Համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ`պետք է կենտրոնանք մնացած հայրենիքը պահպանելու վրա
Sat, 19 Sep 2026 22:45:39 +0400
Բոլոր նորմալ հայ մարդիկ այսօր տխուր են: Չեն կարող տխուր չլինել` 3 տարի առաջ այս օրը հազարամյա հայկական հող ենք կորցրել, սիրուն, ծաղկուն երկիր` չքնաղ բնությունով, մեծ թվով հրաշալի մարդիկ զրկվել են տունուտեղից, հայրենիքից: Մարդ պիտի անզգա կենդանի լինի, որ այսօր ցավ չապրի, մանավանդ արդարությունը վերականգնելու, մեր թանկ կորուստը վերադարձնելու ճանապարհն էլ չի երևում…
Բայց ես մի բանում համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ` մենք հիմա պետք է կենտրոնանք մնացած հայրենիքը պահպանելու վրա և թույլ չտանք, որ ոմն մեկը «քյարքի, քյարքի» ասելով` մնացածն էլ թշնամուն հանձնի: Չէ որ սրանք այնքան անամոթ են, որ նայում են մեր աչքերի մեջ ու սպառնալից տոնով հարց ուղղում` «ինչի` ես մի մետր հող հանձնե՞լ եմ…»: Վաղը նորանոր մետրեր կհանձնի ու կհայտարարի` մի կտորը 75 թվի, մյուսը` 69-ի, երրորդը… 1920 թվի քարտեզով էր թուրքին ու ադրբեջանցուն պատկանում…որ չհանձնեի պատերազմ կլիներ…ուրեմն խնդիրը աղետի ընթացքը կասեցնելն է:
Հույսը, որ Ադրբեջանը կբավարարվի ստացածով և նոր հավակնություններ չի դրսևորի, գնալով նվազում է: Միջազգային հանրության կամ որևէ երկրի կողմից Ադրբեջանին սաստելու-զսպելու հավանականությունը ևս շատ փոքր է:
Մայիսի 28-ի ռազմական շքերթը մի փոքր հույս արթնացրեց, որ այնուամենայնիվ մեր երկիրը զենք է ձեռք բերում, որը վճռական պահին կկրակի և կպաշտպանի այս մի կտոր հողը: Բայց այստեղ էլ հանկարծ լսում ենք` իշխանական պատգամավորն ասում է` եթե կրակեն մեզ վրա, չսպասեք, որ մենք կրակոցով ենք պատասխանելու…
Իսկ, կներեք, այդ դեպքում, ինչու՞ եք բանակ պահում, զենք գնում եւ նույնիսկ հպարտանում, որ 2018 թվականին ոչ ոք մեզ զենք չէր վաճառում, հիմա պրոբլեմ չունենք` բոլորը վաճառում են: Եթե այդ զենքը մեզ չի պաշտպանելու եւ երբեւէ չի կրակելու, ի՞նչ իմաստ ունի մեր բյուջեի սուղ միջոցները ծախսել դրա վրա: Եթե զենքն ու բանակը չի օգնելու մեզնից խլված, «Իրական Հայաստանից» զավթած 200 ք/կմ տարածքն ազատագրելուն, ապա ինչի՞ն են ծառայելու` որ մի խումբ մարդկանց համար աշխատատեղ լինի, բյուջեից աշխատավարձ ստանան, «զորավար Պապիկյանն» էլ պադավատով ման գա՞…
Հաջորդը. եթե «թալանը», ինչպես դուք եք ասում, միլիարդներով հետ եք բերել, լցրել պետական բյուջե եւ առաջիկայում էլ մեկ միլիարդ դոլար հետ բերելու ծրագիր ունեք, եթե մասնավոր գործարանները պետականացնում եք, սեփականատերերից խլում, բայց դա մեր բանակի ուժեղացմանը, սպառազինություն ձեռք բերելուն և անգամ աղքատությունը հաղթահարելուն ու հանրության բարեկեցությունը բարձրացնելուն չի ծառայելու, ինչի՞ համար է արվում` ձեր աշխատավարձերը կրկնապատկելու՞:
Մի կողմից ընտանեկան նպաստներն եք կրճատում, գույքահարկը, հարկերն ու տուրքերը բարձրացնում, անգամ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունից հրաժարվելու գումարն եք տասնապատկում, վարկավորման տոկոսադրույք բարձրացնում, արցախցիների բնակապահովման ծրագրով չնչին գումար տալիս (մեկ շնչին Փաշինյանի մեկ ամսվա աշխատավարձի չափով), որով ոչ մի տեղ տուն գնել չեն կարողանում, ուրեմն բյուջեի մուտքերի ավելացումն ու՞մ է պետք, ու՞մ համար է…
Եթե բյուջե մտած փողը չի ծառայելու մեր հանրությանը, չի դառնալու նպաստ ու թոշակ, չի ուղղվելու կարիքավոր խավերին, չեն սուբսիդավորվելու տրանսպորտի եւ այլ ծախսեր, ի՞նչ իմաստ ուներ ԶՊՄԿ-ի 22 տոկոսը, «Լիդիանի» 12,5 տոկոսը, «Վիվասելի» 20 տոկոսը սեփականատերերից խլելը:
Պարզ է, որ իմաստը ձեր աշխատավարձերը կրկնապատկելն էր, հակառակ դեպքում նվազագույն աշխատավարձը կբարձրացնեիք, ոչ թե միայն բարձրաստիճան պաշտոնյաների դրույքաչափերը, ինչը, մեծ հաշվով, անօրինական է ու շատ անբարոյական` աղքատության ու սպասվող տնտեսական դժվարությունների այս ֆոնին…