Ոչնչացված պետականության «փակ համակարգերը»
Sat, 01 Aug 2026 22:00:01 +0400
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոչնչացված պետականության «փակ համակարգերը»
Նիկոլական ուզուրպատորների ու նրանց սպասարկող «ընդդիմադիրների» մասնակցությամբ տիեզերական մասշաբի խայտառակություն բեմադրած և այն «խորհրդարանական ընտրություններ» որակած հովակիմյանական կրկեսը պետք է շատ արագ մոռացության մատնվի ու հետին պլան մղվի: Այդ նպատակով գործի են դրվել բոլոր համակարգերը: Կյանքը, ինչպես ասում են, բնականոն հունի մեջ պետք է մտնի՝ ընտրությունների արդյունքում խաբնված երիտասարդությանը ֆեստիվառներով զբաղեցնելով ու կեղծ օրակարգեր մեջտեղ բերելով:
Քանի որ մահացած պետության ներսում իշխանություն ներկայացող քպական գործակալական կոնգլոմերատն օրեր առաջ վերջին զանգի հրաժեշտի ու շնորհավորանքների խոսքեր էր շռայլում, ամփոփիչ գնահատականներ հնչեցնելու ճիշտ ժամանակն է՝ հայկական պետականության մահախոսականը Աժ 9-րդ գումարման նստաշրջանի ավարտանկարին կցելու համար:
Ինչպե՞ս ենք հիմնավորում պետականության ոչնչացման եղանակներն ու դրսևորումները: Դրանք ակնհայտ են դառնում տարբեր ոլորտներում վերջնականապես ձևավորված, ամրագրված ու հաստատագրված «փակ համակարգերի» տեսքով:
Իշխանազավթման «փակ համակարգը»
Հայաստանի Հանրապետություն անվանվող գոյացության մեջ «ընտրություններ» կոչվածը միմիայն զանգվածների մասնակցությունը ապահովելով կանխորոշված ելքով ու մարդաքանակով պատգամավորներ ապահովելու մասին է: 2018 թ. նախապես ծրագրված ու բեմադրված կրկեսը արձանագրեց հայկական պետականության կլինիկական մահը, այդ ինքնասպանության մեջ խաբեությամբ ներգրավվելով ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը: 2026 թվականի հունիսի 7-ին Նիկոլ վերարտադրելու համար բեմադրված նոր կրկեսային ծրագրով վերջնականապես ազդարարվեց փակ ու ստերիլ շրջանակի ներսում իշխանություն վերաբաշխելու մեխանիզմը:
Դա արվեց բացահայտ ցինիկ ու անթաքույց ձևով՝ «կրվել ենք, բայց մենք հեռացողը չենք» խորագրի ներքո: Նիկոլին այդ սցենարով փրկության օղակ նետեց «ընդդիմադիր» խաղացող ուժերը, որոնց հիմնական գործառույթը պետք է հանդիսանար անվերահսկելի քաղաքական միավորների ի հայտ գալն ու որպես իրական ընդդիմություն հանդես գալու հնարավորությունը չեզոքացնելը: Արդյունքում մի´ սպասեք, որ 2031-ին, կամ դրանից շուտ ՀՀ-ում որևէ ընտրություն տեղի է ունենալու իշխանափոխության ժողովրդավարական-սահմանադրական եղանակով: Դա անելու համար համաժողովրդական մասնակցությունն արդեն հնամաշ ու ռաբիզ է թվալու՝ պաշտոնների ու դիրքերի նախապես մշակված մեխանիզմների համապատկերին:
Այս «փակ» համակարգում իրենց ուրույն տեղն ու դերն ունեն 2018 թվականից առաջ վճարովի ընդդիմադիր խաղացողները, ովքեր նույն պայմաններով հանդես են գալիս արդեն որպես իշխանամետ ուժեր:
Տնտեսության ու խոշոր բիզնեսի «փակ համակարգը»
ՀՀ-ում յուղաբեր ոլորտները՝ հանքարդյունաբերությունը, ՀԷԿ-երը, ներմուծման ու արտահանման մենաշնորհներն, մեծածավալ շինարարության ու մյուս ոլորտները վաղուց բաշխված ու վերաբաշխված են այն տնտեսվարողների միջև, ովքեր արտոնյալ են այնքանով, որքանով սպասարկում ու աջակցում են քաղաքական «փակ» համակարգին կամ ուղղակի հանդիսանում են դրա բաղկացուցիչը: Հայաստանյան կամ դրսի նոր տնտեսվարողները որևէ շանս չունեն հավասար պայմաններով ներքին շուկա կամ բանկային համակարգ մուտք գործելու համար: Երկրաչափական պրոգրեսիայով տեղի է ունենում ՀՀ արտաքին պարտքի աճ, սակայն բանկային ոլորտն արձանագրում է եկամուտների աննախադեպ աճ՝ ոչնչով չարդարացած գնաճի ու հարկային բեռի խստացման պայմաններում: Ի դեպ, նիկոլ գովացող վճարովի վերլուծաբան-սազանդարները երբեք «խորքային» վերլուծություն չեն իրականացնի ու չեն բացատրի ձեզ, որ հունիսի 7-ի ընտրություններն ընդամենը «թավշյա խուժանի» միջոցով իրականացված հատուկ գործողություն էր, որի արդյունքում ՀՀ արտաքին պարտքը «հարստացավ» մոտ 5 մլրդ դոլարով՝ յուրաքանչյուր նիկոլականի պարտքի բաժինը մոտեցնելով 5000 ԱՄՆ դոլարի: Իսկ պարտքերը, ինչպես գիտենք, սպասարկվում են գնաճի ու հարկային պարտավորությունների խստացման հաշվին:
