Արցախը հանձնեցին ու տակից դուրս եկան, սահմանադրական «բարեփոխումն» ի՞նչ է, որ չանեն
Wed, 12 Aug 2026 14:15:38 +0400
9-րդ գումարման Ազգային ժողովն արդեն սկսել է իր աշխատանքը, սակայն նոր ձևավորված խորհրդարանի առաջին իսկ նիստերից ակնհայտ է, որ իշխանության և ընդդիմության միջև քաղաքական տարաձայնությունները շարունակում են մնալ բավական խոր։ Հաճախ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտում են իշխանականների ելույթները, երբեմն էլ նույնը տեղի է ունենում հակառակ ուղղությամբ։ Արդյունքում խորհրդարանական քննարկումները որոշ դեպքերում վերածվում են նույնիսկ զավեշտալի իրավիճակների։
Ի՞նչ է խոստանում այս իրավիճակը նոր գումարման խորհրդարանի աշխատանքի համար, որքանո՞վ է հնարավոր իշխանության և ընդդիմության միջև քաղաքական երկխոսությունը, ի՞նչ կարող է տալ Շիրակի մարզին պատգամավորների թվի ավելացումը, և արդյո՞ք իշխանությանը կհաջողվի իրականացնել սահմանադրական փոփոխությունները։
Այս և այլ հարցերի շուրջ hraparak-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ, Շիրակի մարզից ընտրված Մհեր Մելքոնյանի հետ։
– Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս եք գնահատում ներկայումս ձևավորված Ազգային ժողովի աշխատանքը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ հնարավո՞ր է նոր խորհրդարանում կառուցողական աշխատանք և քաղաքական երկխոսություն, թե՞ դեռ վաղ է նման ակնկալիքներ ունենալ։
– Եթե անկեղծ ասեմ, տպավորությունս այնքան էլ լավ չէ։ Պոպուլիզմը, ցավոք, շարունակվում է, և չեմ կարծում, որ այս փուլում հնարավոր են լուրջ փոփոխություններ։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ իշխանության հիմնական նպատակը «թրիփը» մինչև վերջ կյանքի կոչելն է՝ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելը։ Եվ, իհարկե, իշխանության ուշադրության կենտրոնում են նաև 2026 թվականի ՏԻՄ ընտրությունները, այդ թվում՝ Ախուրյանի, Արթիկի ընտրությունները, որոնք առաջիկայում պետք է կայանան։ Կարծում եմ՝ այս փուլում իշխանության հիմնական նպատակներից մեկը հենց դա է։Ամեն դեպքում, կարծում եմ՝ Ազգային ժողովում պետք է պահպանվի բնականոն, առօրյա աշխատանքը, պետք է պահպանվի աշխատանքային տեմպը։ Շատ կարևոր է նաև համամասնականության սկզբունքի պահպանումը։ Այս ամենը, անկախ քաղաքական իրավիճակից և առկա տարաձայնություններից, պետք է պահպանվի Ազգային ժողովում։
– Իսկ, ըստ Ձեզ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում իշխանությանը կհաջողվի՞ հաջողությունն արձանագրել։
-Ես կարծում եմ, որ նրանք ձայների առումով խնդիր չեն ունենա։ Արդեն վերջին ընտրությունների արդյունքներով տեսանք, որ Արթիկում «Քաղաքացիական պայմանագիրը» շուրջ 63 տոկոս ձայն է հավաքել։ Հաշվի առնելով նաև այն բոլոր մեթոդները, որոնցով նրանք գործում են, առաջիկա ընտրություններում ևս իշխանությունը հաջողություն կունենա։
– Նշեցիք, որ իշխանության հիմնական նպատակներից մեկը սահմանադրական փոփոխությունների իրականացումն է։ Ձեր գնահատմամբ՝ նոր ձևավորված Ազգային ժողովի կազմով իշխանությանը կհաջողվի՞ հասնել այդ նպատակին։ Նախորդ գումարման ընթացքում իշխանությունը նման մեծամասնություն չուներ։
– Ես արդեն ասացի՝ հաշվի առնելով իրենց գործելաոճը և այն մեթոդները, որ թքած ունեն ամեն ինչի վրա, կարծում եմ՝ այս հարցն էլ կլուծեն։ Գիտե՞ք՝ ամենացավալին որն է․ Արցախը հանձնեցին ու դրանից հետո էլ կարողացան քաղաքական առումով տակից դուրս գալ։ Սահմանադրական բարեփոխումն ի՞նչ է, որ չկարողանան իրականացնել և տակից դուրս չգան։
– Նախկինում Շիրակի մարզը Ազգային ժողովում ներկայացված էր չորս պատգամավորով՝ երկուսը իշխանական, երկուսը՝ ընդդիմադիր։ Այսօր արդեն ունենք վեց պատգամավոր՝ չորսը իշխանական թևից և երկուսը՝ ընդդիմադիր։ Ձեր կարծիքով՝ այս փոփոխությունն ի՞նչ կարող է տալ մարզին։
– Այս անգամ Ազգային ժողով է վերադարձել Նազելի Բաղդասարյանը, որը իրենց ծանր հրետանին է։ Շիրակի մարզից նաև Սարիկ Մինասյանն է վերադարձել՝ նախկինում «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող, իսկ այսօր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։Եթե անկեղծ, Սարիկ Մինասյանի մասով ես լուրջ գործունեություն չեմ էլ ակնկալում։Իհարկե, ունենք ընդդիմադիր պատգամավորներ ևս՝ Ռուբեն Մխիթարյանը, որը Գյումրիում է ապրում, և ես դրա համար ուրախ եմ։ Ունենք նաև Հայաստան դաշինքից Մեսրոպ Մանուկյանին, որը ծնունդով Ոսկեհասկից է։
– Դուք բավականին ակտիվ պատգամավոր էիք, հատկապես Շիրակի մարզի խնդիրների բարձրաձայնման հարցում։ Այսօր, երբ արդեն պատգամավոր չեք, ինչո՞վ եք զբաղվում։ Շարունակելո՞ւ եք ակտիվ քաղաքական գործունեությունը, թե՞ այս փուլում դադար եք վերցրել։
-Ես իմ գործունեությունը շարունակելու եմ։ Շարունակելու եմ անդրադառնալ մարզի բոլոր խնդիրներին, բարձրաձայնել դրանք և փորձել հնարավոր լուծումներ գտնել։Ես այն պատգամավորներից էի, որ նույնիսկ հրաժարվել էի Երևանում բնակարան ունենալու հնարավորությունից։ Գնում-գալիս էի Երևան և շարունակում էի ապրել մարզում, որովհետև կարծում էի, որ քաղաքացիների հետ մշտական, անմիջական կապը հենց այդպես է ավելի արդյունավետ ապահովվում։