Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դատը կանխապես լինելու է անարդար․ հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դատը կանխապես լինելու է անարդար․ հայտարարություն

Fri, 07 Aug 2026 12:55:07 +0400


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ցանկանում ենք նախապես ընդգծել, որ սույն հայտարարությունը ի պաշտպանություն պ-րն Գագիկ Ծառուկյանի չէ։ Բայց նրա շուրջ ծավալվող դեպքերի առիթով Ավագանին իր մտավախություններն ու տագնապներն է բարձրաձայնում մեզանում տասնամյակների ընթացքում ձևավորված քաղաքական ու տնտեսական համակարգի վերաբերյալ։ Գագիկ Ծառուկյանը այդ համակարգի միակ զավակը չէ։ Հայաստանում խոշոր գործարարների մի ամբողջ խավ գոյություն ունի, որի զգալի մասը մասնավոր սեփականատեր է դարձել ՀՀ անկախության առաջին տարիներին ՀՀ իշխանությունների գործարկած վայրի ազատականացման ընթացքում։ Նոր գործարարների մեծ մասի հիմնական նյութական աղբյուրը խորհրդային տասնամյակներում ստեղծված վիթխարի արդյունաբերական և գյուղատնտեսական համալիրների կազմաքանդումն էր։ Մասնավորեցումը փոխարինվեց սեփականաշնորհմամբ, որ «օրինականացված» ձևերով շնորհվում էր իշխանական անձանց կամ նրանց մերձավորներին։ Իշխանության մեջ տեղ գտնելու համար նոր գործարարները դարձան անգաղափար տարանուն քաղաքական կուսակցությունների անդամներ կամ հիմնադիրներ։ Դրանցում հայրենանպաստ բարձր գաղափարների բացակայությունը խթանեց ընտրաձայնի առուծախի պրակտիկան։ Ընտրողը տարբերություն չէր տեսնում կուսակցությունների միջև և հեշտությամբ իր քվեն դնում էր վաճառքի։ Այդպես ձևավորվեց օլիգարխական համակարգը։ Տնտեսական ու քաղաքական իշխանության ողջ փաթեթը ի վերջո հայտնվեց քաղաքական մարդու կոստյում հագած տնտեսական մարդու մոտ։ Քաղաքական իշխանության «առաջին օթյակի» գործիչները աշխատում էին չերևալ «օլիգարխի դեմքով», չնայած պարզ էր, որ իշխանության գերկենտրոնացումը գործադիրում և կառավարման համակարգի անթափանցիկ բույթը բազմաթիվ սողանցքներ էր տրամադրում նրանց ստվերային ձևերով իշխանության կապիտալացման և մեծ սեփականատերեր դառնալու համար։ Տնտեսական վերնախավը վերևից ձևավորելու ուղին ի վերջո հանգեցրեց կառավարման ողջ համակարգի այլասերմանը։ Օրենսդիր ու դատական իշխանությունները գործադիրի համար դարձան իր հակասահմանադրական կարգավիճակը քողարկելու դեկորներ։ Եթե բացառվի դիտավորության շարժառիթը, մնում է ենթադրել, որ տեղի ունեցածը հետևանք է նոր իշխանավորների անգիտությամբ, նրանց կողմից արդի սոցիալ-քաղաքական զարգացումների չիմացությամբ։ Փաստորեն, կարճ բանաձևումով՝ կեղծ սոցիալիզմից անցանք կեղծ կապիտալիզմի։ Սա է մեր անցած հասարակարգային փոխակերպումների իմաստը։ Կարող է տարօրինակ հնչել, բայց մեզ մոտ չկա մասնավոր սեփականության ինստիտուտ, քանի որ օլիգարխների կողմից ձեռք բերածը հիմնականում ազատ մրցակցության դաշտում չէ և պաշտպանվում է արտատնտեսական միջոցներով՝ առաջին հերթին պետության ուժով, որի կառույցներում տնտեսական մարդը ձգտում է ամրապնդվել՝ այնտեղից իր դիրքերը պաշտպանելու համար։

Թվում էր՝ 2018-ի հեղափոխությամբ իշխանության եկած երիտասարդ ուժերը պետք է հաշվի առնեին հին համակարգի կործանարար թերությունները և մերժեին դրանք։ Երկրի զարգացման գիտական ապահովման նկատմամբ ՀՀ իշխանական վերնախավում ավանդույթի բնույթ ստացած քամահրանքը չհաղթահարվեց։ Տնտեսական մարդու և քաղաքական մարդու հարաբերությունների հստակեցումը չդարձավ վերլուծության առարկա, որը մեր երկրի զարգացումը կկապեր ոչ թե անձերի, այլ գիտականորեն հիմնավորված քաղաքական ծրագրի հետ։ Արդյունքում նորերը ավելի բացահայտ ձևով օրենսդիր ու դատական իշխանությունները դարձրին գործադիրի կցորդներ։ Նորերը նախկինների պես Ազգային ժողովում ընդգրկեցին «իրենց օլիգարխներին»։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչական ռեսուրսների ու նրա թիմում ընդգրկված օլիգարխների հետ իշխանության համար պայքարի մեջ մտան ուրիշ օլիգարխներ, որոնք էլ դարձան ընտրապայքարի գլխավոր ուժերը։ Քաղաքացին պիտի ընտրեր ոչ թե բարձր սոցիալ-քաղաքական նախագծ, որ չկար ոչ մեկի մոտ, այլ օլիգարխական թիմ։ Այդ պայմաններում ընտրապայքարը վերածվեց, ինչպես ընդունված է ասել, աթոռակռվի։ Ընտրողների մի զգալի մաս էական ոչ մի տարբերություն չտեսավ մրցակիցների միջև և պատրաստ էր իր քվեի գնորդ գտնել։ Ընտրություններից առաջ որոշ չափով բարձրացնելով թոշակները և զգալի չափով՝ վարչական համակարգի կարևոր աշխատողների աշխատավարձերը, գործող իշխանությունները դարձան ընտրաձայների ամենաառատաձեռն գնորդները։

Հենց այդ համատեքստում ծավալվեցին իրադարձությունները Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Նրա նման մեծ սեփականատերեր դարձան ոչ միայն իրենց կարգավիճակով գործարար մարդիկ, այլև պետական կառավարման ապարատի պաշտոնատարներ, որոնք հսկայական գումարներ թալանեցին իշխանության «առաջին օթյակի» աջակցությամբ ու անպատիժ լքեցին երկիրը։ Գագիկ Ծառուկյանը չլքեց երկիրը։ Նա առանձնանում է բիզնեսից դուրս հայանպաստ բազմաթիվ նախաձեռնություններով՝ շինարարական, մշակութային, բարեգործական բնույթի։ Գագիկ Ծառուկյանի օգտին քվեարկել են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանց ձայների անտեսումը և չեղարկումը անկասկած բարոյական ու իրավական լուրջ հետևանքներ կունենա։ Անկախ այն բանից, թե ինչով կվերջանա Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցած գործը, մեզանում իր լուծմանն է սպասում քաղաքական ու տնտեսական մարդու հարաբերության կարգավորման խնդիրը։ Տնտեսական մարդը ձեռներեցության իր գործունեությունը պետք է կարողանա ծավալել քաղաքական մարդու կամայականություններից ապահով միջավայրում, և պետք է աշխատի խստագույնս վերահսկվող հարկային դաշտում։ Քաղաքական մարդը պետք է որոշի տնտեսության զարգացման գերակայություններն ու առաջնահերթությունները և իրագործի արտաքին քաղաքականությունը։ Առկա իրավական ու քաղաքական իրողությունների պայմաններում գործարար, բարեգործ և հանրային գործիչ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դատը կանխապես լինելու է անարդար։

Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԳ նախկին նախարարին կբանտարկե՞ն

ԱԳ նախկին նախարարին կբանտարկե՞ն Sat, 08 Aug 2026 16:30:34 +0400 Հունգարիայում նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոյի…

2 րոպե ago

ՄԻՊ-ն անընդունելի է համարում քրեական վարույթի շրջանակում անձնական և ընտանեկան տվյալների հրապարակումը

ՄԻՊ-ն անընդունելի է համարում քրեական վարույթի շրջանակում անձնական և ընտանեկան տվյալների հրապարակումը Sat, 08 Aug…

17 րոպե ago

Բաքվում մեծ ակնկալիքներ ունեն հայ-ադրբեջանական առևտրաշրջանառությունից

Բաքվում մեծ ակնկալիքներ ունեն հայ-ադրբեջանական առևտրաշրջանառությունից Sat, 08 Aug 2026 16:00:05 +0400 Ադրբեջանի և Հայաստանի…

32 րոպե ago

Հայաստանն ու Ադրբեջանը վճռական քայլեր են ձեռնարկել․ Ֆրանսիայի ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը վճռական քայլեր են ձեռնարկել․ Ֆրանսիայի ԱԳՆ Sat, 08 Aug 2026 15:45:55 +0400…

46 րոպե ago

Իտալիան պայքարում է միգրացիոն նոր ալիքի դեմ․ հայտարարություն

Իտալիան պայքարում է միգրացիոն նոր ալիքի դեմ․ հայտարարություն Sat, 08 Aug 2026 15:30:48 +0400 Իտալիայի…

1 ժամ ago

Այսպես որ գնաց՝ մի օր մեր առաջին դեմքերն են ծիրան վաճառելու

Այսպես որ գնաց՝ մի օր մեր առաջին դեմքերն են ծիրան վաճառելու Sat, 08 Aug 2026…

1 ժամ ago