Ով ում հետ է առեւտուր անում Հարավային Կովկասում
Thu, 06 Aug 2026 13:15:32 +0400
2015-25 թթ․ հարավկովկասյան եռյակի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ արտաքին առեւտուրը զգալիորեն աճել է։ Սակայն ուշագրավը ոչ թե ներկրում-արտահանում ծավալներն են, այլ այն, թե որ երկրների կամ ռեգիոնների հետ են նրանք նախընտրել առեւտուր անել։ «Վեստնիկ Կավկազա» պարբերականը ներկայացրել է հարավկովկասյան եռյակի արտաքին առեւտրային ընդհանուր պատկերը։ 2015-25 թթ․ Հայաստանի արտահանումն ավելացել է հինգ անգամ՝ 1,5 միլիարդ դոլարից հասնելով 8,4 միլիարդ դոլարի։ Ներկրումն ավելացել է 4 անգամ՝ 3,2 միլիարդ դոլարից հասնելով 13 միլիարդի։
Ամենից նկատելի առեւտրային գործընկերը շարունակել է մնալ Ռուսաստանը։ Եթե 2015 թվականին ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանումը կազմել է 245 միլիոն դոլար, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3 միլիարդ դոլար։ Միաժամանակ ընդլայնվել են մատակարարումները դեպի Էմիրություններ, Չինաստան, Շվեյցարիա, Իրաք, ԵՄ անդամ երկրներ։ Սակայն հաշվետու տասնամյակի ընթացքում Ռուսաստանը շարունակել է մնալ խոշորագույն շուկան հայկական ապրանքների իրացման համար։
Իրավիճակը հետեւյալն է եղել նաեւ ներկրումների հետ կապված։ Վերջին տասը տարում ներկրումները Ռուսաստանից 942 միլիոն դոլարից հասել են 4,9 միլիարդի։ Ռուսաստանը շարունակել է լինել Հայաստանի հիմնական մատակարարը։ Վրաստանում արտահանումն աճել է ավելի քան երեք անգամ հաշվետու տասնամյակում՝ 2,3 միլիարդ դոլարից հասնելով 7,3 միլիարդի։ Ներմուծումն էլ 7,3 միլիարդ դոլարից հասել է 18,5 միլիարդի։ Վրաստանն առաջնորդվել է առեւտրային դիվերսիֆիկացիայի կանոնով։ Եթե 2010-ականների կեսերին վրացական ապրանքների հիմնական գնորդները Հայաստանն ու Ադրբեջանն էին, ապա տասնամյակի վերջերին արդեն այդ տեղում Ղրղզստանն ու Ղազախստանն են դարձել։ Դրան հատկապես նպաստել է Վրաստանի տարածքով ավտոմեքենաների վերաարտահանումը։ Վրացական արտահանումը մեկ շուկայից կախված չէ։ Կենտրոնական Ասիայից բացի, ակտիվ առետուր է կատարվել Ռուսաստանի, Թուրքիայի, ԵՄ անդամ երկրների, Չինաստանի հետ։ Նույնն է վիճակը նաեւ ներմուծման համար։ Վրաստանի համար խոշոր մատակարարներ են Թուրքիան, Միացյալ Նահանգները, Չինաստանը, իսկ հարեւանների հետ առեւտուրը թեեւ կարեւոր է, բայց արդեն վճռորոշ նշանակություն չունի։
Հարավային Կովկասում Վրաստանն ունի ամենից դիվերսիֆիկացված արտաքին առեւտրային աշխարհագրությունը։ Ադրբեջանի պարագայում, վերջին տասը տարում արտահանումը գրեթե կրկնապատկվել է՝ 12,7 միլիարդ դոլարից հասնելով 25 միլիարդի։ Հիմնական արտահանման ուղղությունը Եվրոպան է։ Եթե 2015 թվականին ԵՄ-ին բաժին էր ընկնում արտահանման 47,5 տոկոսը, ապա 25 թվականին այդ ցուցանիշը կազմել է 67,7 տոկոս։ Հասկանալի է, այստեղ կարեւոր տեղում էներգակիրներն են։ Ադրբեջանական արտադրանքի հիմնական գնորդն Իտալիան է։ Տասնամյակի սկզբին Իտալիան հանդիսացել է ադրբեջանական արտահանվող արտադրանքի 24 տոկոսի գնորդը։ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 45 տոկոս։ Ինչ-ինչ տեսակարար տոկոսային փոփոխություններով՝ կարեւոր առեւտրային գործընկերներ են եղել եւ մնում են նաեւ Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան, Խորվաթիան, Հունաստանն ու Իսրայելը։ Ներմուծման ուղղությամբ իրավիճակը տարբեր է։ Այստեղ առաջնային են Ռուսաստանը, Թուրքիան եւ Չինաստանը։ Ընդ որում՝ Չինաստանի դերակատարումը շարունակաբար աճում է։