Արդարադատության «փակ համակարգը»
Այս համակարգի հիմնական գործառույթը բոլոր ժամանակներում եղել է հակաօրինական ու հակասահմանադրական եղանակներով պետականություն կոչվածը արդյունավետ ճանապարհով ոչնչացնելը: Քաղաքական ու տնտեսական «փակ համակարգերի» հետ սա կազմում է թունավոր մի եռամիասնություն, որը բոլոր առումներով բացառում է իրական պետականության բոլոր ոլորտների օրինական գործարկումն ու գոյությունը: ՀՀ արդարադատության համակարգը, որպես այդպիսին, հանցածին համակարգ է, քանի որ քննիչ-դատախազ-դատավոր շղթան համարյա առանց բացառության գործում է հանցավոր գործելաոճ որդեգրելու, հանցագործություններ խրախուսելու և անպատժելիության զգացում ներդնելու հրամայականով: Չկա հանցագործությունների աճ, չի լինի նաև այս համակարգը:
Ուստի գոյատևելու ու բարգավաճելու համար օդի ու ջրի պես համակարգը պետք է ապահովի հանցագործությունների աճ: Այս համակարգի ներսում առկա է նաև ներսի «փակ համակարգեր»՝ ի դեմս ընտանեկան-դինաստիական, քավոր-սանիկական ձևավորված ինստիտուտների, երբ դատավորների պաշտոնները բաշխվում են, սկեսրայրների, հարսերի, բաջանաղների ու քավորների միջև: Արդարադատության «փակ համակարգը» բացառապես հանդես է գալիս որպես բռնության միջոց, որի կիրառումը ապահովում է քաղաքական ու տնտեսական «փակ համակարգերի» անխափան գործունեությունը՝ ահաբեկելով ու լռեցնելով ցանկացած ընդդիմադիր դրսևորում:
Այս երեքը զոդված են անվտանգության համար պատասխանատու օղակների կողմից, որտեղ «ազգային» կոչվածն ընդամենը ռուդիմենտ է, ասել կուզի՝ հնաոճ մի մնացուկ, իսկ անվտանգության ծառայությունն իրականացվում է այս համակարգերի մեջ ներդրված ցանցերով՝ վերջիններիս կենսագործունեությունն ապահովելու գերակա առաքելությամբ:
«Փակ համակարգերի» երկրորդ օղակը ներկայանում է լրատվական-տեղեկատվական, վերլուծական-քարոզչական, պաշտոնական «քաղհասարակության ներկայացուցիչների» կեղծ ինստիտուտներով ու շոուբիզնես կոչվածով:
ՀՀ-ում լրատվական դաշտը վերահսկվում է 100 տոկոսով: Ոչ թե 99, այլ 100 տոկոսով: ՀՀ-ում չկան անկախ լրատվամիջոցներ: Դրանք կառավարվում ու վերահսկվում են զանգվածներին «ճիշտ ու ճշմարտացի» տեղեկատվություն ապահովելու, ուղղորդելու, ապակողմնորոշելու, ինչպես նաև վերահսկելի քննադատություն ապահովելու համար: Լրատվական դաշտում «փակ համակարգի» դրսևորումը Պետրոս Ղազարյանն ու Հանրայինի եթերը չեն: Նիկոլի ամեն մի ճեպազրույցից հետո Վահե Մակարյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի «ջախջախիչ ու մերկացնող» հարցադրումները վաղուց վերածվել են ստանդարտ постановка-ների և այլևս կանխատեսելի ու սպասելի են: Ու քանի որ այդ հարցերի մեջ երբեմն առկա են նաև քրեորեն պատժելի գործողությունների մեղադրանքներ, ապա այդ հարցադրումներն արվում են հենց այդ կետում դրանք մարելու և դրանց հետամուտ չլինելու համար, այսինքն՝ հանուն ոչնչի, որի արդյունքում լայն զանգվածները համակերպվում են դրանք անհետևանք գոյություն ունենալու իրողության հետ:
Քաղհասարակության ներկայացուցիչները նույնպես ընտրովի են: Ընտրվում են լոյալության ու առավել արդյունավետ գործիքավորվելու սկզբունքներով: Երբ անհրաժեշտություն է առաջանում «քաղհասարակություն» գեներացնել ադրբեջանական կողմի հետ շփվելու կամ «ռիսկեր կառավարելու» համար, այդպիսի երկսեռ համադրություն միշտ գտնվում է՝ «փակ համակարգերի»ի ներսում: «Փակ համակարգերի» աչալուրջ հսկողության տակ ծնվում են այսինչ կամ այնինչագետները, ովքեր, որպես կանոն, հանդես են գալիս այսինչ կամ այնինչ ոլորտի միակ մասնագետները: Տիրապետող կիսագրագետ ու տգետ հասարակության համար պարզ ասսոցիացիաները շատ կարևոր են՝ ուղղորդում ու վերահսկողություն ապահովելու համար:
