Փոխվում են գաղութարարները, նրանց հոգեբանությունը մնում է նույնը
Tue, 11 Aug 2026 18:15:03 +0400
Մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Սպիտակ տանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախաստորագրեցին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր, ինչպես նաեւ Սյունիքի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» Trump Route for International Peace and Prosperity – TRIPP անունով ենթակառուցվածքային նախագիծ իրականացնելու համաձայնագիր: Սա Հայաստանի համար խայտառակ նվաստացում էր, Հայաստանի անկախության փաստացի ոչնչացում` ամերիկյան գաղութի կարգավիճակ տալու մասին իրավական հաստատում: Հայաստանի տարածքը պետք է օգտագործվեր տրանսպորտային միջանցք կառուցելու համար, որից ստացվող եկամուտը պետք է բաժանվեր 74/26 հարաբերակցությամբ, 74 տոկոսը՝ գաղութատեր ԱՄՆ-ին, իսկ 26-ը՝ գաղութի կարգավիճակ ստացած Հայաստանին: Նման կերպ վարվում են միայն գաղութների հետ, այն էլ՝ բացարձակ իրավազուրկ գաղութների հետ: Պանաման իր տարածքով անցնող ջրանցքն ազատագրել է ամերիկյան գաղութարարներից 1977 թվականին, Եգիպտոսը Սուեզի ջրանցքն ազգայնացրել է 1956 թվականին՝ վերջ դնելով ջրանցքի նկատմամբ բրիտանա-ֆրանսիական գաղութատիրությանը:
Իր մասնակցությամբ տեղի ունեցած խայտառակությունն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը 99 տարով ապահովում է իր անվտանգությունը՝ նկատի ունենալով, որ փաստաթուղթը ստորագրվել է 99 տարի ժամկետով, եւ դրա գործողության ընթացքում որեւէ այլ երկիր չի համարձակվի հարձակվել գերտերություն համարվող ԱՄՆ-ի գաղութ Հայաստանի վրա․ գաղութ ենք, բայց՝ անվտանգ: Անցած մեկ տարվա ընթացքում TRIPP-ի կառուցման ուղղությամբ որեւէ իրական քայլ այդպես էլ տեղի չունեցավ, չնայած կողմերը փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ամեն ինչ վերահսկողության տակ է, տորագրվել են ինչ-որ փաստթաթղթեր, նույնիսկ կառավարիչ նշանակվեց, բայց իրական աշխատանք չկա:
Այս նախագծի իրական նպատակը Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքների կառուցումն էր, որը հնարավորություն կտար Կենտրոնական Ասիայի հանքահումքային հանածոները, թուրքմենական գազը, ղազախական նավթն ո տիտանն ԱՄՆ վերահսկողության տակ տեղափոխել Եվրոպա: Բնական է, որ նախագծի իրականացմանը դեմ են Ռուսաստանը եւ Իրանը, բայց Փաշինյանի տրամաբանությամբ՝ նրանց հարցնողն ով է, երբ նախագծի իրականացման հետեւում կանգնած է գերտերություն ԱՄՆ-ն, ԱՄՆ-ն հրամայում է, ինքը՝ կատարում: Ռուսաստանը բացահայտ դեմ չէր արտահայտվում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները հույս ունեին նույն Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասնել Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցմանը, Իրանը սկզբում զգուշավոր զգուշացնում էր դրա հետ կաված ռիսկերի մասին՝ գտնվելով ԱՄՆ-ի հետ կիսապատերազմական վիճակի մեջ: 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ նպատակ դնելով ոչնչացնել Իրանի անկախությունը`գաղութացնել Իրանը, այդ երկրում նշանակել գաղութային վարչակազմ եւ դրածո իշխանության միջոցով տնօրինել Իրանի հարստությունները: Իրանը ոչ միայն հաջողությամբ դիմագրավեց ամերիկյան հարձակումը, այլեւ փաստացի պարտության մատնեց ԱՄՆ-ին, ամերիկյան կողմի ոչ մի նպատակ չիրագործվեց: Բանակցությունները մտել են փակուղի, քանի որ ԱՄՆ իշխանությունները չգիտեն, թե ինչպես դուրս գան պատերազմից, առանց իրենց առջեւ դրված խնդիրները կատարելու եւ ամենակարեւորը՝ առանց խայտառակության, որը կսասանի այդ երկրի աշխարհակալ կարգավիճակը: Պատերազմում հաղթանակը Իրանին հնարավորություն տվեց ավելի հստակ եւ ավելի վճռական իր տեսակետն արտահայտել նախագծի նկատմամբ՝ ասելով, որ այն հակասում է իրենց շահերին, եւ իրենք թույլ չեն տա այդ նախագծի իրականացումը: Իրանի եւ նրա ժողովրդի հերոսական դիմադրությունը եւ հաղթանակն ամերիկյան գաղութարարների նկատմամբ Հայաստանին օգնում է ազատվել ամերիկյան գաղութի կարգավիճակից:
Իրանի հոգեւոր եւ փաստացի նաեւ աշխարհիկ առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իրանին սահմանակից 15 երկրներին, որոնց մեջ է նաեւ Հայաստանը, կոչ է արել՝ իրենց վերաբերմունքն արտահայտել ամերիկյան ագրեսորի նկատմամբ: «Այս երկրները պետք է հստակորեն սահմանեն իրենց դիրքորոշումը մեր սիրելի հայրենիքի դեմ ագրեսորների եւ մեր քաղաքացիներին սպանողների նկատմամբ»,- ասել է Խամենեին՝ կոչ անելով Իրանի սահմանակից երկրներին՝ փակել իրենց տարածքներում ամերիկյան ռազմական եւ ֆինանսական բազաները: Դե թող Փաշինյանն իր վերաբերմունքն արտահայտի, եթե կարող է, թող հայտարարի TRIPP-ից հրաժարվելու մասին:
Իրանում եւ Ուկրաինայում տեղի ունեցողը փլուզեց նաեւ փաշինյանական այն թեզը, ըստ որի՝ ամերիկյան գաղութ լինելն ապահովում է անվտանգություն եւ անձեռնմխելիություն: Իրանն առաջին հերթին հարվածեց Մերձավոր Արեւելքի ամերիկյան գաղութներին՝ այդ երկրներին եւ դրանց ժողովուրդներին եւս ցույց տալով իրենց խոցելի վիճակը, ամերիկյան գաղութ լինելը ոչ թե անվտանգություն է, այլ՝ սպառնալիք: Ամերիկյան գաղութ լինելն Ուկրաինային չօգնեց ավերվելուց եւ քայքայումից: Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն իր անունով է փորձում կոչել Հայաստանի գաղութացումը խորհրդանշող նախագիծը, պատասխանելով ամերիկյան լրագրողի հարցին, թե Ռուսաստանը կարծես թե ակտիվացրել է հարձակումները քաղաքացիական թիրախների վրա, նկատի ունենալով ուկրաինական նավահանգիստների, մթերային եւ արդյունաբերական պահեստների ոչնչացումը, որի հետեւանքով տուժում են միլիոնավոր մարդիկ, պատասխանել է. «Տեսեք, մենք դրանով չենք զբաղվում։ Մեզ օվկիանոս է բաժանում», այդպիսով ձեռքերը լվանալով Ուկրաինայում տեղի ունեցողի պատասխանատվությունից: Այս պատասխանը հիշեցնում է 1896 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերիի պատասխանն այն հանդիմանություններին, որ բրիտանական կառավարությունն անտարբեր է Սասունում հայերի կոտորածներին, երբ նա ասել էր. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»: Գաղութարարներին չեն հուզում գաղութացված երկրների ժողովուրդների ճակատագրերը, նրանց հուզում է այդ տարածքների հարստությունը: Իսկ մարդկանց ոչնչացումը ոչ միայն չի վտանգում կամ նվազեցնում այդ հարստության արժեքը, այլեւ ընդհակառակը՝ տարածքն ազատում է դրա օրինական տերերից: