«Հրապարակ». Դպրոցականների 27 տոկոսը տեքստ կարդալու խնդիր ունի

«Հրապարակ». Դպրոցականների 27 տոկոսը տեքստ կարդալու խնդիր ունի

Tue, 11 Aug 2026 13:45:55 +0400


Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ դպրոցներում կշարունակեն աշխատել միայն այն ուսուցիչները, որոնք անցել են ատեստավորում: Սակայն բազմաթիվ ահազանգեր կան, որ ուսուցիչների ատեստավորման համակարգը թերի է, արդյունավետ չէ, հաճախ որակյալ ուսուցիչներն են կտրվում այդ քննությունից, եւ այն միայն չոր գիտելիքն է ստուգում, ոչ թե մանկավարժական ունակությունները: Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Զեմֆիրա Քալաշյանի հետ:

– Փաշինյանը հայտարարեց, որ միայն ատեստավորում անցած ուսուցիչները կկարողանան աշխատել դպրոցում: Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի դպրոցը, եթե Փաշինյանի ասածն իրականացվի:

– Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում պետք է լինի 30-35.000 ուսուցիչ գործող, սակայն այս պահին մենք ունենք շուրջ 1500 եւ ավելի ուսուցիչների ազատ՝ չլրացված հաստիքներ: Եթե հաշվի առնենք, որ շատ ուսուցիչներ աշխատում են մի քանի դպրոցում, դպրոցներ կան, որտեղ նույն դասվարը երկու դասարանի դասվար է աշխատում, մենք բախվում ենք մի խնդրի, որ ունենք ուսուցիչների թվի լուրջ պակաս Հայաստանում: Եվ այդ ֆոնին, եթե պարտադիր ատեստավորում պիտի լինի, եւ ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները պիտի հեռանան կրթական համակարգից, մենք փաստացի կունենանք ուսուցիչների թվի լուրջ պակաս: Այս խնդիրն ի հայտ էր եկել այն ֆոնին, որ Նիկոլ Փաշինյանը խոսել էր այն մասին, որ միասնական քննություններից մեծ թվով երեխաներ կտրվել են: 12 հազարից ավել դիմորդ ենք ունեցել, որոնցից միայն 10 հազարն է հաղթահարել անցողիկ շեմը, եւ եթե հաշվի առնենք, որ այդ 10 հազարի մեջ կան երեխաներ, որոնք կրկնակի քննություն են հանձնել, հասկանում ենք, որ այստեղ գրագիտության լուրջ խնդրի ենք բախվել, ու այս հայտարարությունն այս ֆոնին է եղել: Բայց պետք է հաշվի առնել, որ այստեղ խնդիրը ոչ թե ուսուցիչների դասավանդման որակն է, այլ կրթական համակարգում առկա այն բոլոր խնդիրներն ու դժվարությունները, որ մենք ունենք:

– Որո՞նք են այդ խնդիրները:

– Օրինակ, նույն ուսուցիչների պակասն է գուցե բերել այն խնդրին, որ շատ դիմորդներ այսօր չեն կարողացել հաղթահարել այդ նվազագույն շեմը: Փաստացի, մենք չենք լուծում ուսուցիչների պակասը լրացնելու խնդիրը եւ գնում ենք մի ճանապարհով, որ այդ պակասն ավելի խորանա, եւ կրթական համակարգը բերում ենք կոլապսի: Բնագիտա-մաթեմատիկական առարկաների ուսուցիչների լուրջ պակաս ունենք, դասվարական համայնքում ունենք ուսուցիչների լուրջ պակաս։ Այս ամենը բերում է մի իրավիճակի, երբ երեխաներն ավարտում են դպրոցական կրթությունը, բայց այս առարկաներից բացարձակ պատկերացում չեն ունենում:

– Նիկոլ Փաշինյանն անընդհատ թմբկահարում է, թե ատեստավորում անցած ուսուցիչները ստանում են շատ բարձր աշխատավարձ՝ 400-700 հազար դրամ: Ուսուցիչների քանի՞ տոկոսն է ատեստավորում անցել եւ այդքան աշխատավարձ է ստանում: Արդյո՞ք ուսուցիչների պակասը պայմանավորված չի նաեւ աշխատանքի ծանրաբեռնվածությամբ ու ցածր աշխատավարձով:

– Նման աշխատավարձ եզակի ուսուցիչներ են ստանում: Անգամ շատ մեծ դպրոցներում գուցե մեկ կամ երկու ուսուցիչ ստանա այդ կարգի բարձր աշխատավարձ: Այդ կարգի աշխատավարձ ստանալու համար ուսուցիչը պետք է առնվազն հարյուր միավորանոց համակարգը հաղթահարած լինի, ավելի քիչ միավորներ հավաքած ուսուցիչները, բնականաբար, ավելի քիչ են ստանում: Մեկ այլ բանի վրա ուշադրություն դարձնենք, մեծ հաշվով կապ չունի` եթե որակյալ դասավանդման մեթոդաբանություն ունեցող ուսուցիչ է, եթե պրոֆեսիոնալ ուսուցիչ է, առանց ատեստավորման էլ կարողանում է պրոֆեսիոնալ դասավանդում իրականացնել: Եվ այս ատեստավորումը, մեծ հաշվով, ոչ թե նպաստում է ուսուցիչների աշխատանքի որակի բարձրացմանը կամ նրանց մեթոդական ունակությունների զարգացմանը, դա ուղղակի միջոց է, երբ պետությունը ոլորտում առկա խնդիրները լուծելու համար բերել-ներդրել է այս համակարգը, բայց թե ինչ արդյունք ունի այդ համակարգը, եւ, օրինակ, նույն ուսուցչի դասավանդման արդյունավետությունը դասարանում որքանով է ցուցիչներով բարձրացել, մենք դեռ ոչ մի այդպիսի տվյալ չունենք: Այսինքն՝ այն, որ ուսուցիչն անցնում է ատեստավորումը եւ ստանում է, օրինակ, 400 հազար դրամ աշխատավարձ, դեռ չի նշանակում, որ իր դասավանդած դասարանի բոլոր աշակերտներն ունեն բարձր ընդունակություններ, եւ նա կարողացել է ամբողջ ծրագիրը հասցնել աշակերտին: Այսինքն, նախ ֆիքսենք, որ այդ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը շատ փոքր է, փաստացի աղբյուրներում հստակ թիվ չկա, բայց ես շատ մեծ թվով ուսուցիչների հետ եմ աշխատում, նրանցից քչերին գիտեմ, որ ստանում են: Դրան զուգահեռ, դա դեռ չի նշանակում, որ կրթական խնդիրը լուծվել է:

– Դիմորդների ռեկորդային ցածր թվի մասին` հետագայում մենք մասնագետների՞, որոշ ոլորտներում մասնագետների պրոֆեսիոնալիզմի՞ խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ որոշվեց նորից ընդունելություն կազմակերպել, ու շատ կտրված դիմորդներ ընդունվեցին համալսարան:

– Մենք հանրակրթական դպրոցներում ունենք մի կարեւոր խնդիր՝ դա ֆունկցիոնալ գրագիտության խնդիրն է: Օրինակ, ըստ 2021 թվականի տվյալների, ընթերցանության հետ կապված, տեքստը կարդալու, վերարտադրելու, հասկանալու հետ կապված, հանրակրթական դպրոցներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ երեխաների 27 տոկոսն ունի խնդիրներ: Այսինքն, սա բավական լուրջ թիվ է։ Նույն իրավիճակը եղել է 2023 թվականի տվյալների ուսումնասիրության արդյունքում՝ մաթեմատիկական ունակությունների հետ կապված: Եթե ուսումնասիրենք այլ առարկաներ, այդտեղ եւս կունենանք նմանատիպ աբսուրդային իրավիճակ: Այսինքն, մենք հասկանում ենք, որ մեր հանրակրթական դպրոցն ունի լուրջ խնդիրներ:

– Իսկ դիմորդների ցածր քանակի պատճառը ո՞րն է:

– Երբ Հայաստանում ներդրվեց 12-ամյա կրթությունը, դա ինչի՞ն պետք է ուղղված լիներ, որ ավագ դպրոցում սովորողը չպիտի, օրինակ, դիմի կրկնուսույցին` առանց կրկնուսույցի պիտի կարողանար հաղթահարել միասնական կրթության շեմերը եւ գնար իր մասնագիտական կրթությունը ստանալու: Բայց վերջին տարիներին տենդենց է նկատվում, որ շատ տարբեր բաժիններում, ընդ որում՝ շատ կարեւոր բաժիններում, ընդունելության շեմն իջեցվում է, որովհետեւ դիմորդներ չկան, եւ նվազագույն շեմը հաղթահարող դիմորդների խնդիր ունենք: Այո, մենք փաստացի կանգնել ենք մի իրավիճակի առաջ, երբ շատ կարեւոր մասնագիտական ոլորտներում ունենալու ենք լուրջ մարդկային ռեսուրսի խնդիր եւ այդ խնդիրը հատկապես հիմա նկատում ենք Մանկավարժական համալսարանում: Այսինքն, ուսուցչի մասնագիտական դերակատարումն այնքան անկարեւոր է դառնում, որ անգամ Մանկավարժական համալսարանում, որ շատ հեշտ է ընդունվել, շատ քիչ դիմորդներ ենք ունենում:

– Բացի այդ, դպրոցների օպտիմալացման արդյունքում բազմաթիվ գյուղեր ու բնակավայրեր զրկվում են դպրոցներից՝ հատկապես սահմանամերձ համայնքներում:

– Չնայած ասում են, որ դպրոցները չեն փակվում, այլ աշակերտները տեղափոխվում են մեկ այլ դպրոցում սովորելու, այսինքն, ռեսուրսների մոբիլիզացիա է տեղի ունենում, իրականում մենք ունենում ենք համայնքներ, որտեղ հանրակրթական դպրոցներ, որպես այդպիսին, այլեւս գոյություն չեն ունենալու: Թեկուզ մեկ աշակերտ, թեկուզ երկու աշակերտ, բայց գնալու են հարեւան բնակավայրի հանրակրթական դպրոցը: Առաջին հերթին այստեղ մարդու իրավունքների լուրջ խնդրի ենք բախվում, որովհետեւ ցանկացած երեխա սահմանադրական իրավունք ունի անվճար կրթություն ստանալու եւ այդ իրավունքը իրացնելու իրավունք ունի: Եվ այն բոլոր միջազգային պայմանագրերը, որոնց Հայաստանը միացել է, վավերացրել է, ունեն այս պարտավորությունը՝ երեխաների համար կրթության հասանելիությունն ապահովելու: Այստեղ ունենում ենք իրավիճակ, երբ իրենց բնակավայրերում շատ երեխաներ այլեւս հնարավորություն չեն ունենալու կրթություն ստանալ: Ոչ պաշտոնական տվյալներով, շրջանառվում է 231, իսկ պաշտոնական տվյալներով` 180 դպրոցի մասին, որոնց փակվելուց հետո երեխաները տեղաբաշխվելու են հարյուր այլ դպրոցներում: Փաստացի, Հայաստանի 180 բնակավայրում, որոնց մեծ մասը սահմանային բնակավայրեր են, այլեւս հանրակրթական դպրոց գոյություն չի ունենալու: Հանրակրթական դպրոցը բնակավայրի գոյության կարեւոր կետերից մեկն է: Մի բնակավայրում, որտեղ ծնողը տեսնում է, որ հանրակրթական կրթություն իր երեխան չի կարող ստանալ, ստիպված է լինում այդ բնակավայրը լքելը: Սա մի միտում է առաջ բերում, երբ ունենալու ենք բնակավայրեր, որոնք առանց այդ էլ շատ քիչ բնակչություն ունեն, շատ շուտով բացարձակ դատարկվելու են: Ինչքան էլ սիրենք մեր տունը, մեր հայրենիքը, մեր ստեղծածը, մեր գյուղը, մենք նաեւ կարեւորում ենք մեր երեխայի կարեւորագույն շահը, ապագան ու երաշխիքը ու գնալու ենք այդ երաշխիքի հետեւից: Մի լուրջ խնդրի ենք այստեղ բախվում, որի լուծումը չգիտեմ ինչպես է լինելու: Հաշվի առնենք նաեւ այն, որ շատ բնակավայրերում դպրոցն է միակ կրթական, լուսավորչական կենտրոնը: Չկան մշակույթի տներ, չկան արվեստանոցներ,այլ կառույցներ, եւ փաստացի դպրոցը միակ լուսավորչական կառույցն է, որը մենք փակում ենք եւ խավարի մեջ ենք թողնում այդ բանակավայրը: Սա եւս, կարծում եմ, լրջագույն խնդիր է: Ես հասկանում եմ այն բոլոր միտումները, որով մեկնաբանում են դպրոցների փակումը՝ ռեսուրսների ճիշտ բաշխում, ռեսուրսների խնայում, ուսուցիչների թվի պակասի հարցն են լուծելու, բայց, միեւնույն ժամանակ, պետությունը ոչ թե քանդելու քաղաքականությամբ պետք է առաջ գնար, այլ՝ կառուցելու: Ուրեմն պետք էր այս բնակավայրերին արտոնություններ տալ, այս բնակավայրերում առավելություններ ստեղծել, օրինակ, դպրոցը վերափոխել ու դարձնել այլ ֆունկցիաներ իրականացնող կառույց եւ ոչ թե փակելու ճանապարհով գնալ:

ՀԳ․ Զեմֆիրա Քալաշյանը մեր գործընկեր` պոլիտիկ.ամ կայքի խմբագիր Բորիս Մուրազիի կինն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում Tue, 11 Aug 2026 15:00:04 +0400 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն…

12 րոպե ago

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի Tue, 11 Aug 2026 14:54:53…

17 րոպե ago

Ով է ազատվելու զբաղեցրած պաշտոնից

Ով է ազատվելու զբաղեցրած պաշտոնից Tue, 11 Aug 2026 14:52:59 +0400 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի…

19 րոպե ago

Շուշան Փաշինյանը Սրբուհի Գալյանի մոտ պրակտիկա է անցնում

Շուշան Փաշինյանը Սրբուհի Գալյանի մոտ պրակտիկա է անցնում Tue, 11 Aug 2026 14:50:06 +0400 Անձնական…

22 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» շուտով կհայտարարի հանձնաժողովների նախագահի իր թեկնածուների անունները

«Ուժեղ Հայաստանը» շուտով կհայտարարի հանձնաժողովների նախագահի իր թեկնածուների անունները Tue, 11 Aug 2026 14:40:27 +0400…

32 րոպե ago

Շանը դանակահարող զինվորականը ձերբակալվել է

Շանը դանակահարող զինվորականը ձերբակալվել է Tue, 11 Aug 2026 14:39:16 +0400 Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն…

33 րոպե ago