Ամենավերջում «փակ համակարգերի» շքերթը եզրափակում են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները: Իրենք միշտ ակտիվ են ընտրություններից առաջ, ունեն ակնկալիքներ և երևալու խնդիր, հետևաբար պատրաստ են իրականացնել տիրապետող եռյակ համակարգերի բոլոր քմահաճույքները, պատվերով կստեղծեն ֆեստիվառային միջավայր ու մթնոլորտ, հանդես կգան իշխանական դիրքերից, կստանան հոնորարներ ու հետո կապրեն իրենց մանր մունր ինտրիգներով՝ ապահովելով լավագույն անեստեզիան հայ հասարակության համար՝ հայկական պետականության մսխման «հաջող» գործընթացը անզգայացնելու և փակ համակարգերի համար որակյալ подданцовка ապահովելու համար:
Կհարցնեք, բա ու՞ր է բանակն ու զինված ուժերը:
Պատասխանում եմ. բանակի լիակատար մարգինալացումն ու գեներալիտետի վերջնական «հպատակեցումը» նիկոլական խունտային ազդարարեց բանակի լիակատար մարգինալացումը: Մայիսի 28-ի արագածակենտրոն զինվորական շքերթը վկա, երբ հայ սպաները նիկոլական շքերթին մասնակցեցին խմբագրված մեդալներով, նիկոլահաճ զինանշանով ու հայ զինվորներին ու սպաներին կանխորոշված ելքով պատերազմի տանելու ու պարտությունն ու պարտված լինելը որպես ցանկալի իրավիճակ քարոզելու դրսևորումներով:
Ամփոփիչ մտքեր
Հայաստանի Հանրապետության կոչվածն իրենից սովորական բառդակ չի այլևս: Այստեղ ամեն ինչ հաշվարկված է: ՀՀ կոչված տարածքը վաղուց վերածվել է խոշոր շահառուների համար հարկատու քաղաքացիների հաշվին ահռելի միջոցներ ապահովող պարարտ ու յուղաբեր մի տարածքի, որտեղ «Սահմանադրություն» ու «օրենքներ» կոչվածը օպտիկական խաբկանք է, բուտաֆորիա:
Նկատենք սակայն, որ մի հարցում Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսով իրական է ու բոլորովին էլ ֆեյք չի. նրա ամենօրյա կոչերը ՀԴՄ պահանջելու համար շատ բնական ու օրինական լինելուց զատ, նպատակաուղղված է վերոնշյալ «փակ համակարգերի» սպասարկման հիմնական գործառույթն իրականացնելուն՝ ահռելի ֆինանսական միջոցները հստակ նախանշված հասցեներով վերաբաշխելու և դրա արդյունքում իր և թիմի համար որոշ ստացումներ ապահովելու համար: Հենց այդպիսի «խրոխտ» տեսքով հունիսի 8-ի առավոտյան, ձեռքի տակ չունենալով քվեարկության վերջնարդյունքները, փուշ կերած գառնուկների խորապատկերին Նիկոլն ազդարարեց իր թիմի «հաղթանակը»: Նա այլ բան չէր կարող անել, քանի որ «փակ համակարգերը» իրեն օժտել էին «դուխով» հանդես գալու բացարձակ լիազորություններով: Հենց այս «փակ համակարգերի» միջոցով է իրականացվում Հայաստանի Հանրապետության լլկումն ու դրա թրաֆիքինգը՝ արտաքին ուժերի շահերն ու քմահաճույքները բավարարելու համար:
Նիկոլն ու իր թիմն ընդամենը պատվեր ընդունող ու կատարող ամենատեսանելի ու ամենացածրակարգ մասն են…
Անմռունչ տարեք թանկացումներն ու վճարեք հարկերը, քանզի «փակ համակարգերը» ձեզ այլընտրանք չեն թողել՝ քանզի Նիկոլին ու քպական երկսեռ գործակալական խմբակին գործիքավորել են ձեր «խաղաղ» ու խոստումնալից ապագայի տեսլական ապահովելու համար:
Պետականության անկումն առավել քան տրամաբանական էր, քանզի 2018 թվականի կրկեսը ոչ մեկ չցանկացավ խորքային վերլուծել ու բարձրաձայնել այն սպասարկած ծաղրածուների ու դրանց իրական աջակիցների ինքնությունների մասին:
Կիսագրագետներին իշխանություն հանձնելն ու որոշումներ կայացնելու հնարավորություն ստեղծելը, համատարած համակերպման ու լռության պայմաններում միշտ բերում է անխուսափելի աղետի…
Մենք տակավին այդ շղթայի ներսում ենք՝ այս անգամ պետականության լիակատար բացակայության պայմաններում…»: