների դեմ:

Ու երբ այդ անձին ոմանք «հզոր վարչապետ» են անվանում, իսկ կեղծ հայրենասերները լռում են, մտածում ես, թե «էս ուր եմ ընկել, Տեր Աստված»: Որովհետև ինչպե՞ս կարող է թշնամու կողմից ստորացված վարչապետը լինել հզոր: Որիշ հարց, որ ինքն իրեն հզոր է զգում սեփական երկրի ժողովրդի դեմ պատերազմում: Որովհետև դրա համար իրական հզորություն պետք չէ, այլ իրեն ծառայող իրավապահների ինստիտուտ: Իսկ իրավապահները միշտ են ծառայել գործող իշխանությանը: Դա դեռևս նախկինների ժամանակ է ասել ոստիկանության հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ավելացնելով, որ եթե այդ օրերի ընդդիմությունը մի օր գա իշխանության, ապա իրենք կծառայեն նորերին: Ինչը և տեղի ունեցավ 2018-ի մայիսից այս կողմ:

Որպեսզի պարզ լինի, թե որ դեպքում չէր կարելի Հայաստանը համարել «ճ» կարգի երկիր՝ ներկայացնեմ Տիգրան Մեծի զավակի՝ հայոց արքա Արտավազդ Բ-ի պատմությունը: Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի կողմից մ.թ.ա. 34 թվականին Հայաստան ներխուժումից հետո վերջինս հավատաց Անտոնիոսի խոսքին և խաբեությամբ, իր ընտանիքով հանդերձ, շղթայակապ տեղափոխվեց Ալեքսանդրիա (Եգիպտոս): Հռոմեական հաղթահանդեսին արքայական ընտանիքը պետք է խոնարհվեր Անտոնիոսի սիրուհի և միաժամանակ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի առջև՝ անցնելով սրերի տակով: Արքան մերժեց և 3 տարի անց ընտանիքով գլխատվեց: Իսկ դրանից մեկ տարի անց էլ՝ մ.թ.ա. 30 թ.-ին, ինքնասպանություն գործեցին Անտոնիոսն ու Կլեոպատրան՝ պարտվելով հռոմեական մեկ ալ զորավարին՝ Օկտավիանոսին:

Տեղեկանք ԱԲ-ից. Արտավազդի և նրա ընտանիքի վեհ կեցվածքը՝ երբ նա նախընտրեց մահը, քան կյանքը՝ ստրկության ու անարգանքի մեջ, հիացրել է նույնիսկ հռոմեացիներին: Պատմիչներ Վելեոս Պատերկուլոսը և Դիոն Կասիոսը խոստովանել են, որ հայ թագավորական ընտանիքը դրսևորեց հոգու արտակարգ արիություն: Արտավազդի այս կեցվածքը թույլ չտվեց, որ հայ ժողովուրդը բարոյալքվի: (Այն, ինչ Նիկոլի ջանքերով հիմա է կատարվում՝ Վ.Ս.): Հայրենիքում մնացած նրա որդին՝ Արտաշես Բ-ն, հոր և ընտանիքի օրինակով ոգեշնչված, կազմակերպեց հզոր ապստամբություն, ջախջախեց Հայաստանում գտնվող հռոմեական լեգեոններին, ազատագրեց երկիրը և բազմեց հայկական գահին:

Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք այսօր: Տեսնում ենք, որ այսքան արհավիրքներից հետո 730 հազար մարդ կրկին ընտրում է պարտության խորհրդանիշ անձին: Տեսնում ենք, որ թշնամու պահանջները լռելյայն կատարելով՝ այդ անձը ձեռ է առնում մեզ բոլորիս՝ ասելով, որ եթե համաձայն չենք իր հետ, մեզ թույլ է տալիս հեղափոխություն անել: Իսկ երբ նրան մերժող մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ենթարկվում են աննորմալ բռնաճնշումների: Իսկ միևնույն ժամանակ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում հայկական մեկ մարտական դիրք հասնելու կամ հերթափոխ իրականացնելու համար հայ զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքի անմիջական կողքով։ Դա ես չեմ հնարել, դա նախարար Պապիկյանն է խոստովանել: Պատկերացրեք 2021-ից այս կողմ 18-20-ամյա մեր տղաների հոգեբանական վիճակը թշնամու վերահսկողության ներքո գտնվող այդ տարածքով անցնելիս: Ինչն իբրև թե կարգավորվելու է սահմանազատման և սահմանագծման շրջանակներում: Ինչպիսի՞ անուն կարելի է դնել այս դեպքում, դուք ասեք. եթե, իհարկե, իրական հայրենասեր եք և ոչ թե ձևական:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատգամավորները դժգոհ են 1 միլիոն պարգեւավճարից․ ավելին են սպասում

Պատգամավորները դժգոհ են 1 միլիոն պարգեւավճարից․ ավելին են սպասում Sat, 01 Aug 2026 20:15:19 +0400…

22 րոպե ago

Հիմա ու՞մ օրինակին պետք է հետևեն ուսանողները

Հիմա ու՞մ օրինակին պետք է հետևեն ուսանողները Sat, 01 Aug 2026 20:00:39 +0400 Առանց ակադեմիկոս…

37 րոպե ago

Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը դառնում է իշխանության կամքով տնօրինվող

Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը դառնում է իշխանության կամքով տնօրինվող Sat, 01 Aug…

52 րոպե ago

Սևանի ափին՝ ՏՏ-ի, բնապահպանության և հանքարդյունաբերության հատման կետում. ԲԼՈԳ

Սևանի ափին՝ ՏՏ-ի, բնապահպանության և հանքարդյունաբերության հատման կետում. ԲԼՈԳ Sat, 01 Aug 2026 19:15:17 +0400…

1 ժամ ago

Եթե համալսարանը հրաժարվում է նման մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ

Եթե համալսարանը հրաժարվում է նման մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ Sat, 01 Aug…

2 ժամ ago

Պուտինի զանգը Ալիևին նախազգուշացում էր․ Զոլյան

Պուտինի զանգը Ալիևին նախազգուշացում էր․ Զոլյան Sat, 01 Aug 2026 18:45:46 +0400 «Հրապարակի» զրուցակիցն է…

2 ժամ ago